Չե՞ն փոշմանել, որ Նիկոլ Փաշինյանին դարձրել են վարչապետ

Չե՞ն փոշմանել, որ Նիկոլ Փաշինյանին դարձրել են վարչապետ

Երեկ անառողջ մթնոլորտի պատճառով ԱԺ նիստերը բոյոկոտած ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը չդիմացավ ու հիշեցրեց, կարելի է ասել՝ երեսով տվեց «Իմ քայլին», որ «եթե չլիներ «Բարգավաճ Հայաստանը», ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի»։ «Եվ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք եւ որտեղ կհայտնվեիք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նա՝ որպես 12 տարվա խորհրդարանական, հայտարարեց, որ խորհրդարանը երբեք այսպես ցածրակարգ, էժանագին բանավեճերի հարթակ չի եղել։ Զոհրաբյանը բողոքում էր նրանից, որ իմքայլականները մանիպուլյացիաներ էին անում ու փչացնում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները քաղաքապետ-արաբ ներդրողներ թեմայով։ Իմքայլականները նաեւ ԲՀԿ-ին պարբերաբար հիշեցնում էին իր անցյալը, որ եղել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ եւ այլն։ Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց․ «Ի՞նչ պետք է անեիք, եթե չընտրեիք, քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք, որ ժողովրդի կարծիքը հաշվի չառնեիք»։

Արդեն նիստը բոյկոտած ու ԱԺ հարցուպատասխանին չմասնակցող Նաիրա Զոհրաբյանին հարցրինք՝ չե՞ն փոշմանել, որ Նիկոլ Փաշինյանին դարձրել են վարչապետ։ «Նախ՝ մենք երեսով չենք տվել, երբ որ «Իմ քայլի» մեր գործընկերներն ամեն անգամ ամբիոնին մոտենալիս իրենց սուրբ պարտքն են համարում մեզ հիշեցնել ՀՀԿ-ի հետ կոալիցիան։ Իրենց տպավորությամբ՝ մենք դա մոռացել ենք, ոչ, դա մենք չենք մոռացել։ 2007-2012 թթ․, այո, մենք եղել ենք կոալիցիայում, եւ եթե այդ կոալիցիան մեզ բավարարեր, եւ եթե կարողանայինք մեր առջեւ դրված խնդիրները լուծել, 2012-ին, երբ մեզ շատ ավելի լավ պայմաններով էին առաջարկում կոալիցիա, ԲՀԿ-ն կհամաձայներ։ Եվ քանի որ սա արդեն մեկ տարի եւ ավել է,  յուրաքանչյուր ամբիոնին մոտեցողն իր սուրբ պարտքն է համարում հիշեցնել ՀՀԿ-ի հետ կոալիցիան, ես ընդամենը փորձեցի հիշեցնել, որ էնպես չէ, թե մեր աջակցությունն իրենց չի եղել, եւ հիշեցրեցի, այո, եթե չլիներ «Բարգավաճի» աջակցությունը, ես չգիտեմ՝ ինչ գործընթացներ կլինեին դրսում, բայց առնվազն խորհրդարանում լեգիտիմ ընտրություն վարչապետի չէր լինի։ Ոչ, չենք փոշմանել, որովհետեւ այդ պահին դա ժողովրդի պահանջն էր, եւ մենք ընտրել ենք ժողովրդի թեկնածուին»,- ասաց նա։

- Ժողովրդի թեկնածուի առաջադրած թեկնածուն էլ՝ Հայկ Մարությանը, որը երեւանցիների ընտրած թեկնածուն է, դարձել է քաղաքապետ․․․

- Էստեղ բացարձակապես համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետեւ ինչպես խորհրդարանում նստած պատգամավորների 90 տոկոսն իրենք չեն ընտրվել եւ իրենք մեկ ձայն անգամ չէին ստանա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, այդպես էլ Հայկ Մարությանը յոթ ձայն անգամ չէր ստանա, եթե չլիներ Փաշինյանը։ Հայկ Մարությանի փոխարեն եթե Գյումրի-Երեւան տռասսայով քայլած մարշիրովկայի որ անդամն էլ որ առաջադրվեր Երեւանի քաղաքապետ, անկախ նրանից՝ ինչ կապ ունի Երեւանի հետ, անկախ նրանից՝ տիրապետոմ  է Երեւանի խնդիրներին, թե ոչ, անպայմանորեն ստանալու էր այդքան ձայն։ Երեւանի քաղաքապետ ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից առնվազն 80-ի դիմաց պիտի գրել՝ «Նիկոլ Փաշինյան»։

