Էլ ի՞նչ անենք

Էլ ի՞նչ անենք

Այնպիսի տպավորություն է, թե այս իշխանությունն ամեն ինչ անում է ՀՀ քաղաքացու, սպառողի, արտադրողի` բոլորի կյանքը դժոխքի վերածելու համար: Որ մարդիկ ամբողջ օրը մտածեն տույժ-տուգանքներ վճարելու, դատ ու դատաստաններից խուսափելու, անլուծելի եւ բարդ խոչընդոտներ հաղթահարելու մասին, այլ ոչ թե բնականոն կյանքով ապրեն, աշխատեն, ստեղծեն: Կարծես թե մարդատյաց ու հայատյաց ինչ-որ մարդիկ, կառավարության շենքում նստած, ողջ օրը մտածում են` էլ ի՞նչ անենք, որ այս ժողովրդի կյանքը բարդացնենք, ստիպենք, որ բողոքեն` իշխանափոխություն անեն:

Ի՜նչ ասես արեցինք` տարանք զավակներին կոտորեցինք, Արցախը հանձնեցինք, երկրից կտոր-կտոր հանձնեցինք: Գույքահարկը բարձրացրինք, լույսի-գազի-ջրի վարձերն ենք բարձրացնում: Դատարան դիմելու տուրքերն ենք կրկնապատկել, կարմիր գծերի գումարն ենք 12 հազարից 160 հազար դարձնում: Արագաչափերի քանակն ենք ավելացրել: Ռուսների հետ հարաբերություններն ենք վատացնում, որ խոպան գնալ չկարողանան եւ այնտեղից էլ փող չուղարկեն Հայաստանում ապրողներին: Հիմա էլ` Լարսը փակեցին ու Հայաստանից արտահանումը կասեցրին: Ոչ մի արձագանք, բողոքի ոչ մի նշան:

Այսքան մարդ ենք բռնում` հայտնի գեներալից մինչեւ իր քաղաքում սիրված համայնքապետ: Ով մի քանի տողանոց ստատուս է գրում կամ մի կես-հայտարարություն անում, բանտ ենք ուղարկում: Էլի՛ ձեն-ձուն չկա: 3 տարի է՝ գերիներին չենք կարողանում բերել, Արցախից 8 պաշտոնյա Բաքվի բանտում է` ոչ մի արձագանք: Հայտարարեցինք, որ անկլավները հանձնելու ենք, ճանապարհ ենք բացում Ադրբեջանի ու Թուրքիայի համար: Իսկ իրենց Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցինք թշնամուն: Ոչ մի զրկանք ու դժվարություն սրանց չի հանում լեթարգիական քնից:

Լավ՝ մտածում են իշխանավորները, էլ ի՞նչ սարքենք այս ազգի գլխին: