«Հրապարակ». Ի՞նչ են ուզում նոր քաղաքացիական շարժումները-1
Քաղաքացիական նախաձեռնություններն ի հայտ են գալիս, երբ ինչ-ինչ գործոնների ազդեցության տակ հասարակությունն ակտիվանում է։ Մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը ամենահայտնի նախաձեռնություններն էին Մաշտոցի պուրակի ոչնչացման, հոսանքի ու տրանսպորտի թանկացման, կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկող շարժումները, որոնք բողոքի ու ընդվզման դաշտ էին ձեւավորում, բայց հիմնականում ապաքաղաքական էին։ 2018 թվականից հետո նոր շարժումներ ստեղծվեցին․ «Հայաքվե», «Բաբոն տեր ա», «Միասին», «Բռունցքդ բեր», «Տավուշը հանուն հայրենիքի», «Մարտական եղբայրություն», «Հայաստանը ես եմ», «Զանգ», որոնք, ի տարբերություն հների, քաղաքական պահանջներով են հանդես գալիս։ Նրանք հստակ արտացոլում են նախկին-ներկա հրապարակային հակամարտությունը, որն իր հետ բերեց 18 թվականը։
«Հայաքվեն» դեռ շնչում է
«Մենք վերահաստատում ենք նվիրվածությունն Արցախի ազատության, հայ ժողովրդի միասնության հիմնարար գաղափարին, խստորեն դատապարտում ենք ՀՀ գործող վարչախմբի՝ Արցախից հրաժարվելու եւ այն ՀՀ ինքնիշխանությանը հակադրելու ստահոդ քաղաքականությունը»,- ասված է «Հայաքվե» շարժման խորհրդի վերջին հայտարարություններից մեկում։
Այս շարժումը սկիզբ առավ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաքից։ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվեց 58 հազար, բայց ԱԺ-ն անցյալ տարվա դեկտեմբերին մերժեց Արցախն այլ պետության կազմում ճանաչելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար 10-15 տարվա ազատազրկում սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Ի սկզբանե պարզ էր, որ խորհրդարանական մեծամասնությունն այն չի ընդունելու, համարելու է պայքար ոչ թե Արցախի, այլ իշխանության համար։ Մարդիկ, որոնք հույսով գնում էին ստորագրահավաքի, հերթական անգամ զգացին պարտության համը, իսկ «Հայաքվեն» հաղթեց Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ՝ արժանանալով «Տարվա լավագույն PR նախագիծ» մրցանակին:
Ի՞նչ է անում «Հայաքվեն» հիմա, ի՞նչ ծրագրեր ունի։ Այս մասին լիարժեք պատկերացում կստանանք սեպտեմբերի 20-ին։ Այդ օրը նախաձեռնությունը մամուլի ասուլիս է հրավիրել։ 23 թվականի դեկտեմբերից հետո շարժումն աստիճանաբար մարում է, ճի՞շտ է այդ տպավորությունը։ «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը համաձայն չէ իմ այս տեսակետի հետ։ «Այս ընթացքում նախաձեռնություններ եղել են, Սրբազան պայքարին առաջինը մենք ենք միացել, իրենց հետ քայլելով եկել եմ, ես հիմա չեմ կարող բոլորը թվարկել, բայց ամսի 20-ին բոլորը կհայտարարենք»։
Արամ Պետրոսյանը ներկայիս քաղաքական պահը բնորոշում է որպես «խայտառակ վատ»։ «Ակնհայտ է, որ ինչ-որ շատ վատ բան է նախաձեռնվում Հայաստանի դեմ, մեր իշխանությունն էլ կետ առ կետ կատարում է Ալիեւի պահանջները, Ալեն Սիմոնյանի երեկվա ելույթը՝ դրա ապացույցը, երբ նա ասաց, որ Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի։ Իմ անձնական կանխատեսումը տագնապալի է՝ Իրանը մի կողմից անընդհատ ժամը մեկ հայտարարում է, որ Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են, նշանակում է, ինչ-որ բան է կատարվում, սրանք ինչ-որ անընդհատ կուրս են փոխում՝ Ամերիկա-Ռուսաստան, լուրերը, որ հետ են կանչում Հայաստանի ստորագրությունը Պուտինի կալանավորումը սահմանող փաստաթղթի տակ։ Այսինքն՝ պարզ է, որ տուժելու ենք ես ու դուք, մեր երկիրը, իրենք ո՛չ երկիր ունեն, ո՛չ հայրենիք, ու էս ամենը մեր գլխին է ջարդվելու»։
«Հայաքվեին» սկզբում շատ էին անդամագրվում, հիմա չկա այդ ակտիվությունը, ինչի հետ Արամ Պետրոսյանը կրկին համաձայն չէ։ Ասում է, որ երեկ անձամբ երեք քաղաքացի է ընդունել՝ սոցիալական հարցերով։ «Աջակցում են, զանգում են, օգնում են, հարցնում են՝ ինչ է պետք անել, գալիս են գրասենյակ։ Մեծ պլաններ ունենք, որոնք կհայտարարենք»,- ասաց նա։
«Միասին»-ն արմատական ընդդիմություն է
Մեծ պլաններ ունի նաեւ «Միասին» շարժումը, որն ինտելեկտուալների միավորում է՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, բանասիրության դոցենտ Նարինե Դիլբարյան, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան, որը, կարելի է ասել, ձեւավորվեց 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը չի պաշտպանելու Արցախը։ Մինչ այդ նախաձեռնությունն Աղավնոյում Բերձորի պաշտպանության ակցիաներ էր կազմակերպում։
«Ինչ-որ շրջան փորձում էինք ծրագրեր առաջարկել իշխանություններին, բայց դա փակուղի էր։ Շարժումը սկսվեց, երբ հասկացանք, որ մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը պարտվողական է։ Փորձեցինք դիմել խորհրդարանական ֆրակցիաներին, ոչինչ չստացվեց, եւ դրանից հետո հասանք վարչապետի հրաժարականի պահանջներին։ Հանդիսանալով ընդդիմադիր՝ մենք փորձում էինք սկզբում առաջարկներով առաջ գնալ, առանց հեռացման պահանջներ ներկայացնելու, բայց արդեն 2023 թվականի հոկտեմբերի վերջին, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, պահանջեցինք նրա հրաժարականը, եւ որ ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը, եթե այդպիսին կար, չեղարկեն նոյեմբերի 9-ի հայտարարությունը», - հիշում է Նարինե Դիլբարյանը։
Հետագայում «Միասին» շարժումն աջակցեց Բագրատ սրբազանի պայքարին՝ միանալով ընդդիմության ընդհանուր ճակատին։
Հինգշաբթի օրն ակցիա կազմակերպեցին` ի պաշտպանություն Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի։ «Կառավարությունը պարտավոր է միլիոնից ավելի Ադրբեջանից բռնի տեղահանված եւ ցեղասպանություն վերապրած փախստականների վերադարձի իրավունքը հարգել»։ «Միասին»-ն առաջինն է կապ հաստատել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, ով, ինչպես հայտնի է, այսօր ժամանելու է Հայաստան եւ հանդիպելու է տարբեր գործիչների եւ հանրային շարժումների ներկայացուցիչների հետ։ «Գերիների վերադարձի, Բերձորի միջանցքի բացումը եղել է մեր օրակարգում, եւ հիմա էլ ակտիվ պայքարում ենք, քանի որ նա իրավունք չունի անկլավները հանձնելու։ Չգիտեմ, ինչ «միջանցքային» տրամաբանություն է իշխում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի վրա հղումներ են կատարում, ասվում է ընդամենը ճանապարհների բացման մասին»,- ասում է Նարինե Դիլբարյանը։
ՀՀ արտգործնախարարը երեկ Լյուքսեմբուրգում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով է համաձայնեցված, Փաշինյանն ասում է՝ 80 տոկոսով, բայց, փաստորեն, ո՛չ գերիների պահանջ է դրվել, ո՛չ արցախցիների վերադարձի, սա կարո՞ղ ենք համարել հստակ փաստ։ «Իհարկե։ Նրանք դա գցում են ռուսների գրպանը»։ Դուք կո՞ղմ եք, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ։ «Այո, մենք նշել ենք, որ եթե այսպես է շարունակվելու, եւ ոչինչ չի արվում, ապա, այո, անիմաստ է մեր մնալը նոյեմբերի 9-ի համաձայնագրում, եթե դու, որպես իշխանություն, չես բարձրացնում մնացած կետերի հարցը։ Մենք գտնում ենք, որ Իրանի ներկայիս դիրքորոշման հետ կապված՝ պետք է բոլոր հարցերը բարձրացնել։ Եթե այդ փաստաթուղթը մնա, արցախցիները պետք է վերադառնան, Բերձորի միջանցքը պետք է գործի, եւ այն իսկապես պետք է լինի միջանցք, ու այնտեղ չպետք է լինի ադրբեջանական անցակետ»։ «Միասին»-ն ակցիաներ է նախապատրաստում՝ կապված սահմանազատումների հետ։ «Կիրանցում սահմանազատում արեցին, ու նոր երկու շաբաթ առաջ իրենք որոշել են ուղարկել ՍԴ ու նախագահին ինչ-որ կանոնադրություն՝ սահմանագծում-սահմանազատում անելու, որի մասին Նիկոլը ոչ մի հստակ բան չասաց, միայն Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ուղեցույցին համապատասխանում է։ Եթե այդպես է, եթե դուք հիմա եք ընդունում այդ կանոնադրությունը, նշանակում է՝ Կիրանցում եւ Ոսկեպարում, Տավուշում կատարված սահմանազատումներն իրավական ուժ չունեն»,- ասում է Նարինե Դիլբարյանը՝ ներկայացնելով «Միասին» շարժման առաջիկա քայլերը եւ շեշտելով՝ «Միասին»-ն արմատական ընդդիմություն է։
Սեպտեմբերի 22-ին «Միասին»-ը մասնակցելու է Բագրատ սրբազանի հրավիրած հանրաքվեին, բայց եթե շարունակեն ֆուտբոլ խաղալ ու բարոյախրատական ճառեր կարդալ, շարժումը կմտածի ինքնուրույն հանդես գալու մասին։
Շարունակելի
Կարծիքներ