Բաքվի բանտում գտնվող Վիգենը 24 օր է հացադուլ է անում

Բաքվի բանտում գտնվող Վիգենը 24 օր է հացադուլ է անում

«Վիգենի հետ վերջին անգամ մեկ շաբաթ առաջ ենք խոսել, վիճակը լավ չէ, նրան պետք է հանել Բաքվի բանտից», մեզ հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը։

«24 օր հացադուլի մեջ լինելը կարող է անդառնալի լինել Վիգենի համար»,-շեշտում է կինը։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանցիները գերեվարել էին Շուշիում՝ պատերազմի անմիջապես ավարտից հետո, երբ վերջինս որոշել էր Շուշիի իր տուն գնալ` անձնական իրերի հետևից։ Արցախ բնակվելու մեկնած լիբանանահայ հայրենասերի հեռախոսում զինվորական հագուստով նկար են գտել եւ նրան վարձկան ահաբեկիչ հայտարարել ու տարել Բաքու: Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 

Լինդան «Հրապարակին» պատմեց, որ Վիգենն իրենց հետ կապվելիս խնդրում է անընդհատ բարձրաձայնել իր դեպքի մասին, որ եթե ինքը Բաքվի բերդում մնա, ապա անհնար է, որ ողջ մնա։ «Նա մեզ հետ շատ չի կարողանում խոսել, նա օգնության կարիք ունի, նրա վիճակը շատ վատ է։ Վիգենը մեզ ասում է, դիմեք ամենուր, աղմուկ բարձրացրեք, օգնեք, որ իմանան այս դեպքի մասին»,- ասաց Լինդա Էուլջեքյանը։ Նա մեզ տրամադրեց Վիգենի նամակը՝ այս տարվա հոկտեմբերի 16-ին գրված, որտեղ Վիգենն ասում է, որ ինքը ադրբեջանցիներից պահանջում է նոր դատական պրոցես սկսել, որ ինքը բողոքարկում է Բաքվի դատարանի որոշումը, սակայն նրա հորդորներն ու պահանջները բնականաբար չեն բավարարվում։ 

Վիգենը խնդրել է Մարդու Իրավունքների Պաշտպանի հետ հանդիպում, ինչը ևս մերժվել է։ Լինդան շեշտում է, որ Ադրբեջանում նույնիսկ Կարմիր Խաչը չի կարողանում բավարար լծակներ կիրառել ու փաստացիորեն առարկայական ոչ մի փոփոխություն իր ամուսնու հարցում չի կարող անել։

 «Գնացեք հեռուստաընկերություններ, խոսեք, ասացեք, որ ես այստեղ դատարան եմ պահանջում, բայց չեն անում, ասեք, որ Կարմիր Խաչը չի անում, որ Լիբանանի դեսպանի հետ տեսակցություն եմ ուզում՝ չեն անում, օմբուդսմենի հետ հանդիպում եմ ուզում՝ չեն անում, քանի որ իմ մեղավորության մասով ոչ մի ապացույց չունեն։ Նկարում զինվորական պրինտով հագուստի հիման վրա դատելը անօրինական է, նրանք ոչ մի ապացույց չունեն, դրա համար էլ ոչ մի հանդիպում թույլ չեն տալիս։ Հոգ մի արեք ինձ համար, ոչ մի հանցանք չկա ինձ վրա»,-գրում է Վիգենը նամակում (հատվածը թարգմանել ենք արևմտահայերենից):

Վիգենը նաեւ կնոջը նամակում տեղեկացնում է, որ ձերբակալության պահին իր հագին ոչ զինվորական հագուստ է եղել, ոչ էլ մոտն ունեցել է զինվորական հագուստ կամ զենք, սակայն ադրբեջանցիներն իրենից խլել են ոսկյա թանկարժեք զարդեր, երկու հեռախոս, 1150 ԱՄՆ դոլարի չափով գումար, ավտոմեքենան՝ 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ, անձնական իրեր, որոնք ոչ մի տեղ չեն գրանցել ու գործում նույնիսկ նշված չեն։ Լինդա Էուլջեքյանը նշում է, որ ինքն ու իր ընտանիքը միայնակ է մնացել իր ցավի հետ, որքան էլ փորձել են փաստաբանին գործուղել Ադրբեջան՝ այնտեղ Վիգենին տեսնելու ու գործի մանրամասներին ծանոթանալու, նրանց հասկացրել են, որ վերջինիս անվտանգությունն ու Ադրբեջան այցելությունը կարող են բացարձակապես արդյունք չտալ։ Լինդա Էուլջեքյանը խնդրում է օգնել իրեն՝ ամուսնուն Բաքվի բանտից հանելու հարցում։