«Հրապարակ». 30 տարի աշխատել եմ համակարգում` նման բան չեմ տեսել

Շաբաթ օրը գրել էինք, որ, «Հրապարակի» տեղեկություններով, հուլիսի 20-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Համայնքից մի քանի տասնյակ տղամարդկանց բերման են ենթարկել: Արամուսի բնակիչները «Հրապարակին» պատմել էին, որ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը, ով մարզում ոչ դրական համբավ ունի եւ մշտապես աչքի է ընկել անմարդկային պահվածքով, միջադեպի արդյունքում դաժան ծեծի է ենթարկվել:
Բանն այն է, որ հուլիսի 20-ի գիշերը Արամուս գյուղում միջադեպ է տեղի ունեցել, որին խառնվել է նաեւ անձամբ ոստիկանապետ Այվազյանը, ինչի արդյունքում, նրա պահվածքից վրդովված գյուղացիները դաժան ծեծի են ենթարկել նրան: Հնչել են հայհոյանքներ, ոստիկանները կրակ են արձակել գյուղացիների ուղղությամբ, ինչին հաջորդել են ծեծուջարդը, ոստիկանություն տանելը:
Մեր հրապարակումից ժամեր անց տեսանյութեր տարածվեցին, որտեղ երեւում է, թե ինչպես է վերոնշյալ ոստիկանապետն Աբովյանի բժշկական կենտրոնում միջադեպի մասնակից մեկ այլ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում, վերջինիս հետ խոսում «արա»-ով, փորձում խլել նրա հեռախոսը եւ այլն:
Տեղի ունեցածի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արամուսի վարչական ղեկավարից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: Զրուցեցինք դեպքի ականատեսներից մեկի հետ, ով խնդրեց չհրապարակել անունը։ «Հայր ու տղա` մի քիչ խմած, փողոցում վիճել են, քաղաքացիական հագուստով մոտեցել ա ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը, նրանց ասել, որ կտանեմ ձեզ բաժին ու …. սեռական ակտի տեսակ է նշել: Հեր ու տղա, լսելով էս ամենը, հարձակվել են ոստիկանապետի վրա։ Դրանից հետո ոստիկանությունը լցվել ա տարածք, կրակել մարդկանց վրա, որոնցից մեկը մի ոտքը կորցրած հաշմանդամ ա»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ նրա` Աբովյանի ոստիկանության պետ Էդմոնդ Այվազյանի հայրը եւս ոստիկան է եղել եւ նույնպես նման միջադեպի կիզակետում է հայտնվել։ Եղբայրն էլ է աշխատում Աբովյանի ոստիկանությունում` «թուրն աջ ու ձախ կտրելով»:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ոստիկանությունից եւ Քննչական կոմիտեից: Ոստիկանությունից հետաքրքրվեցինք` ծառայողական քննություն սկսվե՞լ է, թե՞ ոստիկաններին կարելի է այդպիսի խուլիգանական վարքագիծ դրսեւորել: Մեր հարցին ի պատասխան նշեցին, որ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում ուսումնասիրություններ են նշանակվել, սակայն ծառայողական քննություն չի սկսվել: Քննչական կոմիտեից էլ նշեցին, որ տեղյակ չեն կրակոցի մասով, առաջին անգամ են լսում, որ ոստիկանը կրակել է քաղաքացու վրա, սակայն ասացին, որ մեկ վարույթ է նախաձեռնվել՝ ոստիկանի կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու մասով (Քրեական օրենսգրքի 457 հոդվածի հատկանիշներով):
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց. «Ոստիկանների մասին խոսելը պարզապես ավելորդ է, այսօրվա ոստիկանությունը ոստիկանության մասին օրենքի, ոստիկանության ծառայության հետ ընդհանրապես կապ չունի: Սրանք ընդամենը մեկ անձի ձեռքին գործիք են, պատկերացնո՞ւմ եք` ես 30 տարի շարունակ իրավապահ համակարգում եմ աշխատել ու երբեք նման դեպք չեմ հիշում, չեմ տեսել երբեւէ, որ ոստիկանը նման դեպքերում կրակի մարդկանց վրա, հայհոյի, քաղաքացիներն էլ ծեծի ենթարկեն նրան: Ոստիկանության պետի նկատմամբ եղել է պատկառանք, գուցե՝ նաեւ վախ: Բնական պրոցես է քաղաքացու կողմից այն, ինչ տեղի է ունեցել: Ես պարզապես զարմացած եմ․ ո՞վ է տեսել, որ ոստիկանության պետն իրեն նման կերպ պահի: Հասել ենք նրան, որ արդեն ոստիկանապետ են ծեծում, սա քաղաքացու արժանի գնահատականն է: Եթե Հայաստանը լիներ օրինապահ երկիր, ապա հատուկ նորմերը խախտած ոստիկանը չէր շարունակի իր աշխատանքը, դեռ մի բան էլ պատասխանատվության կենթարկվեր: Բայց քանի որ ոստիկանը կրակել է, իսկ այդ հարցը պետք է քրեաիրավական դաշտում քննարկվի, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Զենք կիրառելու հատուկ նորմեր կան, հատուկ դեպքեր, որոնց ժամանակ միայն ոստիկանը կարող է զենք կիրառել քաղաքացու ուղղությամբ, սրանք զենքն առել` ընկել են ժողովրդի ջանին: Ոստիկանական բարեփոխումները սրանք լրիվ կազմաքանդեցին, եղած համակարգը լրիվ ոչնչացրին, հիմա ոստիկանությունում չկա բարոյահոգեբանական մթնոլորտ, միայն մտածում են պարգեւավճար ստանալու մասին, ով տալիս է, նրա համար էլ աշխատում են: Հայաստանում ամեն օր նոր հանցագործություններ են տեղի ունենում: Օրը ցերեկով փողոցներում մարդ են սպանում, օրեր առաջ Սեւանի ափին կրակեցին քաղաքացու վրա, խլեցին նրա կյանքը: Նման բան չի եղել, իսկ դա նշանակում է, որ ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված է չգիտես թե ինչերով»:
Տիգրան Վահանե
Կարծիքներ