Պետությունը ձերն է

Պետությունը ձերն է

Ինչպես փոքրիկ երեխան է տոտիկ-տոտիկ հայտնաբերել աշխարհը` ամեն օր մի նոր բան տեսնելով, բնության ու տեխնիկայի հերթական «հրաշքին» հանդիպելով, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է ամեն օր մի հայտնագործություն անում:

Ահա, նա հայտնաբերել է՝ պետություն, սոցիալական քաղաքականություն, կոռուպցիայի դեմ պայքար, եկամուտների հայտարարագրում, պետություն-քաղաքացի հարաբերություններ: Եվ իր հռետորական ողջ տաղանդը ներդնելով` փորձում է մարդկանց համոզել, որ հարկ տալը լավ բան է, տրանսպորտի սակագնի եւ մյուս թանկացումները հանրության համար են արվում, որ պետական բյուջեն պատկանում է երկրի քաղաքացիներին, որ պետությունը մարդկանց թշնամին չէ, որ քաղաքացին երբ հարկ է վճարում, դա վարչապետին չի տալիս, այլ դա հետո թոշակ ու կրթություն, առողջապահություն ու ասֆալտ է դառնում:

Պարզունակ ու շատ վիճելի մտքեր, որոնց կարելի է հազարավոր առարկություններ բերել, բայց եկեք չներքաշվենք անպտուղ ու մակերեսային վեճի մեջ: Ուղղակի չենք կարող չհիշել նախկին Նիկոլի նախկին ելույթները, երբ նա բոցաշունչ ճառեր էր ասում թանկացումների, թալանի, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով, չնայած այս թանկացումներն անհամեմատելի են նախկինի հետ, եւ պաշտոնյաների աշխատավարձերն էլ պատիկներով են աճել:

Ասում է. «Մի ասեք՝ պետությունը մտնում է մեր գրպանը, պետությունը ձերն է»: Բա նախկինում էլ էր պետությունը տրանսպորտ աշխատեցնում, թոշակ ու նպաստ տալիս, առողջապահական ու կրթական քաղաքականություն վարում, անգամ՝ ասֆալտ անում: Էլ չենք խոսում` բանակ էր պահում, զենք առնում, Արցախին էր աջակցում, ինչը հիմա չի արվում: Ինչո՞ւ խմբագիր եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր ասում․ «Պետությունը մերն է», եկեք հարկ վճարենք, թույլ տանք, որ ուղեվարձ-հոսանք թանկացնեն: