«Հատուկ հաստատությունները փակվում են. խնդիրներն ու առաջին արդյունքները» թեմայով քննարկմանը Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանի խոսքերը մի տեսակ սառը ջուր լցրեցին այն հովվերգությանը, որով սոցապնախարարության ներկայացուցիչ Անահիտ Քալանթարյանը ներկայացնում էր գիշերօթիկներից ընտանիքներ գործընթացը։ Միրա Անտոնյանը հայտարարեց․ «Շատ են դեպքերը, երբ մայրն ընտրության առջև է․ կամ պետք է աշխատի, և ընտանիքի բոլոր անդամներն ուտելու բան ունենան, և երեխաները, բնականաբար, պետք է գնան ընտանիքից, կամ պիտի բոլորը սոված լինեն միասին։ Դեպքերը շատ տարբեր են, և ամեն իրավիճակ պետք է շատ հանգամանալից նայել»։
Ըստ նրա՝ ամեն իրավիճակի համար կան շատ խոցելի կետեր, բայց միևնույն ժամանակ կան ռեսուրսային կետեր։
Միրա Անտոնյանի խոսքով՝ շատ ավելի ծանր է վիճակը հացի փռերում աշխատող կանանց պարագայում։ «Ընդ որում, գիշերվա աշխատանքից հետո մարդը գալիս է, և հավատացեք ՝ չի կարող ցերեկն էլ երեխաներին տիրություն անել, որովհետև ցերեկն էլ քնում է։
Թե անգամ երեխային չի տանում մանկատուն, էդ երեխան փաստացի հայտնվում է փողոցում կամ մնում է առանց խնամքի»,-ասաց նա։
Ըստ որում, սա միայն երեխայի ֆիզիկական անվտանգությանն է վերաբերում, բայց շատ հաճախ լինում է այնպես, որ մայրն ուղղակի սկսում է չճանաչել սեփական երեխային։
Նման դեպքերում, ըստ ՀԿ ներկայացուցչի, փորձում են գտնել լուծումներ, որ մայրն ավելի քիչ աշխատի, ավելի քիչ ստանա, բայց կարողանա ֆիզիկապես լինել իր երեխաների կողքին։ Օրինակ, մի կին ծանր պայմաններում աշխատելիս է եղել հացի փռում, նրան օգնել են, որ տեղափոխվի խմորեղենի արտադրամաս, սկսել է տնից թխել ու հանձնել խանութներին, անգամ՝ ավելի շատ վաստակել։
«Մարմնավաճառների դեպքում դա անհնար է։ Ես սա ասում եմ առանց իրոնիայի, որովհետև դեպքերը շատ տարբեր են։ Կան մարմնավաճառներ, որոնք սրբությամբ պահում են երեխաներին, կան՝ կարող են երեխայի ներկայությամբ այցելուներ ընդունել կամ նրանց առաջարկել»,-ասաց Միրա Անտոնյանը։