Խոսքը խաղաղարար-դիտորդների մասին է`Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից

Խոսքը խաղաղարար-դիտորդների մասին է`Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից

Շաբաթ օրը Երեւանում տարածվեց նախօրեին Լոս-Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի խոսքից մի հատված Լեռնային Ղարաբաղում տեղակայվելիք սկանդինավյան խաղաղապահների մասին, ինչպես միշտ` սխալականության չափ աղճատված: Իրականում Օ’Բրայենը սկանդինավյան երկրներից զինվորականներ ԼՂ հակամարտության գոտի բերելու մասին նշել էր ոչ թե ԼՂՀ հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում, այլ` ներկա պահին հրադադարի հաստատման հետեւելու եւ վերահսկելու:

Իր բացման խոսքում «սկանդինավյան երկրներից խաղաղապահ դիտորդների մասին» հիշատակումից հետո հանդիպման հարցուպատասխանի հատվածում լսարանից հնչել է լրագրողի հարց. «Երրորդ անգամ հրադադար հաստատելու քննարկումների ժամանակ, նկատի առնելով եղած նախադեպերը, Միացյալ Նահանգները քայլեր ձեռնարկե՞լ է դիտորդներ ներգրավելու կամ իրադրության մեղմելու ուղղությամբ, որպեսզի հրադադարը պահպանվի»:

Հնչած հարցին տրված իր ընդարձակ պատասխանում, ի թիվս այլնի Օ’Բրայենը մանրամասնել է. «Մենք կարծում ենք, որ առաջընթաց ենք գրանցել դիտորդների առումով, որոնց հնարավոր կլիներ ներգրավել եւ դա բարդ իրավիճակ է: Երկու կողմերը տարբեր դաշնակիցներ ունեն, հետեւաբար մենք պետք է այստեղ բերենք մեր չեզոք խաղաղապահներին:

Մենք կարծում ենք որ Սկանդինավիայից եկող խաղաղապահները`Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից երկու կողմերին էլ կբավարարեն: Նրանք շատ արդյունավետ զինվորականներ են, կարողունակ են, շատ վարժ են: Եվ մենք հենց այս պահին աշխատում ենք այդ կառավարությունների հետ, որպեսզի տեսնենք կարողանո՞ւմ ենք արդյոք ձեւավորել ուժ, որը մուտք գործի որպես դիտորդական ուժ, սպառազինված դիտորդական ուժ եւ հավելյալ կարողականություն տա հրադադարին»:

Անգլերեն բնագրով. «We think that we have made progress on type of observers that could be involved and it’s a complicated situation. Both sides have different allies and so we have to bring in our neutral peace-keepers. We think the peace-keepers from Scandinavia – from Denmark, Sweden, Finland, Norway would meet the needs of both parties. They are very efficient solders, they are capable, they are well trained. And so we are working with those governments right now to see if we can put together a force that could come in as an observer force, an armed observer force and lend some more muscle to a ceasefire».

Օ’Բրայենի ընդարձակ պատասխանը ամբողջությամբ կլինի «Հրապարակի» վաղվա համարում: