Ես ուշի-ուշով հետեւում եմ, թե ՊԵԿ-ն ինչով է զբաղվում

Ես ուշի-ուշով հետեւում եմ, թե ՊԵԿ-ն ինչով է զբաղվում

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը երեկ մեզ ուղարկել էր իր նոր հիմնած DSA Advisory Group խորհրդատվական ընկերության ֆեյսբուքյան էջը, որ «լայքենք»։ «Լայքեցինք» ու որոշեցինք մեր «լայքն» «անհետեւանք» չթողնել՝ զանգել եւ հարցազրույց անել ՊԵԿ նախկին նախագահի հետ, ում հեռանալը, ամեն դեպքում, որոշակի հարցականներ թողեց դաշտում։

Իհարկե, Դավիթ Անանյանն էլ, պետական ապարատից հեռացած իր շատ այլ կոլեգաների նման, ցանկանում է, որ լրագրողներն իրեն մոռացության մատնեն՝ չհիշեն, չգրեն իր մասին, թողնեն՝ իր համար «գլուխը խախանդ» ապրի։ Հարգելով, իհարկե, անձի՝ «մոռացության մատնվելու» իրավունքը, այդուամենայնիվ, պարոն Անանյանին հայտնեցինք, որ իրեն հազիվ թե այդքան հեշտ մոռանանք, ուստի «դրդեցինք» նրան հարցազրույց տալ՝ առաջարկելով նախ պատմել իր նոր ձեռնարկի մասին։

«Ես ուղղակի հարկային-հաշվապահական խորհրդատուի իմ կարգավիճակից մի քիչ ավելի ընդլայնում եմ խորհրդատվական սպեկտրը։ Ինքը լինելու է բիզնես-խորհրդատվություն, ֆինանսական կառավարում, իրավաբանական խորհրդատվություն, որովհետեւ այն ընկերությունը, որտեղ ես ունեցել եմ իմ աշխատանքային գործունեությունը՝ մինչեւ պետական համակարգ մտնելը, դա PHP partners-ն է, որտեղ ես ունեմ 15 տոկոս բաժնեմաս եւ ես չեմ ուզում, որ իմ նոր ձեռնարկը կրկնորդի PHP-ի գործառույթները։ Իսկ նոր ստեղծվածն ընկերությունների խումբ է, ըստ էության, ընդհանուր բիզնեսին առնչվող ամբողջ սպեկտրին է ծառայություն մատուցում, եւ այնտեղ, որտեղ հաճախորդները կցանկանան հարկային ու հաշվապահական խորհրդատվություն, դա կիրականացվի PHP Partners-ի կողմից՝ ենթակապալի սկզբունքով։ Ես ինչո՞ւ չգնացի PHP, որտեղ գործադիր կառավարմանը չեմ մասնակցում․ որովհետեւ ուզեցի մի նոր բան սկսել զրոյից, ես սիրում եմ զրոյից նոր բան կառուցել»,- իր մտահղացումն այսպես ներկայացրեց Դավիթ Անանյանը։

- ՊԵԿ-ում էլ էիք ինչ-որ բաներ ուզում զրոյից սկսել․․․

- Ես ուրախ եմ ու ինչ-որ տեղ՝ նաեւ հպարտ, որ երկու տարվա ընթացքում ինձ հաջողվել է կուռ կոլեկտիվ ձեւավորել։ Այսօր էլ այնպես է, որ ես անմասն չեմ ՊԵԿ-ից, որովհետեւ ուշի-ուշով հետեւում եմ, թե ՊԵԿ-ն ինչով է զբաղվում, եւ շատ ուրախ եմ, որ այն, ինչ երկու տարվա մեջ ինձ հաջողվել է կառուցել՝ որպես ՊԵԿ ղեկավար, դա ոչ միայն չի քանդվում, այլեւ պահպանվում է, եւ բոլոր այն մարդիկ, որոնք կարեւոր դերակատարում են ունեցել, նրանք շարունակում են պաշտոնավարել։ ՊԵԿ ներկայիս նախագահի հետ, որն իմ տեղակալն է եղել, մենք ժամանակ առ ժամանակ շփվում ենք, կիսվում ենք տպավորություններով, որովհետեւ մենք՝ բոլորս, մի բանի համար ենք ծառայել ու ծառայում, այսինքն՝ իմ դուրս գալը չի նշանակել, որ ես ՊԵԿ-ից դուրս եմ գալիս։ Ես իմ խորհուրդներով եւ ընկերների հետ իմ զրույցներով միշտ կիսվում եմ։

- Սակայն «Հրապարակը» գրեց, որ Ձեր մյուս տեղակալը՝ Շուշանիկ Ներսիսյանը, կադրային տեղաշարժեր, փոփոխություններ է անում, եւ ինքն է կադրային քաղաքականությունը որոշում, ինչը Դուք ժամանակին զսպում էիք։

