Ակադեմիայում նախագահ են ընտրում

Ակադեմիայում նախագահ են ընտրում

Գիտությունների ազգային ակադեմիայում վաղ առավոտից մեկնարկել են ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարների ընտրությունները: Մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել եւ լուսաբանել ընտրության ընթացքը, պատճառաբանելով, որ այն միշտ փակ է եղել ԶԼՄ-ների առաջ։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա առաջադրումները կատարվելու են տեղում։ 

Համաձայն «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ԳԱԱ կանոնադրության՝ ակադեմիայի նախագահն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, ակադեմիայի ակադեմիկոսների թվից` փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ:

Ի դեպ, 15 տարի պաշտոնավարած Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006-ից եւ վերընտրվել է 3 անգամ: Անցած՝ 2016-ի ընտրությունների ժամանակ այդ հանգամանքը բացատրեցին նրանով, որ երբ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է ակադեմիայի նախագահի պաշտոնում, ԳԱԱ կանոնադրությամբ դեռ նման սահմանափակում չի եղել։ Իսկ նախագահի պաշտոնավարման սահմանափակումը նրա կողմից է առաջարկվել՝ նախորդ ընտրության ժամանակ։

Մենք արդեն գրել էինք, որ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ, օրենքի համաձայն, այլեւս իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, հետո՝ տարիքից ելնելով, դժվարանում է կազմակերպչական հարցերում։ Թե ինչ է անելու ԳԱԱ-ից հեռանալուց հետո, Մարտիրոսյանն ասել էր․ «Հազար ու մի բան, գիտությամբ եմ զբաղվելու»։