ՊԵԿ նախագահին մեղադրում են հովանավորչության մեջ

ՊԵԿ նախագահին մեղադրում են հովանավորչության մեջ

«Պանտերա Դյութի ֆրի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանը մեղադրում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ «Դյութի ֆրի մարկետ» ռուսական ընկերության շահերը կառավարությունում անցկացնելու համար։ Այս ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ Բագրատաշենում եւ Բավրայում անմաքս առեւտրի կետեր՝ «դյութի ֆրիներ» բացելու իրավունք ստանալու համար, եւ ՊԵԿ նախագահը, ըստ Դարբինյանի, ամեն ինչ անում է, որպեսզի ռուսական ընկերությունը հասնի իր նպատակին։ 

Անցյալ շաբաթ կառավարության նիստում ՊԵԿ նախագահն այս հարցը բարձրացրեց գործադիրի նիստի ժամանակ։ Նա բերել էր կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Աշոցք եւ Բագրատաշեն համայնքների՝ պետական սեփականություն հանդիսացող հողը 49 տարով եւ կառուցապատման իրավունքով վարձակալության հանձնել «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ընկերությանը։ Անանյանն իր ելույթում ասաց, որ այս ՍՊԸ-ն, որը հանդիսանում է ՌԴ «Դյութի ֆրի մարկետ» ընկերության դուստր ձեռնարկությունը, ռուսական տարբեր քաղաքներում անմաքս առեւտրի գոտիներ ունի, Ռիգայի, Կլայպեդայի եւ այլ նավահանգիստներում տեղակայված խանութներին ապրանքներ է մատակարարում։ Տեղեկանքի կարգով հայտնենք, որ «Դյութի ֆրի մարկետ» ընկերությունը, որը կառավարության նիստում գովազդում էր ՊԵԿ նախագահը, ՌԴ-ում գրանցված փոքր առեւտրային կազմակերպություն է, որը գործում է 2011 թվականից եւ ունի ընդամենը 28 աշխատակից։ Անանյանը ներկայացրեց, որ ընկերությունը 4 մլն եվրո է պատրաստվում ներդնել, 150-ից ավելի աշխատատեղեր բացել։ 

Իհարկե, հասկանալի չէ, թե ինչ են անելու այսքան աշխատողները Բագրատաշենում, որտեղ առանց այդ էլ շուկա կա, եւ մանավանդ՝ առեւտրի տեսանկյունից «մեռյալ գոտի» հանդիսացող Բավրայում։ Բայց կարեւորը, որ ՊԵԿ նախագահը հասկանում է ու ներկայացնում ռուսական ընկերությանը որպես փայլուն գործընկեր պետության համար։ «Ընկերությունը դիմել է մեզ 2019 թվականի հունիսին, եղել է միակ ընկերությունը՝ նման առաջարկ ներկայացնող։ Կառավարության որոշման նախագծում համայնքի ղեկավարներին առաջարկվում է առանց մրցույթի տրամադրել, քանի որ դիմելու պահին եղել է միայն այս կազմակերպությունը»,- ասաց Դավիթ Անանյանը։ Նիկոլ Փաշինյանը չընդունեց նրա փաստարկները եւ «ստոպ» տվեց նախագիծը, ասելով, որ չի հասկանում, թե ինչու պետք է «դյութի ֆրի» բացելու իրավունք տա հենց այս ընկերությանը, առանց մրցույթի, մանավանդ որ, ինչպես հայտարարեց Անանյանը, նրանից հետո եղել են եւս 3 ընկերություններ, որոնք դիմել են նույն խնդրանքով։ 

Վահե Դարբինյանը վստահեցնում է, որ իր «Պանտերա Դյութի ֆրի» կազմակերպությունը «Դյութի ֆրի մարկետ Արմենիա»-ից մեկ տարով ավելի շուտ՝ 2018 թվականի ապրիլին է դիմել ՊԵԿ նախագահին երկու տեղերում՝ Մեղրիի ու Գոգավանի մաքսային կետ-բաժինների հողատարածքներում անմաքս խանութների կառուցման նպատակով հողահատկացման համաձայնություն եւ թույլտվություն ստանալու համար, սակայն երկու տարի նրա նամակներին չեն պատասխանել կամ ուղարկել են ոչինչ չասող ձեւական պատասխան։ 

