Հարցազրույց

Խնդիրը՝ կա՛մ պատրաստվել պատերազմի, կա՛մ հետաձգել․ Փաշինյանը երկուսն էլ ձախողեց

Խնդիրը՝ կա՛մ պատրաստվել պատերազմի, կա՛մ հետաձգել․ Փաշինյանը երկուսն էլ ձախողեց

Հարցազրույց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ

- Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատերազմող երկիրը 2018-ին չէր կարող փողոցով իշխանություն փոխել․ ի՞նչ է սա նշանակում, ակնարկում էր, որ դրանով պատերազմի վտա՞նգը մեծացրինք, հնարավո՞ր էր խուսափել պատերազմից։

- Բոլոր երկրներում մարդիկ փորձում են պատերազմից խուսափել, գոնե այն ժամկետով հետաձգել, որ կարողանաս պատրաստվել պատերազմին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի հայտարարությանը, հիմա տարբեր կերպ են գնահատում, բայց նա ասաց, որ չէր կարելի պատերազմի մեջ լինել եւ 2018 թվականին նման հեղափոխություն անել, եւ նաեւ ասաց, որ հիմա պատերազմը չի ավարտվել, հիմա էլ նույն ձեւով փորձում են փողոցով իշխանափոխություն անել։ ՌԴ նախագահը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության համար հստակ ձեւակերպեց։ 2018-ից հետո «Նոր Հայաստանի» կառուցողները եկան․․․ լավ էր՝ ժողովուրդն ըմբոստացավ նախկին իշխանությունների դեմ, հետո կոնսոլիդացվեց, Նիկոլը կարողացավ առաջնորդել ժողովրդին, մի խոսքով՝ իշխանությունը փոխվեց, Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ իր հետ բերեց իր թիմը։ Իշխանություն ձեւավորելու առաջին իսկ օրը իր խնդիրը պիտի լիներ Արցախի խնդիրը՝ կա՛մ պատրաստվել պատերազմի, կա՛մ այն հետաձգել, բայց նա երկուսն էլ սխալ արեց․ նախ պատերազմը հետաձգելու համար ոչինչ չարեց։ Մինսկի խմբի համանախագահող երկրները պատահական չէին ընտրված, չէ՞, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, աշխարհի հզորագույն երկրներն էին ներգրավված, եւ Մինսկի խումբը երկար տարիներ կարողանում էր պահպանել Ղարաբաղի ստատուս-քվոն։ Նիկոլ Փաշինյանը փորձեց Մինսկի խմբի շրջանակներից դուրս գալ, ասաց, որ իր կետից է սկսում, դա նաեւ Մինսկի խմբին էր վերաբերում։ Մինսկի խումբը փորձում էր պատերազմն անընդհատ ձգել եւ Ղարաբաղի խնդրին դիվանագիտական ճանապարհով լուծում տալ, բայց եթե դու ասում ես, որ նոր կետից ես սկսում, անցած տարիների բանակցությունները քեզ չեն հետաքրքրում, որ Իլհամ Ալիեւի հետ մի հատ հեռախոսային գիծ ես քաշում, եւ երկուսով իրար հետ այդ հարցը լուծում ․․․ Մինսկի խումբը դուրս էր մնում, եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք։ Այսինքն՝ ստատուս-քվոն դիվանագիտական ճանապարհով երկարաձգելու, պահելու աշխատանքը թուլացրեց, եւ դրան հակառակ՝ բանակում սկսվեցին գեներալների պաշտոնաթողություններ, նոր մարդիկ, նոր գեներալիտետ, բայց դրանով բանակը չուժեղացավ։ Պատերազմը ցույց տվեց, որ դրանով մեր բանակը թուլացավ, ի վերջո՝ Սեյրան Օհանյանն էր գնացել Շուշին պաշտպանելու։ Երկու ուղղությամբ սխալ քաղաքականություն գնաց, հույսները ո՞րն էր, որ Ալիեւի հետ կկարողանա այս հարցը հեռախոսո՞վ լուծել։ Իհարկե, չէր կարող լուծել։ Թուրքիան սկսեց զորավարժություններ Ադրբեջանի հետ Նախիջեւանում, հետո՝ բուն Ադրբեջանում, ակնհայտ էր, որ լուրջ պատերազմի են պատրաստվում։ Դա չէր կարող չլինել, ո՞ւր էր մեր հետախուզությունը, հակահետախուզությունը, ինչո՞ւ մենք պիտի հանկարծակի պատերազմ ստանայինք։ Մեր տարածաշրջանն այնքան փոքր է, ակնհայտ էր, որ այսօր չեղավ, սեպտեմբերի 27-ին չեղավ, կարող է հոկտեմբերի 4-ին լինել, բայց վտանգն ակնհայտ կար, չէ՞։ Զորքի տասնյակ հազարավոր զորաշարժը չի կարելի թաքցնել, քողարկել, այնպես որ՝ պատերազմի լինելությունն ակնհայտ փաստ էր, եւ մենք այդ փաստի հետ բախվեցինք։

