Բորիս Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել է

Բորիս Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել է

«Հրապարակ»-ի տեղեկություններով` գլխավոր դատախազությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի մեղադրանքը վերաորակել է։

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։

Երկու օր է` մենք փորձում ենք կապ հաստատել Բախշիյանի փաստաբանների հետ, սակայն նրանք ոչ հաղորդագրություններին, ոչ նամակներին չեն պատասխանում։

Ի վերջո, կարողացանք կապ հաստատել Բախշիյանի հետ, տեղեկության վերաբերյալ փոխանցեց. «Նույն հոդվածի 3-րդ մասից 2-րդ մաս են վերաորակել։ Ավել բան եկեք չասեմ, ամեն ինչ դուք հրապարակային կտեսնեք, երբ մտավ հրապարակային դաշտ»։

Հարցին, թե գործում վերաորակումը ինչպիսի՞ փոփոխություն է առաջացնում, դատավորն ասաց. «Իրավական առումով ինձ համար զրո նշանակություն ունի, որովհետեւ որեւէ խելամիտ բան չկա գործում»։

Դատավորը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել` հորդորելով կրկին փորձել կապի դուրս գալ իր փաստաբանների հետ։

Բորիս Բախշիյանին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել վերջինիս նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Այժմ Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ 

Այսինքն, այսպես ասած, մեղադրանքը վերաորակելու արդյունքում հանվել է հարկադրաբար ցուցմունքը փոխելու մասը։

Ամիսներ անց, իրավապահները նոր հասկացնել են, որ  որոշումը կայացնելիս դատավորը չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում հարկադրանքի միջոցով ցուցմունք փոխելու հետ։

Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ցուցմունքը փոխելուն հարկադրելու հատկանիշներով։