Երբ 44-օրյայից առաջ ահազանգում էինք, որ պատերազմի վտանգ կա, մեզ ռեւանշիստներ էին անվանում

Երբ 44-օրյայից առաջ ահազանգում էինք, որ պատերազմի վտանգ կա, մեզ ռեւանշիստներ էին անվանում

Ալիեւի հայտարարությունները ես կբաժանեի երեք մասի՝ մինչեւ 2018 թվական, 2018-ից մինչեւ 2020 եւ 2020-ից հետո․ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարություններին՝ ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Նա նշեց, որ մինչեւ 2018 թվականը Ալիեւի հոխորտանքները, ընդհանուր առմամբ, խոսում էին միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիարժեքության մասին, իսկ եղած սպառնալիքներն էլ չափավոր էին ու զգուշավոր տոնով էին արվում։

«Սակայն 2018 թվականից հետո, երբ որ Հայաստանում իշխանության եկան ոչ հայկական ուժեր, ազգային շահը չսպասարկող ուժեր, աստիճանաբար հիմք դրվեց ոչ միայն Արցախն ամբողջովին Ադրբեջանի կազմի մեջ թողնելու, այլեւ ամբողջ Հայաստանի գոյության հարցին։ Ալիեւի հայտարարություններում մի քանի վտանգներ կան, եւ այդ վտանգները օրերը տաքանալուն պես գետնի վրա կնկատենք, այսինքն՝ ես խոսում եմ ռազմական ագրեսիայի եւ ավելի լայնամասշտաբ գործողությունների մասին»,- ասաց Դավթյանը։

Ադրբեջանագետը նկատեց, որ ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, թե իբր հայկական կողմը չունի կառուցողական մոտեցում խաղաղության պայմանագրին, այդ իսկ պատճառով վերջինս լեգիտիմություն է ստանում՝ ռազմական ագրեսիա սկսելու համար։ Այդ լեգիտիմության համար հիմք է ծառայում այն փաստը, որ սեպտեմբերի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հստակ պատժամիջոցներ եւ գործողություններ չարվեցին․ դա չի եղել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ նա վստահ է, որ երրորդ ռազմական գործողությունն Ադրբեջանի համար եւս որեւէ հետեւանք չի ունենա եւ չի զսպվի։
«Ալիեւի հայտարարությունից կարելի է ակնկալել եւ կանխատեսել հետեւյալը, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի ոչ հայկական իշխանության նկատմամբ վախի ու ճնշման ներքո ստանալ այնպիսի չակերտավոր խաղաղության պայմանագիր, ես դա կոչում եմ «ջարդի դարաշրջանի պայմանագիր», որով ամրագրված կլինեն Արցախի ամբողջական անցումն Ադրբեջանին, Հայաստանի կողմից անկլավների «վերադարձը», որովհետեւ Ալիեւը խոսեց Հայաստանի 29 000 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, որի մասին Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ մոռանալով, որ Հայաստանի տարածքը 29 000 քառակուսի կիլոմետր չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների խնդրին՝ Դավթյանը նշեց, որ կոնկրետ հայկական կողմի համար կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանը մոտավորապես 10-15 տարվա կտրվածքով, եթե, իհարկե, իրականանա փախստականների «վերադարձը» Հայաստան, հայերը կունենան ոչ միայն քանակական առումով Ադրբեջանից ավելի պակաս բնակչություն, այլեւ հետագայում այդ փոքրամասնությունները հայտ կներկայացնեն քաղաքական ընտրություններին մասնակցելու եւ այլ գործողություններ իրականացնելու համար։ «Ջարդի դարաշրջանի, այսպես կոչված, խաղաղության քաղաքականությունը նպատակ ունի Հայաստանի սուբյեկտայնությունն ու Հայաստանը, որպես պետություն, Հարավային Կովկասում հաշմանդամ սարքելու կամ ընդհանրապես վերացնելու որպես սուբյեկտ, որպես տարածք, որպես պետություն, որը կարող է իր շահերով առաջնորդվելով` Հարավային Կովկասում որեւէ քաղաքական օրակարգ թելադրել։ Վստահ եմ, որ որեւէ ձեւով Ադրբեջանի գործողությունները եւ հայտարարությունները չեն մեղմանա, քանի կա Հայաստանի իշխանությունը զավթած ոչ հայկական իշխանությունը»,- ասաց Դավթյանը։

Մեր դիտարկմանը, որ Փաշինյանն իր հերթական հայտարարությամբ արդյոք կրկնե՞ց նախկին թեզերը, ադրբեջանագետն ասաց․ «Ի՞նչ եք սպասում ոչ հայկական իշխանությունից, եթե ոչ թուրք-ադրբեջանական իշխանության շահեր սպասարկել եւ Թուրքիայի ու Ադրբեջանի համար անել ամեն ինչ, որպեսզի բավարարված զգան եւ իբր թե խաղաղություն ստեղծեն Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի շուրջ։ Ես որեւէ փոփոխություն չեմ տեսնում եւ չեմ էլ սպասում, որ կլինի։ Որովհետեւ այն մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմից հետո դասեր չեն քաղել, վախի մթնոլորտում են ապրում, դավաճանների եւ ամբողջ ազգի մեջ փորձում են ստեղծել այնպիսի համակեցություն, որը վերաբերում է կզած ապրելուն, այսինքն` համակերպված ապրելուն, ենթարկվելուն, հետեւաբար, ես չեմ սպասում, որ սրանք մի օր զարթնեն եւ հայանպաստ հայտարարություն անեն։ Եթե մի օր հայանպաստ հայտարարություն անեն, ապա վստահ եմ, որ դրանից մեկ կամ երկու օր հետո պատերազմ է սկսվելու։ Կհիշեք, 44-օրյա պատերազմից առաջ երբ ահազանգում էինք, որ պատերազմի վտանգ կա, թշնամու կողմից կուտակումներ կան, պետք չէ այդպիսի արտաքին քաղաքականություն վարել, Արցախի մասով պետք չէր ասել՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եւ այլն, մեզ հակադարձում էին, անվանում էին ռեւանշիստներ։ Փաստացի ստացանք այն, որ սեպտեմբերի 26-ին Նիկոլը հայտարարում էր, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաուժեղ բանակն ունի, Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, եթե սկսի էլ, ապա Փաշինյանն անպայման այնպիսի տեղեկություններ կհրապարակի, որ Ադրբեջանում ամեն ինչ կխառնվի իրար։ Արդյունքում մեզ մոտ ամեն ինչ խառնվեց, ու իբր թե լավ տղա խաղալու հոգեբանությունը մեր գլխին կոտրվեց։ Եվ կարծում եմ, որ եթե իրենք որոշեն շեղվել իրենց պրոադրբեջանական հայտարարություններից եւ սկսեն հայակենտրոն դիրքերից խոսել, կարող ենք համարել, որ պատերազմին մնացել է մի քանի հաշված օր»։