Նստելու առաջին իսկ պահից Փաշինյանը մատնում է իրեն․ Ժեստերի լեզուն

Նստելու առաջին իսկ պահից Փաշինյանը մատնում է իրեն․ Ժեստերի լեզուն

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին «Հրապարակը» զրուցել է հոգեբան Աննա Գալստյանի հետ: Հոգեբանը վերլուծել է երկու երկրների ղեկավարների հոգեբանական վիճակը, ժեստերն ու խոսքը:

Վլադիմիր Պուտին

Չնայած նրան, որ Պուտինն իր ժեստերում շատ զգույշ է, բայցևայնպես, Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նկատվում են մի քանիսը: Երբ խոսում է մեր երկու երկրների 30 տարվա համագործակցության մասին, ձեռքը գլխին է տանում, որը կարելի է մեկնաբանել, թե մտածելու բան ունի կամ վստահություն չունի։ Երբ Պուտինը Փաշինյանի հագեցած հանդիպումներից է խոսում, փողկապն է ուղղում, դա կարող է նշանակել, որ գոհ է այդ ամենից։

Երբ փաստաթղթերի ստորագրման մասին է խոսում, հենվում է աթոռին և մինչև հանդիպման վերջ մնում է այդ դիրքում, որն էլ ցույց է տալիս, թե ինքն է իրավիճակի տերը, և դա նաև կարող է նշանակել, որ իր համար շահեկան պայմաններով են այդ փաստաթղթերի ստորագրությունը և համագործակցությունը:

Ելույթի սկզբից էլ խոսում է հաճախակի շփումների մասին, հատուկ շեշտադրումներով՝ ի լուր ողջ աշխարհի, թե Հայաստանի ղեկավարն ամեն առիթով սերտ շփման մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ:

Նիկոլ Փաշինյան

Նստելու հենց առաջին շարժումներից մատնում է իրեն, որ իր դիրքում չէ, երկար տեղավորվում է, հարմարվում է աթոռին:

Ողջ ելույթի ընթացքում հավաք է նստած, լարված է, կարծես փորձում է քիչ տեղ զբաղեցնել, չնայած արտաքուստ հանգիստ է երևում։ Երկու ղեկավարների հեռախոսազրույցների ու հանդիպումների մասին Պուտինի ասածը հաստատելու ժամանակ Փաշինյանն անհանգիստ շարժումներ է անում, խոսքը դառնում է կաշկանդված, անհասկանալի ձայներ հանելով, դա կարող է նշանակել, որ այդ թեմայի մասին խոսելն իրեն անհարմարություն է պատճառում, այդ խոսակցությունների բովանդակությունն իրեն կոմֆորտ չի պատճառել կամ այդ մասին ելույթի ընթացքում խոսելը: Հատկապես ուշագրավ է աչքերի շարժումը, հեռախոսային իրենց զրույցների մասին խոսելիս նայում է վերև, որը հատկանշական ժեստ չէ, դա նշանակում է, որ նա ոչ թե հիշում է խոսակցությունները (ձայնը, զրույցի բովանդակությունը), այլ տեսնում է նկար իր գլխի մեջ: Չէ՞ որ զրույցը չեն տեսնում, այլ լսում են:

Կարելի է ենթադրել` ինչ-որ բան է մտածում կոնտեքստից դուրս։

Սկսած այն պահից, երբ Փաշինյանը խոսում է, որ Ոուսաստանը համարվում է Հայաստանի ստրատեգիական պարտնյոր, նրա դեմքից անհետանում է ժպիտը, և արտահայտում է մտահոգություն, չնայած նրան, որ խոսում է լավ համագործակցության մասին: Դա շարունակվում է, քանի դեռ նա խոսում է այդ թեմայով, և միայն այն ժամանակ, երբ ավարտում է թեման, ժպիտը կրկին հայտնվում է դեմքին: 

Արցախի հարցում Ռուսաստանի դերի մասին խոսելիս թուքը չորանում է, ու խոսքն այդքան էլ սահուն չի դառնում։ Դա կարելի է մեկնաբանել, որ այդ հարցը շատ մեծ հուզմունք է առաջ բերում, որը թաքցնում է ու նաև դիմելով ժողովրդական իմաստնությանը. «կարկամեց», «թուքը բերանում չորացավ» նշանակում է` շատ ուժեղ վախեցավ։