Քաղաքականություն

«Հրապարակ». Եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, Հայաստանը կդառնա՞ կրոնապետություն

«Հրապարակ». Եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, Հայաստանը կդառնա՞ կրոնապետություն

Տեսնելով, որ Բագրատ սրբազանին որեւէ կերպ չեն կարողանում կարգել ՌԴ գործակալ, Քոչարյանի պրոյեկտ, իշխանամերձ շրջանակները նոր թեզ են առաջ քաշել․ սրբազանը «կղերաֆեոդալական» շարժում է սկսել, ուզում է գալ իշխանության, որի պարագայում Հայաստանը կդառնա աստվածապետություն, այսինքն՝ թեոկրատական երկիր, ինչպիսին Իրանի Իսալամական Հանրապետությունն է։ Նախ նշենք, որ աշխարհում չկան քրիստոնեական թեոկրատական երկրներ, անգամ Հռոմի պապի նստավայր, քաղաք-պետություն Վատիկանը թեոկրատական երկիր չէ, այնտեղ եւս կան օրենսդիր, գործադիր, դատական իշխանություններ, որոնք բնորոշ են դեմոկրատական երկրներին, իսկ Իրանի պարագան այլ է․ նախ, պետությունը ղեկավարվում է Սուրբ գրքի` Ղուրանի հիման վրա, այլ ոչ թե սահմանադրության, այսինքն՝ կրոնական կանոններով, իսկ երկրի պետական կրոնն իսլամն է։ Չկա իշխանությունների տարանջատում, անգամ դատական իշխանությունն է հոգեւորականների ձեռքին։

Իրավաբան Վահե Գրիգորյանը մեզ հետ զրույցում եւս նշեց, որ Բագրատ սրբազանի՝ վարչապետ դառնալով Հայաստանը որեւէ պարագայում կրոնապետություն չի դառնում։ «Նախ, թեոկրատիայի համար պարտադիր է, որ մի կրոն հռչակվի որպես պետական կրոն, եւ մյուս կրոնները եթե ոչ արգելել, ապա նրանց չպետք է տալ ազատություններ։ Հոգեւորականի՝ երկրի ղեկավար դառնալը որեւէ կերպ չի նշանակում կառավարման մոդելի անցում դեպի թեոկրատական մոդելի։ Սա միանշանակ է։ Ուղղակի անձինք, որոնք երբեք չեն առնչվել իրավաբանության հետ, սովոր են տարածել մանիպուլյացիաներ կամ անգրագետ, ոչ փաստարկված տեքստեր»,- ասաց Գրիգորյանը։

Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանն էլ հետեւյալ կարծիքը հայտնեց․ «Այս շարժումը սկսվել է աշխարհիկ պետությունում՝ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները ոտնահարելու պատճառով, նույն այդ իրավապաշտպանների, իմ, ձեր եւ մնացած բոլորի։ Խոսքն այն մասին է, որ Տավուշից տարածքներ են տրվում առանց հանրաքվեի, առանց խորհրդարանների համաձայնության, ուղղակի մի անձը որոշել է, որ պետք է իրենով, հիմք չունեցող հռչակագրով (Ալմա-Աթայի) ու որեւէ հիմք չունեցող քարտեզներով, ուժի սպառնալիքի տակ սահմանագծում ու սահմանազատում անել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը թե՛ սփոփում էր իր հոտին եւ թե՛ դուրս եկավ ժողովրդի ու եկեղեցու սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար։ Այսինքն՝ այս շարժումն իրավական պետության տապալման, ոտնահարելու դեմ է»։

Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ թեոկրատիան այն է, երբ կրոնական կանոնակարգով է ղեկավարվում երկիրը, այլ ոչ թե՝ երբ երկրի ղեկավարը հոգեւորական է․ «Թեոկրատիա՝ նշանակում է կրոնավորների իշխանական համակարգ, որտեղ միջանձնային հարաբերությունները, պետություն-մարդ, պետություն-քաղաքացի հարաբերությունները կարգավորում է ոչ թե օրենսդրությունը, այլ տվյալ կրոնի կանոնական համակարգը, օրինակ՝ իսլամի պարագայում՝ շարիաթը, Հայաստանի պարագայում կարող է լինել եկեղեցական կանոնադրությունը, մեր ունեցած բոլոր թղթերը, որոնք մեր միջանձնային հարաբերությունների, մեր բարոյական հարաբերությունների մեջ անգնահատելի դեր են կատարում։ Կրոնապետություն է, երբ իշխանության ձեւավորման աղբյուրը կրոնական կազմակերպությունն է, դա է թեոկրատիան եւ ոչ թե այն, որ մարդը հոգեւոր ծառայություն է իրականացնում եւ հանգամանքների բերումով` ստիպված, քանի որ քաղաքական դաշտը վատ վիճակում է, ուժային կառույցները պարապուրդի են մատնված, եւ երկրի հողերի նվիրատվությունը կանխել չեն կարողանում, 1700-ամյա կառույցի ներկայացուցիչն է մտել պայքարի մեջ։ Դա, բնականաբար, չի նշանակում թեոկրատիա»։

Վաստակավոր իրավաբան, ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ Գագիկ Համբարձումյանն էլ դիպուկ օրինակով պատասխանեց այս հարցին․ «Այդ ասողները․․․, կարող եք ընտրել ցանկացած բացասական ձեւակերպում՝ դրանց բնութագրելու համար, ով ասում է՝ եթե սրբազանը դառնա վարչապետ, Հայաստանը կդառնա կրոնապետություն, կա՛մ անասուն են, կա՛մ ապուշ, իսկ ավելի շատ՝ թշնամի, Հայաստանի ապագան տեսնել չցանկացող։ Ինչի՞ մասին է խոսքը․ եթե մի դերասան, մի մայմուն դառնում է պետության ղեկավար, այդ երկիրը դառնում է մայմունությո՞ւն։ Ունենք դրա ե՛ւ դրական օրինակը, երբ Ռեյգանն իր երկիրը հզորացրեց, ունենք Զելենսկի՝ մի կապիկ: Կամ՝ մենք ունեցել ենք Երեւանի քաղաքապետ, երբ նախկինում նա սիրված ծաղրածու էր, հետո դարձավ դիշովի խեղկատակ։ Ի՞նչ կապ ունի, թե ինչ մասնագիտության տեր մարդ է, կարեւորն այն է, թե այդ մարդն ով է, հայրենասիրություն ունի՞, ցանկանո՞ւմ է իր երկրին օգնել, պաշտպանել, հզորացնել, թե՞ ոմանց նման ծախված անձնավորություն է»։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ նշեց․ «Լավ կլինի, որ ուսումնասիրեն, թե ինչ է կրոնապետությունը, թեոկրատիան՝ որպես կառավարման ձեւ, որտեղից է ծագել, կառավարման ինչ մեխանիզմներ է ենթադրում, եւ առնվազն Հայաստանի պարագայում հիմնարար փաստաթղթերում ինչպիսի փոփոխություններ պետք է նախատեսվեն։ Միայն հոգեւորականի՝ վարչապետի թեկնածու լինելը, բնականաբար, չի ենթադրում, որ Հայաստանը դառնալու է կրոնական պետություն՝ հատկապես լավ կլիներ ուշադրություն սեւեռեին Սահմանադրության առաջին հոդվածի վրա, օրինակ՝ ուսումնասիրեին, որ Հայ առաքելական եկեղեցին Սահմանադրությամբ ունի ուրույն դեր՝ որպես ազգապահպանության ինստիտուտ։ Ես այդ հայտարարություններն ընդամենը կորակեմ ցնդաբանություն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image