- Հիմա ձեր «կռիվը» Հայկ Մարությանի՞ դեմ է, թե՞ Նիկոլ Փաշինյանի։

- Մենք կռիվ չենք անում, մեր խնդիրը քաղաքի վատ կառավարման հետ է, մեր խնդիրը նրա հետ է, որ Հայկ Մարությանը սպիտակ օսլայած օձիքով շատ գեղեցիկ պրեզենտացիա էր անում, թե ինչպես ինքը երկու մետրանոց լիֆտեր պիտի տեղադրի Երեւանի բազմաբնակարան շենքերում, որտեղ շախտաները 1 մետր եւ 0.7 սանտիմետր են։ Ինքը հրաշալի պրեզենտացիա էր անում, թե ինչպես ամբողջ քաղաքը պիտի լուսավորվի, տրանսպորտի հարցը պիտի կարգավորվի, աղբամշակման գործարաններ պիտի կառուցվեն եւ այլն, եւ այլն։ Բայց որեւէ խոստում առ այս պահը չի կատարվել։ Մենք որեւէ մեկի հետ չենք մրցում, մենք որեւէ մեկի դեմ չենք պայքարում, մենք՝ որպես խմբակցություն, եւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հերթին, կատարում ենք մեր գործառույթները։

- Բայց վերելակների հետ կապված՝ կարծես թե սկսվել է գործընթացը, մայրաքաղաքի մի քանի շենքերում արդեն տեղադրվել են նոր վերելակներ։

- Որքանով ես տեղյակ եմ, ամեն վարչական շրջանում փոխվում է ընդամենը 2 վերելակ։ 20 վերելակ է բերվել, եւ այդ 20 վերելակները փոխվում են՝ այն դեպքում, երբ որ Երեւանում 4 հազար 500-ից ավելի վերելակ կա, եւ բոլորն էլ Սովետական Միությունից մնացած են։ Ես հիմա Ձեզ կարող եմ տալ մահվան վերելակների փաթեթը, թե Երեւանում քանի վերելակ կա, որ ուղղակիորեն չի կարելի շահագործել։

- Ես չեմ ուզում կռիվ գցել Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, բայց եթե ասում եք, որ Նիկոլ Փաշինյանն է փաստացի ընտրվել Երեւանի քաղաքապետ, ինչո՞ւ Ձեր քննադատությունն ուղղված չէ հենց նրան։

- Ես չեմ ասել՝ Նիկոլ Փաշինյանն է փաստացի քաղաքապետը, ես ասել եմ՝ երեւանցին ընտրել է Մարությանին՝ վստահելով Նիկոլ Փաշինյանին, բայց Երեւանի քաղաքապետը Հայկ Մարությանն է։ Եթե Հայկ Մարությանը չի կարող իր ֆունկցիաները կատարել, պիտի հրաժարական տա։

- Բայց Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ամբիոնից պաշտպանում էր Մարությանին։

- Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է ոչ միայն Հայկ Մարությանին, այլ պաշտպանում է նաեւ կրթության, գիտության, մշակույթի երկար անունով նախարարին, որը, ըստ իս, նույնպես թերանում է իր պարտականությունները կատարելիս։

- Ինչո՞ւ, այդ դեպքում, գլխից չեք բռնում, ձեր քննադատությունները չեք ուղղում այդ ամենի պատասխանատուին, որը նշանակել է տվյալ պաշտոնյաներին։

- Եթե իրենք ասում են, որ բացարձակապես տիրապետում են իրենց ոլորտներին, իրենք քաղաքականությունը մշակողն են, իրենք քաղաքականությունն իրացնողն են, իրենք չեն ասում, որ մենք չենք կարող, գնացեք՝ Նիկոլ Փաշինյանից պահանջեք։ Էն պահին, որ իրենք կասեն՝ անգործունակ են, կհայտարարեն իրենց անգործունակության մասին, էդ ժամանակ մենք կպահանջենք Նիկոլ Փաշինյանից։ Այս պահին իրենք ասում են, որ իրենք աս պրոֆեսիոնալ մասնագետներ են՝ մեկը աս պրոֆեսիոնալ նախարար է, մյուսն էլ աս պրոֆեսիոնալ  քաղաքապետ է։ Մենք էլ պահանջում ենք այդ ասերից…

- Հիմա ձեր քաղաքական ուժը պաշտոնապես պահանջո՞ւմ է Հայկ Մարությանի հրաժարականը։

- Նման հարց այս պահին մենք խմբակցությունում չենք քննարկել, ես իրավասություն չունեմ խմբակցության անունից որեւէ հայտարարություն անելու, բայց որ Հայկ Մարությանը չի կատարել իր նախընտրական խոստումները, դա փաստ է։ Հետագա մեր քայլերն արդեն մենք կքննարկենք։