«Հարցն այն է, որ Անանյանն ինձ հատուկ դուրս է մղում շուկայից, որ իր մարդուն մտցնի։ Ես դիմել եմ ՊԵԿ 2018-ի ապրիլին, խնդրել եմ, որ ինձ գործունեության լիցենզիա տան, բայց 2 տարի սպասելուց հետո  մի տասը օր առաջ պատասխան եմ ստանում, որ այս ֆիրման է առաջինը դիմել, դրա համար նրան ենք տալու։ Ես պահանջում եմ ՊԵԿ նախագահի հրաժարականը, քանի որ նա պրոտեկցիոնիզմով է զբաղված։ Երբ որ ես դիմեցի, դեռ ոչ ոք չէր դիմել, նա այնքան ձգձգեց հարցը, որ դիմողները դարձան 3-4 հոգի»,- ասում է Վահե Դարբինյանը։ Նա վստահ է, որ ռուսական «ճ» կլասի ընկերությանը հայկական շուկա մտցնելուց հետո նրան թույլ կտան նաեւ Մեղրու ու Գոգավանի կետերում անմաքս առեւտրով զբաղվել։

Վահե Դարբինյանը Մեղրիում եւ Գոգավանում ազատ առեւտրի խանութներ բացելու համար պատրաստվում է 2 մլն դոլար բերել։ «Այդ ներդրումն անելու էր մեր գործընկերը՝ «դյութի ֆրիների» միջազգային շուկայում հայտնի «Global Duty Free» կորպորացիան, որը շատ ավելի բարձր վարկանիշ ունի Յարոսլավլի ընկերության համեմատ։ Նա երրորդ կամ չորրորդ տեղում է միջազգային շուկայում։ Բայց մերոնք այնքան են ձգձգում, որ այս մարդիկ հիասթափվում են»։ «Պանտերայի» տերը  չի հասկանում, թե ինչ են անելու 160 աշխատող 2 խանութում։ «Ես գրել եմ 50-60 հոգի, ներառյալ սպասարկող անձնակազմը՝ առաքիչները, մեքենա լվացողները եւ այլն։ Նա ակնհայտ խաբեությամբ ուզում է այդ ընկերությանը մտցնել հայկական շուկա»,- ասում է Դարբինյանը։ Վստահ է, որ 4 մլն դոլարը չափազանցված թիվ է, իրականում «դյութի ֆրիներ» Հայաստանի սահմանակետերում կարելի է բացել 3 անգամ ավելի փոքր գումարով։ Հնարավո՞ր է, որ ձեր դեմ աշխատել է «նախկինների» հետ կապը՝ հարցրեցինք Դարբինյանին։ ՀՀԿ իշխանության ժամանակ նա հիմնել էր «Պանտերա» անվտանգության ծառայությունը, որտեղ հեղափոխությունից անմիջապես հետո ստուգումներ սկսեց հարկայինը։ Դարբինյանին կապում են Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Սարգսյանի հետ, թե, իբր, Վաչոյի աջակցությամբ է բիզնես արել։ «Ես Վաչե Սարգսյանին ճանաչում եմ, մենք ընկերներ ենք, բայց եթե դա ճիշտ լիներ, ապա իմ «Պանտերա» ընկերությունն առաջնային դիրքերում կլիներ շուկայում, համաձայն չե՞ք։  Մինչդեռ դա երբեք այդպես չի եղել։ Եղել են ու կան շատ ավելի հզոր ընկերություններ անվտանգության բիզնեսում»,- պատասխանեց Դարբինյանը։ 

ՀԳ․ ՊԵԿ-ին մի քանի օր առաջ դիմել էինք հարցումով, խնդրել էինք պատասխանել Վահե Դարբինյանի ներկայացրած փաստարկներին։ Պատասխանը դեռ չենք ստացել։