Փաշինյանական իշխանության փող աշխատելու միակ ձեւը մնացել է մուրացկանությունը
Մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանը, նրա ենթականեր Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք Արեւմուտքին վաճառում էին իրենց հակառուսականությունը: Հարցազրույցներ էին տալիս, հայտարարություններ անում Ռուսաստանի դեմ, Հայաստանում ՌԴ ներկայության դեմ, ստորագրում էին Հռոմի ստատուտը՝ պարտավորվելով կալանավորել ՌԴ նախագահին, դրա դիմաց պահանջելով Արեւմուտքի աջակցությունը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ անվտանգային: Գտել էին ապրելու եւ կառավարելու հեշտ ձեւ. մենք հայհոյում ենք Ռուսաստանին, դուք մեզ կերակրում եք ու պաշտպանում, ի՞նչ վատ է որ: Բայց մայիսին պարզվեց, որ Փաշինյանի առաջարկած ապրանքն այլեւս այն պահանջարկը չունի: Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանին հասկացրին, որ իր առաջարկած ապրանքն այնքան ցածրարժեք է, որ դրան պատրաստ են վճարել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար, ոչ ավելի: Սա փաշինյանական իշխանության սնանկության պարզ արձանագրումն էր:
Բրյուսելյան այցից հետո Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ընդհանրապես մարեց. այլեւս ոչ մի եվրոպական պետություն կամ կառույց չի խոսում ո՛չ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ո՛չ բանակցություններում միջնորդական դեր ստանձնելու մասին: Նիկոլ Փաշինյանին չեն սպասում ո՛չ ԵՄ նախագահ Շառլ Միշելը, ո՛չ էլ անգամ անվտանգության եւ արտաքին հարցերի նախագահ Ժոզեպ Բորելը; Փաշինյանի ենթակայության տակ գտնվող կուսակցությունների ղեկավարների՝ Հայաստանում ԵՄ անդամության հայտի թեմայով հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունները նկատելի աշխուժություն չառաջացրին նույնիսկ Հայաստանում գտնվող ԵՄ երկրների դեսպանների մոտ, ինչից հետո Փաշինյանը ստիպված եղավ հայտարարել նման հանրաքվե անցկացնելու աննպատակահարմարության մասին: Ի՞նչ իմաստ ունի շուկա հանել մի ժամկետանց ապրանք, որը ոչ միայն գնորդ չունի, այլեւ նույնիսկ գին հարցնող:
Այս ծանր եւ հոգեմաշ ֆոնին Ադրբեջանի եւ նրա նախագահի կողմից Եվրամիությանն առաջարկվող հիմնական ապրանքը` գազը, գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում: Ալիեւին մեծ հանդիսավորությամբ ընդունեցին Իտալիայում, նա դարձավ իտալական Չենորբիո քաղաքում կազմակերպվող ամենամյա միջազգային ֆորումի գլխավոր հյուրը եւ հնարավորություն ունեցավ խոսել Ադրբեջանի եւ ԵՄ երկրների միջեւ խորացող առեւտրատնտեսական համագործակցության մասին: Ադրբեջանն այս պահին գազ է վաճառում ԵՄ անդամ 7 երկրի, եւս 3 երկիր հերթ են կանգնել ադրբեջանական գազի համար: Այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո Ռուսաստանն այլեւս չի կարողանալու Ուկրաինայի տարածքով գազ արտահանել ԵՄ երկրներ: Իսկ վերջին 3 տարիներին չնայած արտահանման սահմանափակմանը, բայցեւայնպես տարեկան 40 միլիարդ խորանարդ մետր գազ էր արտահանվում ԵՄ: Հունվարի 1-ից ԵՄ երկրներն ընդհանրապես կզրկվեն ռուսական գազից, իսկ որտեղի՞ց լրացնել առաջացող պակասորդը`բոլորի հայացքները կրկին ուղղվում են դեպի Ադրբեջան: Այդ թվում եւ՝ Ռուսաստանինը, որը եւս դիմել է Ադրբեջանին, որ օգտագործի վերջինիս գազաբաշխման համակարգը՝ լրացուցիչ գազ Եվրոպա վերաարտահանելու համար:
Այս պայմաններում ո՞ւմ է հետաքրքիր Հայաստանը, ո՞ւմ է հետաքրքիր Հայաստանի հակառուսականությունը, ո՞ւմ է հետաքրքիր՝ Հայաստանը կլինի՞ ՀԱՊԿ անդամ, թե՞ չի լինի, կլինի՞ ԵԱՏՄ անդամ, թե՞ չի լինի, Հայաստանում կա՞ ռուսական ռազմաբազա, թե՞ չկա: Հայաստանի հակառուսականությունից էլեկտրաէներգիա չես ստանա, դրանով արդյունաբերություն չես աշխատեցնի, եվրոպական տնտեսության մրցունակությունը չես ապահովի: Դա է պատճառը, որ Եվրոպայում նույնիսկ ուշադրության չարժանացրին այն փաստին, որ Հայաստանը հանել է իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ: Ձմռանն ընդառաջ, ԵՄ-ում անհանգստացած են իրենց էներգետիկ խնդիրներով, ոչ թե ինչ- որ անիմաստ ու անհեթեթ փաստաթղթով, որը բոլորի համար էլ պարզ էր, որ չի գործում: Այդ թղթով Սուդանի նախագահ Իմար ալ Բաշիրին չկարողացան կալանավորել, ուր մնաց՝ Ռուսաստանի նախագահին:
Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Փաշինյանի իշխանությունը, անձամբ Փաշինյանը եւ նրա թիմի ներկայացուցիչները հայտնվել են չափազանց ծանր վիճակում: Նրանք Արեւմուտքին առաջարկելու այլ ապրանք չունեն. գոյություն չունեցող ժողովրդավարությունը երբեք գնորդ չուներ, հակառուսականությունն ու հակապուտինականությունը եւս մերժված են: Փաշինյանը նոր մարտավարություն է մշակել. անձամբ ինքը թուլացնում է հակառուսական քարոզչությունը եւ փորձում ցույց տալ, որ պատրաստ է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պատրաստ է գնալ Պուտինի դուռը, իսկ թիմի որոշ անդամներ՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, Արեւմուտքում զբաղվում են մուրացկանությամբ: Հա, միշտ էլ այդպես է․ երբ որեւէ մեկը չի կարողանում վաճառել իր ապրանքը եւ սնանկանում է, նա դառնում է մուրացկան, սկսում է փող խնդրել ոչ մի բանի համար: Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ շարունակելու են հակառուսական հռետորաբանությունը՝ Արեւմուտքի սիրտը եւ գութը շարժելու հույսով, «ինչ կտան՝ կտան» տրամաբանությամբ: Հայտնի բան է՝ մուրացկանները կարողանում են հսկայական անձնական կարողություն կուտակել՝ չունենալով ո՛չ հարգանք, ո՛չ պատիվ: Բայց դե, սրանք դա երբեք չեն ունեցել, իսկ չունեցածը հնարավոր էլ չէ կորցնել, առավել եւս՝ դրա կորստով մտահոգվել:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