«Հրապարակ». Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել

«Հրապարակ». Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել

Գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի։ «Հրապարակը» գրել էր, որ մարտի 26-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին փորձել են վտարել Ծաղկաձորի իր ամառանոցից։

Համբարձումյանի օգնականը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ամառանոցն աճուրդի է հանվել սնանկության կառավարչի կողմից, վաճառվել է, որից հետո Սիլվա Համբարձումյանը ստացել է վտարման վերաբերյալ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումը եւ այն բողոքարկել է: Դատարանը կասեցրել է վտարումը` մինչեւ վերջնական վճռի կայացումը, բայց գնորդն ազդեցիկ հովանավոր ունի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով զանգահարել է Կոտայքի ԴԱՀԿ պետին, որ դատարանի որոշումը հաշվի չառնեն եւ վտարումն իրականացնեն։ Մեզ հետ զրուցելու պահին օգնականը նշեց, որ վտարումն ընթանում է: Երեկ մենք զրուցեցինք Սիլվա Համբարձումյանի հետ:

Նախ հետաքրքրվեցինք` այդուհանդերձ, իրեն հաջողվե՞ց վտարումը հետաձգել։
«Դեռ շարունակվում է։ Ես գնացի քննչական, հանցագործության մասին հաղորդում տվեցի, հիմա էլ գնում եմ արդարադատության նախարարություն»,- ասաց Համբարձումյանը։

- Կոնկրետ ի՞նչն եք համարում հանցագործություն։

- Դատարանի որոշումը, որ չեն կատարում, դա հանցագործություն չէ՞։ ԴԱՀԿ-ն դատարանի որոշումը չի կատարում։

- Ձեր օգնականը երեկ ասաց, որ գնորդը Հայկ Սարգսյանի քավորն է, եւ դա է ազդել, որ ԴԱՀԿ-ն չի կատարում դատարանի որոշումը։ Դուք շարունակո՞ւմ եք պնդել այդ հանգամանքը։

- Այո, Կարոն իրենց քավորն է, Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորն է, ով գտնվում է հետախուզման մեջ Ռուսաստանի Դաշնության կողմից։

- Դուք կարծում եք, որ ՔՊ-ական պատգամավորն իր ազդեցությունն օգտագործո՞ւմ է Ձեզ հետ կապված այս հարցում։

- Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ ԴԱՀԿ-ի նախագահ Արսեն Մնացականյանն է շահագրգռված եւ նրա տեղակալ Հրանտ Աբազյանը, ես գիտեմ ինչու, որովհետեւ իրենք հայտնի կաշառակերներ են, վաղուցվանից գիտեմ իրենց։

- Իրենց հետ կապված է՞լ եք Քննչական կոմիտեում հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

- Այո։ Երկուսի հետ կապված էլ հաղորդում եմ ներկայացրել։ Ես գրել եմ, որ, իմ կարծիքով, շահագրգռված անձինք են, ե՛ւ կաշառքն է դեր խաղում, ե՛ւ Հայկ Սարգսյանի ֆակտորը։

- Ստացվում է՝ Հայկ Սարգսյանին հովանավորչության մե՞ջ եք մեղադրել։

- Այո։

- Կներկայացնե՞ք՝ սնանկության ինչ պրոցեսի հետեւանքով է Ձեր ամառանոցը հանվել վաճառքի։

- Սա Գասպարյան Վովայի տան հետ կապված հարց է, որի հետ կապված քրեական գործ էլ է հարուցվել։ Ինձ Արշակը ստիպել է՝ մի հատ ստացական եմ ստորագրել, որ Աղասի Դանիելյանն ինձ տալիս է 245 մլն դրամ, որ իբրեւ բիզնես անենք, բայց դա ինձ ասացին՝ իբրեւ ապահովության համար, որ Աղասին տունն անվանափոխի Գասպարյանի զոքանչի անունով։ Հետո ես հասկացա, որ Աղասի Դանիելյանն ինձ տանում է սնանկության, ու ես չեմ էլ իմանում` ո՛չ ծանուցում եմ դատարանից ստացել, ոչ մի բան չեմ իմանում։ Ես ԴԱՀԿ-ից եմ իմանում, որ ես սնանկ եմ։

Արեգ Մարգարյան