Սկանդալային փոխնախարարը նոր պաշտոն ունի

Սկանդալային փոխնախարարը նոր պաշտոն ունի

Անցած տարի մեծ աղմուկով պաշտոնից ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որին մեղադրում էին քրեական շրաջանակների հետ ակտիվ կապի, ինչպես նաև իր «մտերիմ» Դիանա Գալոյանի օգտին պետական հովանավորչություն կատարելու մեջ, որի շնորհիվ վերջինս դարձավ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, չնայած օրենքի հետ կապված մի շարք բարձրաձայնված խնդիրների: Ու թեև Գրիշա Թամրազյանին նշանակել և շատ ակտիվ հրապարակային պաշտպանում էր այդ պահին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Թամրազյանը պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո մեծ դժգոհությամբ հայտարարեց, որ իր համար «հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ.-ից»՝ այդպիսով հարվածելով իր համար տևական ժամանակ շատերի դեմ պայքարած «հեղափոխական» նախարարին ու նրա թիմին: Կարծիք կա, որ այս փաստը նաև Արայիկ Հարությունյանին ազատելու հիմնական պատճառներից մեկն է եղել՝ որպես հերթական մեծ ձախողում:

Մեզ հայտնի դարձավ, որ այժմ նախկին աղմկահարույց փոխնախարարը նշանակվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական: Բացի դրանից, Թամրազյանը շարունակում է իր հետ սերտ կապի մեջ գտնվող Դիանա Գալոյանի միջոցով «հարցեր լուծել» Տնտեսագիտական համալսարանում: Իսկ, ավելի կոնկրետ, օրեր առաջ ՀՊՏՀ-ում հատուկ նոր պաշտոն է բացվել՝ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, որին նշանակվել է Գրիշա Թամրազյանի մտերիմ ընկեր Նարեկ Անտոնյանը, որը տեղափոխվել է Բրյուսովի պետական համալսարանից, որտեղ ևս հայտնվել էր Թամրազյանի կանչով: Կարելի է նկատել, որ վերջինիս սոցիալական էջը պարզապես ողողված է ի պաշտպանություն Գրիշա Թամրազյանի գրառումներով: Նրան նույնիսկ հաջողվել է 1 օրվա ընթացքում 3 աջակցող գրառում կատարել Գրիշա Թամրազյանի մասին, ինչի շնորհիվ ըստ երևույթին «պարգևատրվել» է նոր պաշտոնով Դիանա Գալոյանի միջոցով Գրիշա Թամրազյանի վերահսկողության տակ գտնվող Տնտեսագիտական համալսարանում: