Բեւեռի կարգախոսների շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն են

Բեւեռի կարգախոսների շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն են

Հայաստանի ներքաղաքական կյանքը վաղուց դարձել է միջազգային հարաբերությունների բաղկացուցիչ մասը։ Մեր ներքին խնդիրները փոխկապակցված են աշխարհաքաղաքական գործընթացներին և այդ առումով ներքաղաքական կյանքում «խաղացողների» քայլերը պետք է համադրվեն արտաքին ուժերի ծրագրերի հետ, հատկապես, երբ շատ քաղաքական կազմակերպությունների ֆինանսական հոսքերը թափանցիկ չեն։ 

Եթե կարճ ձևակերպենք, ապա այս կամ այն քաղաքական սուբյեկտի գործունեության գնահատման համար կա մի գլխավոր հարց, որին պատասխանելով միայն կարող ենք գնահատել այդ կազմակերպության հիմնական շահառուին․ ո՞ւմ է ձեռնտու նրանց կարգախոսներն ու քայլերը։
Դիտարկենք Ազգային Ժողովրդավարական Բևեռի (Սասնա Ծռերի) վերջին տարիների քաղաքական տրամաբանությունն ու փորձենք հասկանալ դրանց շահառուներին։

Այդ կարգախոսներն են եղել․
 • Հայաստանից դուրս բերել Ռուսական ռազմաբազան ու սահմանպահներին ( ակնհայտ է, որ դրա ակնառու շահառուները Թուրքիան ու Ադրբեջանն են, ինչը ցոյց տվեց Արցախյան երկրորդ պատերազմը),

• «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսի իմաստն, ըստ հեղինակների բացատրության (Նախախորհրդարանի, որը հետագայում անվանակոչվեց Սասնա Ծռեր, իսկ հետագայում՝ Ազգային Ժողովրդավարական Բևեռի) հետևյալն էր, 2015 թվականի Ապրիլի 24-ին, օգտվելով բազմամարդ երթից, բարձրացնել ապստամբություն ու իրականացնել իշխանափոխություն։ Միջազգային հնչեղություն ունեցող այդ օրը, որին ներկա էին մի շարք պետությունների ղեկավարներ, իսկ միջացառումները հեռարձակվում էին միջազգային գլխավոր հեռուստաընկերություններով, խժդժությունների կազմակերպումն ակնհայտորեն ձեռնտու էր Թուրքիային ու Ադրբեջանին։

• Մյուս գործողությունը դեպի Արցախ կազմակերպված ավտոերթն էր (որը պատերազմական գոտում գտնվող հատուկ տարածք էր), նպատակը Ստեփանակերտում կազմակերպվելիք բողոքի ցույցն էր, քաղաքական վիճակի ապակայունացման ռիսկերով։ Բնականաբար, սահմանին նրանց թույլ չտվեցին մուտք գործել Արցախը, որի ընթացքում տեղի ունեցան բախումներ։ Իսկ դրա արդյունքում որոշ  շրջանակներ հակաարցախյան տրամադրություններ սկսեցին տարածել։ Դարձյալ ակնհայտ է, որ Հայաստանում հակաարցախյան տրամադրությունների, կամ Արցախի ապակայունացման հիմնական շահառուները Թուրքիան ու Ադրբեջանն էին։

• Հաջորդ թեզը «Արցախը Հայաստանի մասն է» կարգախոսն էր, որի ժամանակ տապալվում էին Արցախ մտնող ցուցանակները ևնմանատիպ այլ ակցիաներ էին արվում։ Պարզ է, որ եթե Արցախը հայտարարվեր Հայաստանի մարզ, ապա տապալվում էր բանակցությունների գործընթացը և Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքերը ազատվելու էին պատերազ սկսելու համար, ինչը հետագայում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստանն է ու վերջ» հայտարարությունից հետը։ Ադրբեջանը մինչ օրս հայտարարում է, որ այդ խոսքերն էին պատերազմ սկսելու պատճառը։ Նույնպես ակնհայտ է, որ Ծռերի այդ թեզի հիմնական շահառուն դարձյալ Ադրբեջանն ու Թուրքիան էին։

• Ծռերի այսօրվա թեզը նույնպես պրոադրբեջանական ու պրոթուրքական է։ Նրանք պահանջում են, որ ռուսական զորքը դուրս բերվեն Արցախից ու Հայաստանից, առանց բացատրելու, թե ով է երաշխավորելու Արցախում մնացած բնակչության անվտանգությունն ու նույնը կարելի է ասել արդեն Սյունիքի համար։ Տարօրինակ զուգադիպությամբ, նման պահանջը գնալով ավելի է բարձր հնչում Ադրբեջանում ու Թուրքիայում։

Բնության մեջ, ինչպես քաղաքականության մեջ, լինում են պատահականություններ ու սխալներ, սակայն երբ այդ սխալներն արդեն օրինաչափություն են դառնում, ձեռք են բերում որակ, պետք է եզրակացնել, որ մենք ոչ թե «սխալների» ու «հիմարությունների» հետ գործ ունենք, այլ տարվում է հստակ քաղաքականություն, որը «տարօրինակ» զուգադիպությամբ միշտ համընկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի հետ։

Համլետ Գրիգորյան