Խոսակցություններ կան, թե ադրբեջանցիները եկել են, դրոշ են տեղադրել․ պարզաբանում է Ազատամուտի համայնքապետը

Խոսակցություններ կան, թե ադրբեջանցիները եկել են, դրոշ են տեղադրել․ պարզաբանում է  Ազատամուտի համայնքապետը

Այսօր «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանցի զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։

«Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. «ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։ Հիշեցնում եմ, հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադրբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։ Հիմա Նիկոլը դավաճան է և ադբեջանա-թուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է», - գրել էր նախկին վարչապետը։

Այս խնդրով «Հրապարակը» կապ հաստատեց Փաշինյանի օրոք Ազատամուտի համայնքապետ նշանակված Արթուր Բեգինյանի հետ։ Անդրադառնալով Բագրատյանի հայտարարությանը՝ համայնքապետն ասաց, որ իրեն զանգահարել են տարբեր տեղերից, բայց նման բան չկա։ «Բայց ռուսներ եղել են տարածքում։ Դա հաստատ է։ Բայց թե ինչ նպատակով, ինչ առաքելությամբ, դա չեմ կարող ասել։ Այսինքն՝ տարածքում ասվածն այն է, որ եկել են, անցել-գնացել են Շամշադին», - նշեց նա։

Հարցին՝ ադրբեջանցիներ է՞լ են եղել ռուսների հետ, ռուս խաղաղապահնե՞ր են եղել, թե՞ սահմանապահ զորքերից, պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Մեր հարակից տարածքում ադրբեջանցիներ չեն եղել։ Մեկն ասում է, որ ռուսները մեքենաներով անցել ու գնացել են Շամշադինի կողմ, մեկն ասում է, որ Նոյեմբերյանի կողմ։ Ես տարածքում եմ, որևէ նման բան չկա։ Տարբեր խոսակցություններ կան, թե ադրբեջանցիները եկել են, դրոշ են տեղադրել, նման բան չկա։ Ես Ձեզ վստահեցնում եմ։ Ռուսները համայնքի մոտով անցել են», - հավելեց նա։

Ազատամուտի համայնքապետն ասաց, որ իրենց առջև հետ քաշվելու, տարածքներ զիջելու պահանջ չի դրվել։ «Այգեհովիտ գյուղն է, հետո գալիս է Կայանը, խոսակցություններ կային, որ ադրբեջանցիները ռուսների հետ եկել են, մեր կողմից էլ ռուսներ են գնացել, որ պետք է գան-անցնեն այս կողմը։ Բայց նման բան չկա։ Տարբեր տեղերից ճշտել եմ, տարածքով շրջել եմ, որևէ նման բան չեմ հանդիպել, մարդկանց էլ հարցրել եմ, նման բան չկա»։ 

Հարցին՝ կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումից հետո՞ էլ որևէ բան չի ասվել՝ «Հե՛տ քաշվեք» կամ «Բնակչությանը նախապատրաստե՛ք», պատասխանեց, որ ոչ։ «Ոչ մի նման բան մեզ չեն ասել», - եզրափակեց համայնքապետը։

Տավուշի մարզպետին կատարած զանգերը մնացին անպատասխան։