Կառավարությունը նորից 100 մլն եվրո պարտք է վերցնում
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 100 մլն եվրո վարկ վերցնել։ Կառավարության վաղվա՝ նոյեմբերի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ներառված է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 100 մլն եվրոյի չափով վարկային պայմանագիր ստորագրելուն հավանություն տալու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Այս գումարը կառավարությունն ուղղելու է 2022 թվականի բյուջեի պակասուրդը լրացնելուն, որպեսզի կարողանան պետական բյուջեով նախատեսված ծախսերը ֆինանսավորել։ Մի կողմից ամենօրյա ռեժիմով իշխանությունը խոսում է տնտեսական բումի, բյուջեի հավաքագրումների գերակատարման մասին, ասում է, որ փող կա, չգիտեն որտեղ ծախսել, մյուս կողմից պետական պարտքն են ավելացնում՝ ահռելի չափի վարկեր վերցնելով։
Մենք զրուցեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ, սոցապ նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանի հետ: Նա անդրադառնալով այս հարցին, ասաց․
«Ֆինանսների նախարարներ են փոխվում, բայց նույն ձեռագիրն է։ Սա 2 բանի մասին է խոսում․ երկիրն այս ձախողակները, իրականում պարտքով են պահում, միակ բանը որ իրենք կայուն կերպով կարողանում են անել, և երկնիշ աճ ապահովել, պետական պարտքն է։ Մեր պետական պարտքը՝ և՛ արտաքին, և՛ ներքին, շեշտակի աճել է 2018-ից, վերջին տվյալներով արդեն 40 տոկոսով պետական պարտքն աճել է, 10 միլիարդ դոլարի են հասցրել։ Մեր երկրում ՀՆԱ-ն 1 շնչի հաշվով 2.5 հազար դոլար է, իրենք 1 շնչի հաշվով յուրաքանչյուրիս ուսերին ավելացրել են պարտքային բեռ` 1000 դոլարի չափով։ Եթե գանք Ձեր նկատառմանը, թե ինչո՞ւ է պարտքն ավելանում, եթե եկամուտներն ավելանում են, ապա այստեղ հիմնավորվում է այն օբյեկտիվ թեզը, որ այս տարվա տնտեսական բարձր ակտիվությունը՝ երկրորդ եռամսյակից սկսած, բացառապես և հիմնականում ռուս- ուկրաինական պատերազմի արդյունքում ենք մենք ունեցել։ Այդ արտաքին պատահական գործոնը որևէ առնչություն չունի այս ձախողակ իշխանությունների հետ, և իրենք շատ լավ գիտեն, որ այդ գործոնը ժամանակավոր բնույթ ունի, որովհետև այդ դրամական ներհոսքը կաճաժամկետ է, և այդ կոնֆլիկտի հաղթահարմանը զուգահեռ այդ գործոնը վերանալու է, և մենք ոչ թե վերադառնալու ենք նախորդ վիճակին, այլ ունենալու ենք լուրջ տնտեսական դժվարություններ, որովհետև այդ «տաք» փողերը ինչ արագությամբ որ ներհոսել են, նույն արագությամբ էլ արտահոսելու են, և առաջացնելու են տնտեսական լուրջ ցնցումներ, ինչն արտահայտվելու է թե՛ պետբյուջեի եկամուտների հավաքագրման խնդիրներով, թե՛ ընդհանրապես տնտեսական ակտիվության տեսանկյունից։ Դրա համար է, որ ունենալով այս տարի 14 տոկոս տնտեսական ակտիվություն, հաջորդ տարվա համար նույն պոպուլիստ կառավարությունը 7 տոկոս է կանխատեսել, իսկ Կենտրոնական բանկն ավելի իրատես է, և ավելի ցածր է կանխատեսել, մասնագիտական շրջանակներն ու միջազգային կառույցներն ավելի ցածր են կանխատեսում»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ այդ 100 միլիոն պարտքի ավելացմամբ Հայաստանը հատում է 10 միլիարդ պետական պարտքի շեմը՝ մակրոտնտեսական ռիսկեր ավելացնելով։
Շատ կարևոր է նաև այն արձանագրումը, որ այս իշխանություններն իրենց ձախողումներով տապալել են ոչ միայն մեր ներկան, մեր ընթացիկ խնդիրները, որոնք արտահայտվում են սոցիալական դաշտում աղքատության խորացմամբ, մարդկանց իրական եկամուտների նվազմամբ, կյանքի որակի նվազմամբ, արտագաղթով, այլև իրենք իրենց քանդարար ձեռքը մեկնել են մեր ապագային, այսինքն՝ իրենց այսօրվա վերցրած պետական պարտքը էապես նվազեցնելու է ապագա զարգացման մեր ներուժը, այսինքն՝ մեր երկրի կայուն զարգացումն են իրենք խարխլում, որովհետև այսօրվա պարտքը պիտի վաղը մարվի, և վաղվա արդյունքը, որով մենք կարող էինք կյանքի որակ բարելավել, մեր երկրի զարգացման ներուժը ավելացնել, պարտավորվելու ենք մարել այս ձախողակների այսօրվա վերցրած պարտքը»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ մեկ այլ հարց է, թե ավելացվող տնտեսական պարտքը ինչ նպատակով ու արդյունավետությամբ է ծախսվում․ «Դրա համար մի քանի ակնհայտ ցուցանիշ կա։ Այն ուղղությունները, որտեղ իրենք նախատեսում են կապիտալ ծախսեր, դա թերակատարվում է, իսկ իրենք ասում են, որ ենթակառուցվածքներ են զարգացնում ապագային միտված, դա ըստ էության թերակատարվում է, բայց վերցված պետական պարտքը ծախսվում է։ Իրենք սկզբից դնում են երկարաժամկետ նպատակ, վերցնում են պարտք, պարտքը ծախսում են, նպատակը թերակատարվում է»,- ասաց Ավետիսյանը։
Կարծիքներ