- Իսկ հետաձգել հնարավո՞ր էր։

- Ես կարծում եմ՝ այո, կարելի էր հետաձգել, կարելի էր Մինսկի խմբի շրջանակներում ստատուս-քվոն երկարաձգել եւ հասնել մի բանի․․․ Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասաց «ցավոտ զիջումների» մասին, բայց երկրի ղեկավարի խոհեմությունը, պատասխանատվությունն իր ազգի, ժողովրդի նկատմամբ, մանավանդ, որ ունի շատ լուրջ լեգիտիմության տոկոս, ուղղակի միշտ պիտի ազնիվ լինի։ Իհարկե, այն ժամանակ էլի դժգոհություններ, միտինգներ կլինեին, Նիկոլին էլի տարբեր պիտակներ կկպցնեին, բայց եթե դու  համոզված ես, որ քո պետության, քո ժողովրդի համար այդ լուծումն ամենաճիշտն է, մի թող, որ պատերազմը քեզ ստիպի, որ դու կապիտուլյացիա ստորագրես։

- Ուզում եք ասել՝ Ղարաբաղից ավելի շա՞տ բան կմնար։

- Միայն Ղարաբաղը չէ, մեր կոմունիկացիաներն էլ կմնային, մեր կապը կմնար, Մեղրիում ճանապարհի խոսակցությունները չէին լինի։ Երկիր ղեկավարելը բարդ խնդիր է, պոպուլիստական լոզունգներով հնարավոր չէ երկիր ղեկավարել։ Ես զարմանում եմ․ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետն ասել է, որ մենք պարտվում ենք, բայց դրանից 10 օր առաջ ԳՇ պետը երկրի ղեկավարին չի՞ զեկուցել, որ սահմանի մոտ այսքան զորք է կուտակվել, մեր հնարավորությունն այսքանն է, մենք պարտվելու ենք։ Հրա՞շք պիտի լիներ, որ մենք հաղթեինք։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմը չէ, որ դու կարողանաս Բրեստից մինչեւ Մոսկվա հետ գալ, հետո հասնես Գերմանիա, սա փոքր երկիր է։ Ի պատիվ մեր զինվորների՝ նրանք չեն պարտվել, պետությունն է պարտվել։

- Այսինքն՝ Փաշինյանը հնարավորություն ուներ պատերազմը կանխելու, երբ 4-րդ օրը ԳՇ պետը զեկուցել է իրավիճակի մասին։

- Այո, ուներ հնարավորություն՝ պատերազմը կանխելու իր մի հայտարարությամբ, որ մենք պատրաստ ենք պատերազմը դադարեցնել, նստել բանակցությունների՝ զիջումներով։ Այնպես չէ, որ Ալիեւը մտածում էր իր զինվորներին բերի կոտորի, հազարավոր զոհեր տա։ Կկանխվեր, իհարկե, զիջումների հաշվին։

- Այդ դեպքում ինչո՞ւ «ցավոտ փոխզիջումների» հաջորդ օրը հրաժարվեց՝ հայտարարելով, թե ուրախ է, որ ժողովուրդը չարձագանքեց։

- Ինքը երեւի հասկացել էր, որ ճիշտը դա է, բայց կողքից ասացին՝ այդպես ո՞նց կլինի, դու երկրի հզոր ղեկավար ես։ Ինքն անկեղծ էր այդ օրը, հետո էլի պոպուլիզմ խաղաց, հերոսի կերպարի մեջ մտավ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image