Մանկավարժականի փակման մասին խոսակցությունները բուհում խուճապ են առաջացրել

Մանկավարժականի փակման մասին խոսակցությունները բուհում խուճապ են առաջացրել

Երեկ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում բոթ էր ընկել, թե կառավարությունը նախատեսում է փակել բուհը և վաճառել Խանջյան փողոցի վրա գտնվող հսկա մասնաշենքը: Նշում են նույնիսկ ապագա գնորդի անունը՝ Խաչատուր Սուքիասյան: Դասախոսների մի մասը, որոնք աշխատում են այդ շենքում, արդեն սկսել են աշխատանք փնտրել, համոզված, որ բուհի լուծարման արդյունքում անգործ են մնալու: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը, լսելով, որ կա նման «շուխուր», շտապեց հանգստացնել կոլեկտիվին. «Տեղեկութունն իրականությանը չի համապատասխանում»: Հնարավո՞ր է, որ առժամանակ հետո պարզվի, որ այնուամենայնիվ նման քննարկում կա: Մելիքբեկյանը պատասխանեց. «Դա ապատեղեկատվություն է»: 

Իսկ մանկավարժականի խոսնակ Դիանա Մարկոսյանը հիշեցրեց. «Տասը տարի է խոսակցություններ կան, որ մեր համալսարանը փակվում է, բայց ինչպես տեսնում եք՝ մենք կանք»: Բայց տասը տարի խոսվող շատ ուրիշ թեմաներ էլ, ի վերջո, իրականություն են դարձել: Հնարավո՞ր է, որ Խանջյանի շենքը վերցնեն Մանկավարժականից ու դա դառնա փակման պատճառ: «Մանկավարժականը 4 շենք ունի», - ասաց խոսնակը:  

Գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակը փոխանցեց նրա ռեակցիան այն հարցին, թե ունի՞ արդյոք Խանջյանի վրա գտնվող բուհի շենքը գնելու ծրագիր. «Պարոն Սուքիասյանը երկար ծիծաղեց: Էլ ինչ շենքի հետ ասես մեզ չեն կապել վերջին տարիներին»:   

ԿԳՄՍՆ-ին մոտ աղբյուրն էլ հայտնեց, որ որոշ բուհերում կա օպտիմիզացման խնդիր: «Ասենք՝ մանկավարժականի քիմիայի ֆակուլտետում քիչ մարդ կա, դա կարելի է միացնել համալսարանի քիմիայի ֆակուլտետին: Բայց սա խոսակցությունների մակարդակի է», - հայտնեց նա: 

Զանգահարեցինք Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որ պարզենք ՀՀ հնագույն բուհերից մեկի փակման մասին լուրերի հիմքը: 

«Ես չեմ էլ պատրաստվում այդ անհեթեթությունը մեկնաբանել: Ինչ վերաբերում է կոլեկտիվին, դուք գիտեք, որ ես կոլեկտիվին ունեմ առնչություն, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, ու կարծում եմ, լրագրողների միջոցով չի, որ պիտի շփվենք: Ես երկուշաբթի բուհում էի, և եթե խնդիր կա, ուղիղ նրանց հետ կհանդիպեմ, բայց անհեթեթ լուր է դա»: 

Հնարավո՞ր է, որ օպտիմիզացման ծրագիր քննարկման լինի, այն ֆակուլտետները, որտեղ քիչ ուսանողներ կան, միացնեն այլ բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ: «Ես չունեմ ձեզ այլ բան ասելու: Ես բուհերի ուղղությունը չեմ համակարգում: Հիմա դուք ինձ ներքաշում եք հաջորդ, ավելի անհեթեթ դիտարկմանը»: Եթե ասում եք՝ չէ, ուրեմն, չկա, ինչի՞ մեջ եմ Ձեզ ներգրավում: «Ես արդեն պատկերացնում եմ ձեր դրած վերնագիրը՝ դուք մարդկանց մասին եք խոսում, պետք չի սենսացիաների հաշվին լրացուցիչ լարվածություն ստեղծել, այն դեպքում, երբ դրանց հիմքերը չկան: Մանկավարժական բուհի զարգացման ծրագրեր ենք անելու, ոչ թե բուհը որևէ կերպ վնասելու: Լինելու են զարգացման ծրագրեր», - պատասխանեց կրթության փոխնախարարը: 

Բայց մի տեսակ, էլ չենք հավատում այս իշխանավորների շուրթերից հնչող «զարգացում» բառին: Տա Աստված՝ սխալվենք: