ՀՊՏՀ-ում ճգնաժամային իրավիճակ է, Գալոյանը հորդորում է վերսկսել դասերը

ՀՊՏՀ-ում ճգնաժամային իրավիճակ է, Գալոյանը հորդորում է վերսկսել դասերը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ուսումնական գործընթացը դադարեցվել է: Երեկ տարածած հաղորդագրությամբ բուհի ռեկտորատը տեղեկացրել էր՝ որոշումը կայացվել է կոլեկտիվի մեծամասնության համաձայնությամբ, ու դասերը չեն վերսկսվի, քանի դեռ հուլիսի 17-ին ռեկտորի ընտրություններում հաղթած Դիանա Գալոյանը Կառավարության կողմից չի նշանակվել ռեկտորի պաշտոնում:

«Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ձեր հանդեպ և հայցելով ձեր ներողամտությունը, հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ձեր շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով: Հանձն ենք առնում լրացնել բոլոր բաց թողնված դասաժամերը», - ասված է բուհի ռեկտորատի և ուսխորհրդի համատեղ հայտարարությունում:

Այս պահին բուհի ղեկավարման պարտականությունները պաշտոնապես դրված են համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի վրա: 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Փաշինյանը չի ստորագրում Գալոյանի հրամանը, քանի որ Ժողինստիտուտի ռեկտորի նշանակման մասով այլ պլաններ ունի։

«ՀՊՏՀ-ում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է, պատճառը այն է, որ հուլիսի 17-ին տեղի էր ունեցել մրցույթ, իսկ ընտրության արդյունքները մինչեւ հիմա չեն հաստատվել։ Համալսարանը երկու տարի է ռեկտոր չունի, այսքան ժամանակ այն կառավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Հիմա ես ընտրության արդյունքում ստացել եմ խորհուրդի անդամների ձայների 2/3-ը և մինչեւ հիմա սպասում են նշանակմանը։ Տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրուրդը այս հարցով դիմել է թե վարչապետին, թե նախարարին, սակայն մեկ ամիս է անցել դրանից և կրկին պատասխան չկա»,- քիչ առաջ իր ելույթում նշեց Դիանա Գալոյանը։

Նա ասաց, որ ուսումնական պրոցեսի կանգ առնելն իր համար ընդունելի տարբերակ չէ,  դասերը դադարեցնելով իրենք ուղղակի ուզում էին ուշադրություն հրավիրել ստեղծված իրավիճակի վրա, Գալոյանը հորդորեց վերսկսել դասերը։

Նշենք, որ իրականում տնտեսագիտականի մի շարք ուսանողներ դժգոհել էին, որ ուսումնական պրոցեսը կանգ է առել, նրանց խոսքով՝ ոտնահարվում են իրենց իրավունքները։