- Չէ, ես համաձայն չեմ Ձեզ հետ, ես Ձեր հոդվածը կարդացել եմ, բայց համաձայն չեմ, որովհետեւ ոչ մի դեպքում կադրային տեղաշարժերը չեն որոշվել առանձին մարդկանց քմահաճույքով, եթե, իհարկե, ՊԵԿ նախագահի կողմից այդպիսի իրավասություն նրան տրամադրված չի եղել։ Եթե Դուք, օրինակ, կառուցել եք Ձեր մտքերն այն փաստի հետ կապված, որ Արարատյան մաքսատան-վարչության պետի մրցույթին մասնակցել է նախկին պետը եւ հաղթող է ճանաչվել, դա լրիվ նորմալ երեւույթ է․․․

- Ում Դուք ազատել էիք պաշտոնից։

- Ես չեմ ազատել։ Իրականում, մարդն իր դիմումով է հեռացել, եւ ես հարգել եմ այդ դիմումը, որովհետեւ այդ դիմումն իր որոշումն է եղել։ Ինքը ցուցադրել է իր վերաբերմունքը դեպի ՊԵԿ ղեկավարությունը եւ դիմում գրելով՝ ինքը շատ ճիշտ քայլ է կատարել ժամանակին՝ որպես պատասխան ինչ-որ բաների, էսպես ասեմ։ Բայց հետո շանս է ստացել՝ նորից մասնակցել եւ հաղթել, եւ ես ուրախ եմ, որ այդ մարդը ժամանակին դրսեւորել է մի վարքագիծ, հիմա էլ մեկ այլ վարքագծով ցույց է տալիս, որ ինքը ՊԵԿ-ի համար պիտանի կադր է։ Եվ էնպես չէ, որ ես իրեն հանել եմ, Շուշանն էլ հետ է բերել։ Ոչ։ Նա հեռացել է իր դիմումի համաձայն, հետո մասնակցության հայտ է ներկայացրել, ընդ որում՝ այն ժամանակ, երբ ես ՊԵԿ նախագահ եմ եղել, ու որեւէ արգելք չի եղել իր հայտին, որովհետեւ դա բաց մրցույթ է եղել։

- Երբ Դուք եկաք ՊԵԿ, Ձեզնից առաջ բավականին աշխատանք կատարվել էր ՊԵԿ-ում։ Ձեզ հաջողվե՞ց հեղափոխական փոփոխություններ կատարել ՊԵԿ-ում, եւ Ձեզնից հետո այսօր Էդվարդ Հովհաննիսյանին հաջողվո՞ւմ է նոր հեղափոխական փոփոխություններ իրականացնել կոմիտեում, թե՞ շարունակում է Ձեր սկսածը։

- Հարցը լավն էր։ ՊԵԿ-ը միշտ եղել է առաջամարտիկ՝ որպես կառույց, անկախ նրանից, թե ՊԵԿ ղեկավարությունն ովքեր են եղել։ Թե՛ թվայնացման օրակարգը, թե՛ ավտոմատացման, թե՛ բիզնես պրոցեսինգի գծով, միշտ ՊԵԿ-ն առաջամարտիկ է եղել։ Այդ առումով իմ, որ ասում եք՝ հեղափոխական բաներ արել եք, թե չէ, ապա հեղափոխական քայլերը, ես կասեի, որ, իմ կարծիքով, ինձ հաջողվել է ուղղակի մթնոլորտ փոխել։ Երբ որ ամբողջ կոլեկտիվը եւ ամբողջ անձնակազմը կենտրոնանում է մեկ նպատակի շուրջ, այ, դա եղել է իմ, կարելի է ասել, հեղափոխական ներդրումը։ Մթնոլորտ ձեւավորելու եւ, ընդհանրապես, հարկային ու մաքսային վարչարարության կազմակերպման առումով մեկ գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու առումով մենք իրոք հեղափոխական բաներ ենք կատարել։ Եվ դրա ամենավառ ապացույցն այն է, որ մենք մարդկանց սովորեցրել ենք երազել եւ այդ երազանքները թղթին տալ։ Ու դրա արդյունքում ծնվել է ՊԵԿ ռազմավարական զարգացման հնգամյա ծրագիրը, որը մենք հանձն ենք առել փոփոխել ամեն տարի՝ այնպես, որ ինքը միշտ լինի հնգամյա։

- Իսկ ի՞նչ «հեղափոխական քայլեր» է անում նոր ՊԵԿ նախագահը։

- Ես շատ ուրախ եմ, որ այն մշակույթը, որ մենք ներդրել էինք, այսօր նոր ՊԵԿ նախագահը, ես այսօր վստահ եմ եւ նաեւ անձնական շփումների շնորհիվ այդպիսի տեղեկատվություն ունեմ, որ տանում է առաջ նույն ձեւով եւ մտածում է, թե զարգացման ինչպիսի նոր հեռանկարներ եւ ուղղություններ պետք է լինեն։
Շարունակելի