«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:
- Արցախցիները շաբաթ օրը նորից հանրահավաք արեցին Ազատության հրապարակում, բայց այն նկատելիորեն սակավամարդ էր, քան նախորդը, ըստ որոշ հաշվարկների՝ մոտ 5 հազար մարդ էր մասնակցում: Հետո նրանցից ոմանք նստացույց սկսեցին, սակայն այս ակցիան էլ բազմամարդ չէ` մասնակցում է մաքսիմում 1500-2500 մարդ: Իսկ իմպիչմենտի գործընթաց մեկնարկողները եւ քարոզողները պարբերաբար ասում են, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը պետք է ուղեկցվի փողոցային պայքարով, հասարակությանը պետք է ոտքի հանել եւ ճնշում գործադրել ՔՊ-ականների վրա, որ նրանք անվստահություն հայտնեն Փաշինյանին` այդ ճանապարհով կհասնենք հաջողության: Բայց եթե այժմ անգամ Արցախի համար մարդիկ փողոց դուրս չեն գալիս, ո՞րն է երաշխիքը, որ իմպիչմենտի պարագայում դուրս կգան եւ կպայքարեն:
- Նախ ասեմ, որ իմպիչմենտի պրոցեսն արդեն իսկ սկսվել է: Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ երկար ժամանակ է՝ այդ պրոցեսները գնում են, «Պատիվ ունեմ»-ը թեկնածու է առաջադրել, «Հայաստան» խմբակցությունն էլ նշեց, որ իրենք էլ իրենց 28 մանդատն են տալիս, սակայն հաշվեք՝ դրանք դարակների մեջ են եւ այլն: Երբ Միքայել Աջապահյանին կալանավորում էին, նույն «Հայաստան» դաշինքն առաջարկեց Սրբազանի թեկնածությունն առաջադրել՝ որպես իմպիչմենտի վարչապետի թեկնածու: Ինչպես գիտենք` «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հայտարարեց, որ Վեհափառի համաձայնության դեպքում պատրաստ է տալ իր համաձայնությունը: Այսինքն` իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսվել: Բոլոր նրանք, ովքեր իմպիչմենտի գործընթացը համարում էին անլուրջ կամ «Հայաստան» դաշինքի դեմ, արժանահավատ չէին, որովհետեւ, եթե պրոցեսն անլուրջ էր, ապա ինչպե՞ս էր նույն՝ «Հայաստան» դաշինքը Միքայել սրբազանի թեկնածությանը համաձայնություն տալիս: Հիմա գանք արցախցիների ակցիային: Մասնակիցների թվերի մասին չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ ես կազմկոմիտեի անդամ չեմ, չգիտեմ նույնիսկ՝ ակցիան ավելի շատ քաղաքակա՞ն է, թե՞ սոցիալական: Ես` ինքս, ներկա եմ եղել արցախցիների հանրահավաքին: Իմ ողջ կենսագրությունը շաղախված է արցախյան խնդրին, եւ ես ու իմ կուսակիցներից մի քանիսը մասնակցեցինք ակցիային, իսկ թե ինչու այն բազմամարդ չէ, այդ հարցին կարող են պատասխանել քաղաքագետներն ու հոգեբանները: Գուցե մարդիկ առաջնորդ չեն տեսել այնտեղ, գուցե չեն հավատացել, գուցե հիասթափված են….
- Այդ դեպքում իմպիչմենտ նախաձեռնողներին որտեղի՞ց այն համոզվածությունը, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու պարագայում մեծաթիվ մարդիկ դուրս կգան փողոց:
- Ես սուրճի բաժակ չեմ նայում: Դուրս չեն գա` Նիկոլին կնվիրեն իշխանությունը, ու վերջ: Կա՞ այլ տարբերակ, որն առավել արդյունավետ է: Ես կրկնում եմ՝ եթե իմպիչմենտը վատ տարբերակ է, արդյունավետ չէ, ինչպե՞ս էր «Հայաստան» խմբակցությունը Միքայել Աջապահյանի թեկնածությունն առաջադրում:
- Բայց ինչպե՞ս եք ՔՊ-ականների համաձայնությունը ստանալու:
- Ամեն ինչ՝ հերթով, ալֆան չանցած՝ օմեգային եք հասնում: Իմպիչմենտ ասվածը հո մենք չե՞նք հորինել: Սահմանադրության մեջ պարզ գրված է, թե իմպիչմենտը որ դեպքում կարող է հաջողություն արձանագրել: Հայաստանում քանի՞ մարդ կա, որ հավատում է Փաշինյանի ինքնակամ հրաժարականին: Մնում է Նիկոլին օրինական ճանապարհով իշխանությունից հեռացնելու երկու տարբերակ՝ իմպիչմենտ եւ ընտրություններ: Իմպիչմենտին համաձայն չեն, իսկ ընտրություններին դեռ 11 ամիս կա: «Էշ, մի սատկի, գարուն կգա», էստեղ են ասել: Աստված գիտի, թե այս 11 ամիսներին ինչ զիջումների կարող է գնալ, հետեւաբար՝ միայն մնում է իմպիչմենտը: Միակ գործիքը, որ կախված չէ Նիկոլից, իմպիչմենտն է:
