Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ

Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կարծիքով՝ Գորիս- Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան հատվածում մայրուղուց շեղվել հնարավոր չէ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան հատվածով երթևեկելիս անհետացել էին, հետագայում պարզվեց, որ վերջիններս առևանգնվել են ադրբեջանցիների կողմից, իսկ ԱԱԾ-ն էլ հայտարարություն տարածեց, թե քաղաքացիները «շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»։ «Հրապարակի» հետ զրույցում Փարսյանն ասաց, որ ինքը տեղանքին լավ ծանոթ է, և իր տրամաբանությամբ՝ այդ հատվածում հնարավոր չէ շեղվել ճանապարհից․

«Տեսեք՝ տղաներն արդեն Հայաստանում են, և իրենք արդեն կարող են պատասխանել՝ իրենք իրոք շեղվե՞լ էին, թե՞ ոչ։ Տեղանքին շատ լավ ծանոթ լինելով և իմ տրամաբանությամբ՝ այնտեղ շեղվել հնարավոր չէ, եթե այդ տարածքում ես հայտնվել, ուրեմն պիտի դիտավորյալ հայտնված լինես։ Եթե տղաները իրեք ճանապարհից դուրս են եկել և իրոք գնացել են «Էյվազլիի» ուղղությամբ կամ «Կուբաթլիի» ուղղությամբ, ապա դա պետք է դիտավորյալ արած լինեին, որովհետև այդ մայրուղուց շեղվել պարզապես հնարավոր չէ»,- ասաց Փարսյանը։

Ի՞նչ նկատի ունի, երբ ասում է «դիտավորյալ», ինչ-որ խնդի՞ր է եղել, որը ստիպել է շեղվել ճանապարհից՝ հարցրինք համայնքապետին․

«Չէ, ասում եմ՝ տղաները հիմա Հայաստանում են, իրենք ավելի լավ կպատասխանեն այդ հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ իրենք հայտնվեցին ադրբեջանցիների ձեռքում, իրականությունը կիմանանք իրենցից, բայց շեղվել հնարավոր չէ, որովհետև այնտեղ կա մի ճանապարհ, ասֆալտապատ ճանապարհն այդ հատվածում միակն է»,- պատասխանեց Կապանի համայնքապետը։

Նրան հարցրինք՝ այս դեպքերից հետո դեպի Կապան տրանսպորտային շարժը նվազե՞լ է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ադրբեջանցիները արցախցի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն էին կանգնեցրել, դանակով քերել Արցախի Հանրապետության պետական դրոշը, ապա սպառնացել, որ «Ղարաբաղն այլևս Ադրբեջանինն է»։ 

«Իհարկե նվազել է, Մ2 ճանապարհով երթևեկությունը լուրջ նվազել է, հիմնականում օգտագործում են չվերանորոգված Կապան-Տաթև ճանապարհը, իսկ գիշերվա ժամերին համարյա երթևեկություն չկա»,- պատասխանեց Փարսյանը, հարցրինք՝ գիշերվա ժամերին դեպքե՞ր են գրանցվել, որի պատճառով էլ վախենում են երթևեկել, համայնքապետը պատասխանեց․

«Ոչ, պարզապես մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում, ցերեկը մեծ մասամբ շարժը Կապան- Տաթև ճանապարհով է, խոսքը թեթև մարդատար մեքենաների մասին է»։ 

Գորիս-Կապան միջպետական մայրուղուն որպես այլընտրանք իշխանությունները հենց Կապան- Տաթև չվերանորոգված, գրունտային ճանապարհն են առաջարկում։ Փարսյանին հարցրինք, թե ի՞նչ ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները, և արդյո՞ք այդ ճանապարհը կարող է փոխարինել Գորիս-Կապան մայրուղուն․

«Հիմա՝ այս պահին վերանորոգվում է Կապան-Տաթև ճանապարհը, մի մասը անցած տարի է արվել, հիմնական մասը՝ այս տարի, ընթացքի մեջ է, վերանորոգվում է, բայց, կրկնում եմ ևս մեկ անգամ, դա բեռնատար մեքենաների համար անհարմար ճանապարհ է։ Անհարմար է հատկապես Տաթև գյուղից մինչև Սատանի կամուրջ հատվածը, բեռնատարների համար շատ անհարմար ճանապարհ է։ Այսինքն՝ այսպես թե այնպես, Մ2 ճանապարհը պետք է գործի, պետք է աշխատի, պետք է ծառայի հատկապես մեր բեռնատար մեքենաների համար, և երկրի իշխանություններն էլ պետք է ամեն ինչ անեն այդ ճանապարհահատվածի անվտանգության ապահովման համար»,- ասաց համայնքապետը։