ՀՀ ղեկավարությունը կարծում է, որ հնարավոր է սահմանազատում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճա՞կը, թե՞ Արցախն արդեն հանձնել են

ՀՀ ղեկավարությունը կարծում է, որ հնարավոր է սահմանազատում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճա՞կը, թե՞ Արցախն արդեն հանձնել են

Հարցազրույց ՀՀ-ում ՌԴ դեսպանության նախկին խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի հետ

- Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը չկայացավ, դեկտեմբերի 15-ին տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Ժան Միշելի  հովանու ներքո։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Մոսկվայի փոխարեն՝ Բրյուսել։

- Երկկողմ կամ բազմակողմ հանդիպումները պարտադիր չէ, որ անցկացվեն միայն Մոսկվայում։ Ադրբեջանա-արցախյան հակամարտության խնդիրը միայն եռակողմ հարաբերությունների խնդիր չէ, թեպետ, այո, սկզբունքորեն այն շատերի մոտ կարող է զարմանք առաջացնել։ Բայց արցախյան ճակատում եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին․․․

- ՀՀ տարածքում։

- Այո, ՀՀ տարածքում, եւ դրանք, ըստ իս, բավականաչափ արձագանք չգտան միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ Այո, եղավ մեր Պնախարարի միջամտությունը, բայց այն չիջեցրեց էսկալացիայի սրությունը։ Բայց այստեղ ՀՀ դիրքորոշումը․․․ դե, Ադրբեջանի հետ կապված ամեն ինչ հասկանալի է․ այս երկրին հիմա կարելի է ամեն ինչ։ Բայց թե այն, ինչ իրեն թույլ է տալիս հայկական կողմը, այ, այստեղ բազում հարցեր կան։ Այն, որ բազմաթիվ հակասական քայլեր են արվում երկկողմ եւ բազմակողմ՝ Հայաստան-ԵՄ հարթակներում, Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, սա նույնպես, ըստ երեւույթին, որոշ նստվածք է թողնում Հայաստան-Ադրբեջան զարգացումներին հետեւող բոլոր անձանց մոտ։

- Որպես Ռուսաստանում բնակվող գործիչ՝ Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու ՀԱՊԿ-ն վերջին 1 տարում չի արձագանքում Ադրբեջանի ոտնձգություններին։ Սկզբում Արցախն էր՝ Հայաստանը չէր, հետո՝ «կոնֆլիկտի մասշտաբն այն չէր», հիմա ե՛ւ մասշտաբն է այն, ե՛ւ ՀՀ-ում է, բայց նորից լռություն է։

- Մամուլում արդեն մեկ անգամ չէ, որ գրվել է, նաեւ Վլադիմիր Պուտինն է ասել, որ գոյություն ունեն կանոնադրություն եւ անհրաժեշտ ընթացակարգեր, որպեսզի լինի ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի արձագանքը։

- Այսինքն՝ Դուք է՞լ եք կարծում, որ հայկական կողմը չի դիմել։

- Հայկական կողմը խոսքերով ասում է, բայց իրավաբանորեն իր խոսքը որեւէ բանով չի ամրապնդում, ինչն ակնհայտ է, որ սադրիչ գործոն է։

- Իսկ գուցե Երեւանը կասկածնե՞ր ունի, որ անգամ իրավաբանորեն դիմելու դեպքում աջակցություն չի լինի։

- Ամեն ինչ կարելի է հասցնել աբսուրդի։ Ուրեմն ինչո՞ւ էիք անդամակցում։ Իհարկե, Հայաստանի ներկա ղեկավարությունն այդ հարցին կպատասխաներ՝ մենք չենք էլ անդամակցել, բայց գոյություն ունեն ընթացակարգեր, կանոնակարգեր, որոնք պահպանելու դեպքում ոչ մի երկիր անպատասխան չի մնա։ Նորից եմ ասում՝ ո՞վ է դիմել ՀԱՊԿ-ին։ Խոսքեր միայն։ Խոսքերը գործին, ինչպես ասում են, չես կարի։ Մենք հիշում ենք, որ Գերմանիայի միավորման ժամանակ հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ն, Գերմանիան երբեք չեն ընդլայնվի եւ այլն։ Իսկ հիմա հարցնում են՝ բա դա ի՞նչ եղավ։