- Իսկ ավելի խելամիտ չի՞ լինի, եթե նախ փողոցը լցնեք, բազմահազարներով մարդկանց առաջնորդեք, հետո նոր միայն` այդ հոծ բազմության օգնությամբ, անվստահության գործընթաց սկսեք:
- Դե, ի՞նչ ասեմ, սպասեք, թե երբ կլցվի փողոցը: Սամվել Կարապետյանի միտինգին էլ հո լցված էին: Տարբեր միտինգների ժամանակ էլ էին փողոցներում լցված: Իսկ ո՞վ ասաց, որ հիմա մարդիկ դուրս չեն գալու:
- Արցախցիների բողոքի ակցիան սակավամարդ էր:
- Արցախցիների միտինգների ժամանակ քաղաքական դերակատարներ չկային: Ես էի, Տիգրան Աբրահամյանն էր, Րաֆֆի Հովհաննիսյանին տեսա, Լարիսա Ալավերդյանին, մի քանի դաշնակցականների եւ մի քանի այլ գործիչների: Քաղաքական հիմնական դերակատարներ չկային: Նորից եմ կրկնում` արցախցիների ակցիան ինչքան որ քաղաքական է, այդքան էլ սոցիալական է: Արցախցիներն ի՞նչ խնդիր են դնում: Օրինակ` Նիկոլի հեռացման, իմպիչմենտի խնդիր դրե՞լ են: Մարդիկ այսօր չեն եկել, վաղը կարող են գալ, ինչո՞ւ եք վատատեսորեն նայում հարցին: Հիմա էլ նոր քաղաքական թիմ է ձեւավորվում՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ: Այսինքն` քաղաքական պրոցեսներ են ընթանում, իրադարձություններ են սպասվում:
- Ի՞նչ կարծիք ունեք Սամվել Կարապետյանի՝ քաղաքական հայտ ներկայացնելու մասին: Այսօր հայտարարվեց, որ Կարապետյանի առաջնորդությամբ նոր թիմ է ձեւավորվում:
- Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կարապետյան ընտանիքի հետ` 2006 թվականից: Կարեն եւ Սամվել Կարապետյանների հետ ունեմ ջերմ հարաբերություններ: Բարձր եմ գնահատում նրանց ընտանիքի ներդրումն ազգային կյանքում: Նրանց արժեքային համակարգը, բարեգործությունները համարում եմ շատ կարեւոր: Սամվել Կարապետյանը 21-րդ դարի մեծագույն ազգային բարերարներից է: Ինչ վերաբերում է նոր ձեւավորվող թիմին, ապա այն հայտնի չէ դեռեւս, բայց, ճանաչելով Կարապետյան ընտանիքին, վստահ եմ, որ պրոֆեսիոնալ թիմ է լինելու:
- Կարապետյանի նոր թիմը չի՞ խանգարի ընդդիմությանը: Ձայներ չե՞ն տանի ընդդիմությունից:
- Մեր նպատակն իշխանության գալը չէ: Հանրապետականի նպատակն իշխանափոխությունն է` Նիկոլին հեռացնելը եւ նրա փոխարեն տեսնել մարդկանց, որոնց համար Հայաստանի Անկախության հռչակագիրը, Եկեղեցու բացառիկությունը, ազգային նպատակները լինեն բացարձակ արժեքներ: Մենք ե՞րբ ենք ասել՝ միայն մենք: Հո տրամվայ չե՞նք նստում, որ խանգարենք իրար: Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի ժամանակ ասել է` եթե Հանրապետականը պետք է ուժեղ կուսակցություն լինի, իսկ Հայաստանը որպես պետություն՝ թույլ, ապա դա սխալ է, բայց, այ, եթե Հայաստանն ուժեղ լինի, ՀՀԿ-ն՝ թույլ, այդտեղ խնդիր չենք տեսնում: Ցանկացած կուսակցություն, այդ թվում` ՀՀԿ-ն, ընդամենը միջոց է՝ պետության, հայրենիքի խնդիրները լուծելու համար: Կուսակցամոլությունը լավ բան չէ:
- Ճի՞շտ հասկացա, այս պահին ձեր օրակարգում բացառապես իմպիչմենտի գործընթացն է: Այլ անելիքների մասին չեք մտածում:
- Այս պահին միայն իմպիչմենտն է, որովհետեւ ընտրություններին կա 11 ամիս: Չենք կարող նստել ու սպասել, թե Նիկոլը վաղն ինչ է հանձնելու: Չենք կարող սպասել հրաշքի, որ նա կհեռանա իր կամքով: Կա երեք տարբերակ՝ կա՛մ ընտրություններով պետք է նա հեռանա, կա՛մ՝ իր կամքով, կա՛մ` իմպիչմենտի միջոցով: Առաջին երկու տարբերակներն այս պահին բացառում ենք: Այս 11 ամիսներին նա դեռ 50 անգամ կարող է Ալիեւի հետ աբուդաբիներում հանդիպումներ ունենա եւ աշխարհի զիջումներն անի: Այս մարդիկ արդեն Եկեղեցու դեմ են դուրս եկել, մեզ համար այս պահին ամենակարեւորը մեր ազգային արժեքների պաշտպանությունն է: Նա իշխանության է բերվել, որպեսզի մեր ազգային գաղափարներից հրաժարվենք: Արցախը հանձնեց, ցեղասպանությունից հրաժարվեց, թուրքերի հետ եղբայրություն է անում, Անկախության հռչակագրից հրաժարվեց, տակը մնաց միայն Հայ առաքելական եկեղեցին: Այժմ պետք է ազգային համախմբման գալ, պետք է կարեւորել մեր արժեքները: