Հասարակություն

Փոխանակ զինվորին գովաբանենք, ոստիկանին ենք գովաբանում

Փոխանակ զինվորին գովաբանենք, ոստիկանին ենք գովաբանում

«Սովետի տարիներին ովքեր ուզում էին կարիերայում առաջընթաց ունենալ, Կոմկուսի շարքերն էին անցնում: Ոստիկանության տեղամասային մի տեսուչ կար, եկել էր Էջմիածնի շրջկոմ՝ կոմունիստ դառնալու համար հարցազրույց անցնելու: Շրջկոմի քարտուղար Սեդրակ Մխիթարյանը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է ոստիկան դարձել եւ ինչո՞ւ է ուզում կուսակցության շարքերն անցնել: Էս ոստիկանն էլ, թե՝ մանկությանս երազանքն եմ իրականացնում: Մխիթարյանն այդ կեղծիքին չդիմանալով՝ ոստիկանին դուրս է հրավիրում… Այսինքն, դեռ սովետի թվերին բարոյական նորմեր էին գործում, քծնանքը չէր ընդունվում: Իսկ հիմա երեխային, շարադրության անվան տակ, շողոքորթել են սովորեցնում»,- խոսելով հանրակրթական դպրոցներում հանձնարարված՝ «Ոստիկանի մասնագիտությունը՝ իմ պատկերացմամբ» մրցույթ-շարադրության մասին, ասում է մանկավարժ, մասնագիտական մի շարք գրքերի հեղինակ Ռոբերտ Ավանեսյանը:

Վաստակաշատ ուսուցչին զարմացրել է թեման, որ հանձնարարվել է Հայաստանի բոլոր դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտներին: «Այդ տարիքի երեխան ի՞նչ առնչություն պետք է ունենա ոստիկանի հետ, ինչո՞ւ պետք է նրան ճանաչի, որ շարադրություն էլ գրի: Պարզ չէ՞, որ ծնողն է գրելու, նա էլ շողոքորթելու է, սուտ ու կեղծ բաներ է գրելու, քանի որ լավագույն շարադրությունն ընտրելու են ոստիկանները՝ մանկավարժական խորհրդի հետ միասին»:

Ռոբերտ Ավանեսյանը կարծում է, որ, լավագույն դեպքում, այդ թեմայով կարող են գրել ոստիկանությունում հաշվառման կանգնած երեխաները կամ պարզապես նրանք, ովքեր այդ ոլորտում ծառայող մերձավորներ ունեն: «Նպատակը չեմ հասկանում. եթե ուզում են երեխայի միտքը ծառայեցնել ոստիկանի հեղինակության բարձրացմանը, ապա սխալ ճանապարհ են ընտրել, որովհետեւ ոստիկանի հեղինակությունը ոստիկանն ինքը պետք է բարձրացնի, որ շարադրություն գրող երեխան իր տողերում չվերլուծի խաղաղ ցուցարար ծեծող ոստիկանի կերպարը»:
Մանկավարժն առաջարկում է ոչ թե ոստիկանի, այլ զինվորի գովքն անել. ի մի բերել հարյուրավոր անմահացածների կենսագրությունը, առանձնացնել հերոսական դրվագները, հանրայնացնել ու առաջարկել երեխաներին՝ ընտրել նրանցից ցանկացածին եւ շարադրություն գրել իրակա՛ն հերոսի մասին: 

«Իսկ եթե թեմայի համար ընտրել են ուղղակի մասնագիտություն, ապա ինչո՞ւ կանգ չեն առել բժշկի մասնագիտության վրա, ով պատերազմի ժամանակ իր աշխատանքով կյանքեր էր փրկում: Ինչո՞ւ չի ընտրվել ուսուցիչը, ում կրթած սաները սխրանքներ են գործել ռազմաճակատում, կամ՝ հացթուխը, որ գիշերը չի քնում՝ առավոտյան թարմ հաց հասցնելու համար»: 

Ռոբերտ Ավանեսյանը ենթադրում է, որ միջին դպրոցում ոստիկանի քարոզն անելով՝ փորձում են երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել այդ ծառայության նկատմամբ: Նրա կարծիքով՝ ուզում են ոստիկանական պետություն ստեղծել՝ կարեւոր արժեքներ դուրս մղելու հաշվին: Ասում է՝ փոխանակ մտածենք երկրի անվտանգության մասին, զինենք ու ամրապնդենք բանակը, կենտրոնացել ենք պարեկային ծառայության վրա: 

«Կարեւորը ներսի՞, թե՞ սահմանի անվտանգությունն է: Երկիրը պահող պայմանագրային զինվորին տալիս ենք 150-200 հազար դրամ աշխատավարձ, իսկ պարեկային ծառայության աշխատողին՝ 300 հազարից ավելի։ Դրա ճիշտը ո՞րն է: Դրա համար էլ ուսուցիչներից շատերն ուզում են ոստիկան դառնալ: Եվ ցավալին այն է, որ այդ մասին հայտարարում է երկրի վարչապետն ու ծիծաղում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image