«Հրապարակ». Գրիգորյանը մեզ «նրբորեն» ուղղորդեց դեպի ԱԳՆ

«Հրապարակ». Գրիգորյանը մեզ «նրբորեն» ուղղորդեց դեպի ԱԳՆ

Մենք հարցեր էինք ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ կապված կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով ձեւավորված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների, դրանց արդյունքների հետ։ Այս հարցերին Մհեր Գրիգորյանը բավականին համապարփակ պատասխանել էր։ Հետաքրքրվել էինք նաեւ սահմանազատման հարցերով եռակողմ հանձնաժողովի ձեւավորման մասին, որի մասին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը։ 

Հարցրել էինք՝ հայկական կողմից ո՞վ է գլխավորելու մեր աշխատանքային խումբը։ Խնդրել էինք արձագանքել Խալաֆովի այն հայտարարությանը, թե պետք է լուծվի անկլավների հարցը, որի մեջ Տավուշի մարզի 7 գյուղեր եւ Տիգրանաշենը՝ Քյարքին, պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին։ Հարցրել էինք՝ արդյոք ՀՀ իշխանությունները նշյալ հայկական գյուղերը համարո՞ւմ են Ադրբեջանի տարածք։ Եվ դրան զուգահեռ՝ Հայաստանն ի՞նչ է ակնկալում ստանալ Ադրբեջանից։

Այս հարցերին փոխվարչապետի գրասենյակից սկզբում չէին պատասխանել՝ արձագանքել էին միայն հենց Մհեր Գրիգորյանի ուղղակի ֆունկցիաներից բխող հարցերին՝ եռակողմ աշխատանքային խմբի մասով։ Բայց խոստացել էին, որ ավելի ուշ կպատասխանեն մեր ուղարկած հարցերի մյուս մասին եւս։ Մենք ենթադրել էինք, որ վերոնշյալ  հարցերին պատասխանելու դժվարություն ունի պարոն Գրիգորյանը՝ պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով․ գուցե չի ցանկանում իր վրա ուղիղ պատասխանատվություն վերցնել եւ հայտարարել՝ այո, Տավուշի մարզի 7 գյուղերը, որոնց մասին հիշատակել է ադրբեջանցի պաշտոնյան, ադրբեջանական գյուղեր են, եւ ՀՀ իշխանությունները պատրաստվում են դրանք եւս, Գորիս-Կապան մայրուղու նման, հանձնել Ադրբեջանին։ Կամ՝ Մհեր Գրիգորյանը գուցե դեռ չունի համապարփակ տեղեկատվություն այս մասով, թե ինչպիսին է լինելու Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ Ադրբեջանի առաջ քաշած պահանջների հետ կապված, եւ ինչ ենք մենք ակնկալելու նրանցից այս տարածքների հանձնման դիմաց։

Սակայն երկու օր մտածելուց հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից  պատասխանեցին՝ ասելով ընդամենը հետեւյալը․

«Չենք կարծում, որ ՀՀ փոխվարչապետը պետք է արձագանքի Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի այդ հայտարարությանը: Այնուամենայնիվ, խնդրում ենք բարձրացված հարցերի մասով հետեւել հայաստանյան պաշտոնական տեղեկատվությանը»:

Ակնհայտ է, որ Մհեր Գրիգորյանը նրբորեն, առանց անուն նշելու, հարցը տեղափոխել է արտաքին գործերի նախարարության տիրույթ՝ մեզ «ուղղորդելով» այս հարցերի պատասխանները ստանալ ԱԳՆ-ից, որը նախօրեին լրատվամիջոցներից մեկին մեկտողանոց՝ ոչինչ չասող մի պատասխան էր հղել։ Սրանով փոխվարչապետը փորձել է ազատել իրեն այս ծանր թեմային արձագանքելու պատասխանատվությունից՝ խնդրելով հետեւել պաշտոնական տեղեկատվությանը։

Պարզապես այս դեպքում հարց է առաջանում՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի պատասխանը ՀՀ պաշտոնական տեղեկատվության մաս չի՞ կազմում, այն էլ այնպիսի փոխվարչապետի, որն այս պահին փաստացի ներկայացնում է Հայաստանը կոմունիկացիաների բացման հարցերով ստեղծված եռակողմ հանձնաժողովը եւ պատասխանատու է դրա աշխատանքների ու գրանցված արդյունքների համար։ Ի վերջո, մենք այս հարցերով ակնկալում էինք ստանալ Մհեր Գրիգորյանի, ոչ թե, ասենք, առողջապահության, շրջակա միջավայրի նախարարի կամ թեկուզ մյուս՝ ոչ արտաքին բլոկով զբաղվող փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի պաշտոնական տեսակետը։

Սա վկայում է այն մասին, որ կառավարությունում մեկ մարդ է որոշում Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգը, եւ առանց նրա իմացության ու հանձնարարության՝ ուրիշ ոչ մի պաշտոնյա, այդ թվում՝ անգամ ԱԳ նախարարը, չի կարող պաշտոնական տեսակետ հայտնել ընդհանուր քաղաքականության վերաբերյալ՝ բացի իրեն առնչվող նեղ ոլորտային հարցերից։ Գուցե անգամ այս կառավարության անդամները տեղեկացված չեն, թե ինչ է բանակցվում, եւ ինչ վտանգներ են կախված մեր երկրի գլխին։