- Կարծում եք, որ մեր ղեկավարությունն այնպիսի մազոխիստ է, որ չի՞ դիմում օգնության համար։ Գուցե ՌԴ-ից հասկացրել են, որ մի՞ դիմեք։

- ԼՂ-ի ճանաչում․ նորից խոսքեր, բայց մինչ օրս ոչ մի կոնկրետ բան․ Արցախը ճանաչված չէ։ Անընդհատ խոսվում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման մասին։ Իսկ ինչպե՞ս անել սահմանազատում, եթե Արցախի ճակատագիրը որոշված չէ։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ հնարավոր է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ սահմանազատում անել՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճա՞կը, թե՞ Արցախն արդեն հանձնել են։ Եթե այսօրվա դրությամբ Հայաստանը չի ճանաչել Արցախը․․․․ եթե չեն հավատում իրավական փաստաթղթերին եւ համարում են, որ նման դեպքերում Ռուսաստանն անհրաժեշտ պահին չի գալիս, ապա, կներեք, կա՛մ դուրս եկեք․․․ կա՛մ էլ՝ դուք չե՞ք հավատում ՀԱՊԿ-ի կանոնադրական-իրավական փաստաթղթերի գոյությանը։

- Ի՞նչ եք կարծում՝ Բրյուսելում  ի՞նչ են ստորագրելու։ Հենց հիմա Հայաստանում այդ ամենը գաղտնազերծելու պահանջով ցույցեր են արվում։

- Այո, ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ քայլերի է գնում կառավարությունը՝ հեռանալով նոյեմբերի 9-ի եռակողմ ձեւաչափի կոնտակտներից։ Ինչո՞վ է այնտեղ գնում Հայաստանի կառավարությունը, եւ ի՞նչ հարցեր են այնտեղ քննարկվելու։

- Եթե Ձեզ անգամ հայտնի չէ, գուցե ենթադրություննե՞ր ունեք։

- Ես չգիտեմ, ես Հայաստանի վարչապետը չեմ։ Եթե նա սեփական ժողովրդին չի տեղեկացնում, ապա ես կարող եմ ենթադրություն անել միայն մի բանում՝ հաշվի առնելով Մոսկվայի ու Բրյուսելի հարաբերությունները, որոնք բացարձակապես զրոյական են։ Ինչպես նաեւ՝ փոխվստահության մակարդակը։ Եվ ի՞նչ։ Ես՝ որպես ռուսաստանցի, որպես հօգուտ Հայաստանի շահերի գործող հասարակական կազմակերպության ղեկավար, զարմացած եմ։ Եթե այս հարցը համաձայնեցված է եռակողմ մակարդակով, ուրեմն թող ասեն, որ դա համաձայնեցված է Մոսկվայի, Բաքվի ու Երեւանի միջեւ։ 

- Ի դեպ, վարկած կա, որ Ռուսաստանից են Փաշինյանին ասել, թե գնա, Բրյուսելում ստորագրիր, քանի որ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։

- Բրյուսելն ի՞նչ առնչություն ունի արցախյան հիմնախնդրի հետ եւ, առհասարակ, այս ամեն ինչի։ Եվ սա արդեն ՆԱՏՕ է, այնպես չէ՞։ Ձեզ Թուրքիան հերիք չէ՞։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի։ Ձեզ ՆԱՏՕ-ի դիրքորոշո՞ւմն է պետք․․․ ես, լինելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանության նախկին խորհրդական, լավ հիշում եմ Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, 2013 թվականն էր, Տոնոյանի ջանքերը։ Այն է՝ կրտսեր հրամանատարակազմի պատրաստվածությունն իրականացնել ՆԱՏՕ-ի սկզբունքներով։ Սրա մասին գրվել է մամուլում, եւ հետո դրան հետեւեց, թե «մեզ սխալ են հասկացել» եւ այլն։ Բրյուսելի փորձերը՝ ինչ-որ հետաքրքրություններից ելնելով, թե ինչ, հասկանալի է, եղել էին նաեւ նախկինում։ Այնպես որ, այդ երկկողմ հանդիպումից հիացած չեմ։ Եվ այն, որ ասում եք՝ Ռուսաստանն է, ապա սա անտրամաբանական է։ 

- Եթե, լավ կամ վատ, այս կամ այլ վայրում ինչ-որ բան ստորագրվի՝ մեր կողմից զիջումների գնով, դրանից հետո, ըստ Ձեզ, կդադարե՞ն Ադրբեջանի տարածքային հավակնությունները, թուրքական ախորժակը կնվազի՞ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

- Նախ, խաղաղության պայմանագիրը պատրանքային մի բան է։ Իսկ այն, որ Իլհամ Ալիեւն ու Էրդողանը, որը միշտ էլ ասում է եւ չի հերքում, որ Հայաստանը, առհասարակ, Ադրբեջանի տարածք է եւ այլն։ Դրա համար էլ ինքնիշխան երկրի տարածքի  նկատմամբ ոտնձգությունները կան։ Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ մի բան ստորագրելով՝ որեւէ փաստաթուղթ, դա ինչ-որ բանից ապահովագրելու է։ Նրա հայրը 94 թվականին փաստաթուղթ է ստորագրել։ Եվ ի՞նչ։ Եվ որտե՞ղ է այդ ինչ-որ մեկի կողմից ստորագրվածը երբեւէ հաշվի առնվել։ Կամ՝ պատժվե՞լ է Ադրբեջանն ինչ-որ բանի համար։ Չկա նման բան ու չի լինի։ Ասեմ ավելին՝ օրերս Էրդողանը «Գորշ գայլերի» ղեկավարներից ստացել է փաստացի նոր քարտեզ, որում Հայաստանն ավտոմատ միացված է դրան որպես թուրքական տարածք։ 2 օր առաջ մեր նախագահի մամուլի խոսնակն անգամ հուշեց։ Պարզվում է՝ այդ քարտեզի վրայի շատ տարածքներ անգամ նկատի առնված չեն։ Եվ ես զարմանում եմ, որ այդ փաստի գնահատականը չկա, որ ձեր «բարեկամ» Էրդողանը նման քարտեզ է ստանում («Գորշ գայլերից»), այն էլ՝ մեծագույն հաճույքով։ Եվ ի՞նչ, կարծում եք, որ նրանք Ադրբեջանի հետ իրականացնելով իրենց աշխարհաքաղաքական ծրագրերը, Հայաստանը տեսնում են որպես առանձին անկլա՞վ։ Նրանց մոտ պատմականորեն է դրված այն, որ Հայաստանը խանգարել է, խանգարում է եւ խանգարելու է իրենց այդ պլանների իրագործմանը։ Այնպես որ, ես մեծ հույսեր չէի տածի անգամ այն իրավական փաստաթղթերի նկատմամբ, որոնք ստորագրել են հենց դրա մասնակից կողմերը։ Այսօր մենք ապրում են եռաբեւեռ աշխարհում՝ ՌԴ, ԱՄՆ, Չինաստան։ Եվ քանի որ միջազգային հարաբերությունները ներկայում խաթարված են, գոյություն ունի փոխադարձ մեծ անվստահություն, ապա այսօր զարմանք չի հարուցում այն, որ Հայաստանը հայտնվում է այդ ռելսերի վրա՝ սրբելով թե՛ Հայաստանի, թե՛ հայ ժողովրդի էությունը։ Ես եղել եւ մնում եմ Հայաստանի եւ իր պատմության  ու արդարության ջերմ կողմնակիցը, ուստի երբեք չեմ կարողանա հավատալ, որ Բրյուսելը երկնագույն եզրագծով ափսեի վրա հայ ժողովրդին բարօրություն է բերելու։