«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանն ապագա կառավարիչների թիմ է հավաքում

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանն ապագա կառավարիչների թիմ է հավաքում

Արցախ տեղափոխվելու մասին օրերս հայտարարած Ռուբեն Վարդանյանը, մեր տեղեկություններով, վերջին ամիսներին թիմ հավաքելու եւ ապագա արդյունավետ կառավարիչներ գտնելու փնտրտուքի մեջ էր։ Նա կամ նրա անունից որոշ անձինք կապվել են Սփյուռքում եւ Հայաստանում կայացած, մտավոր-մասնագիտական մեծ ներուժ ունեցող տարբեր անձանց հետ եւ հետաքրքրվել՝ հնարավո՞ր է գան Հայաստան կամ միանան իրենց եւ որեւէ ոլորտի որեւէ կարգավիճակ ստանձնեն, եթե այո, ապա ինչի՞ դիմաց կգան, կմիանան՝ թողնելով իրենց գործը, բնակավայրը, կոմֆորտը։ Մեր տեղեկություններով, պատասխանները շատ տարբեր են եղել՝ «ոչ»-ից մինչեւ պայմանների թվարկում։

Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցող, նրա հովանու տակ հանդես եկող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը, բայց մի փոքր այլ կերպ ձեւակերպեց․ «Նշված ձեւաչափով տեղեկությանը չեմ տիրապետում, բայց Ռուբեն Վարդանյանը բազմիցս է նշել, որ Հայաստանի զարգացման մեջ շատ կարեւոր է Սփյուռքի ներգրավումը, եւ այդ ուղղությամբ իր հրապարակային ելույթներում բազմիցս է անդրադարձել, քանի որ թե՛ մենք, թե՛ պարոն Վարդանյանը կարծում ենք, որ ոչ միայն քաղաքական պաշտոնների մասին է խոսքը, այլեւ տարբեր ոլորտներում Սփյուռքի ներգրավումը նաեւ Հայաստանում առկա մարտահրավերների պարագայում ոչ թե կարեւոր է, այլ խիստ անհրաժեշտ է, ու նաեւ իր օրինակով է ցույց տալիս։ Նաեւ հույս ունենք, որ այս ընթացքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Սփյուռքի ներգրավումն ավելի կակտիվանա, նաեւ Արցախի մասով ներկայացված Արցախի անվտանգության եւ զարգացման ֆրոնտն ուղղված է հայության համախմբմանն Արցախի շուրջ։ Եվ այդ ուղղությամբ առաջիկայում ավելի մանրամասն պարոն Վարդանյանի կողմից կներկայացվի, թե ինչպես ենք պատկերացնում ներգրավվածությունը։ Խնդիրը ոչ միայն տեղափոխվել-Հայաստանում աշխատելն է, այլ նաեւ այսօրվա իրականությունը հնարավորություն է տալիս թեկուզ դրսից նաեւ մարդկանց մտավոր ու այլ ռեսուրսները ներդնել Հայաստանի զարգացմանը»։

- Իսկ կոնկրետ անձանց առաջարկներ արվե՞լ  են։

- Մասնավոր համագործակցությանը կամ զրույցներին չեմ տիրապետում, ավելի շատ հրապարակային ինչ-որ կոչ արել է։ Իհարկե, արցախյան վերջին կոչից հետո կա որոշակի մարդկանց շրջանակ, ովքեր պատրաստակամություն են հայտնել եւ ողջունել են այս քայլը, հուսով ենք՝ առաջիկայում ավելի առարկայական կդառնան նաեւ այդ մասով աշխատանքները։

- Հնարավո՞ր է, արդյոք, որ Ռուբեն Վարդանյանը նաեւ որեւէ պաշտոն զբաղեցնի Արցախում, օրինակ՝ տեղեկություն կա, որ Արցախի պետնախարարի պաշտոնը կարող է առաջարկեն նրան։

- Պարոն Վարդանյանը պատասխանել է այդ հարցին, որ անհրաժեշտության դեպքում՝ որպես ծառայություն, պատրաստ է։ Այս պահին հավելյալ մեկնաբանության կարիք չեմ տեսնում։

- Իսկ Հայաստանում կա՞ն մարդիկ, որոնց եւս փորձ է արվում ներգրավել եւ համախմբել այս գործին։

- Իհարկե։ Խոսքս չէր վերաբերում միայն Սփյուռքին, ես համայն հայություն ասելով՝ այո, առաջին հերթին նկատի ունեմ, որ Հայաստանում նույնպես բազմաթիվ կարող անհատներ եւ ուժեր կան, որոնք նույնպես, հուսով եմ, կանեն առավելագույնը, որ համախմբենք բոլորի կարողությունները։

- Հնարավո՞ր է՝ ձեր կուսակցությունը նույնպես տեղափոխվի Արցախ, այդ թվում՝ Դուք գնաք այնտեղ բնակվեք։

- Կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում, մենք այս պահին Հայաստանում ակտիվ մասնակցում ենք ՏԻՄ ընտրություններին, իսկ մեր անձնական ներգրավվածությունը մեր կուսակցության՝ պարոն Վարդանյանի նախագծերին, իհարկե, հայտնել ենք մեր պատրաստակամությունը։ Եվ, հաշվի առնելով, որ Արցախի շուրջ ստեղծված խնդիրների լուծմանը եւ համահայկական ճակատի ձեւավորմանը նաեւ ներգրավվածության անհրաժեշտություն կար հենց Հայաստանից, կուսակցությունը կքննարկի, թե Հայաստանում ինչ ձեւաչափով է մասնակցելու այդ գործընթացներին։

- Իսկ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելո՞ւ եք։

- Իհարկե։

- Արդեն ունե՞ք թեկնածու։

- Այս պահին՝ ոչ, այս պահին կենտրոնացած ենք սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վրա, որը մեզ համար շատ կարեւոր է, բավական ժամանակ կա, այդ մասով ներքին աշխատանքներ արվում են, քանի որ համայնքների ՏԻՄ ընտրությունները մեզ համար շատ կարեւոր են, Երեւանի ընտրությունները՝ առավել եւս։ Առաջիկայում այս մասով ավելի մանրամասն աշխատանքներ կարվեն, եւ կներկայացնենք ե՛ւ մեր երեւանյան մոտեցումները, ե՛ւ թեկնածուին։

- Երեւանի ավագանու ընտրություններին հավանական է դաշինքո՞վ մասնակցեք, թե՞ ավելի շատ հակված եք առանձին մասնակցելուն։

- Էս պահին դա չենք քննարկել, բայց, հաշվի առնելով, որ կուսակցությունը 20-ից ավելի տեղերում ընտրությունների է մասնակցել, հակված ենք շարունակել սեփական ցուցակով առանձին մասնակցելու քաղաքականությունը։