Ինչ էլ  անի Ադրբեջանը, միևնույն է, բախվելու է միջազգային հանրության օրակարգին

Ինչ էլ  անի Ադրբեջանը, միևնույն է, բախվելու է միջազգային հանրության օրակարգին

Այսօր՝ Շուշիում, Ադրբեջանի կազմակերպած համաժողովին, որին մասնակցում էին մոտ 60 օտարերկրյա ներկայացուցիչ, ներկա չէին Ադրբեջանում հավատարմագրված Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները:

Այս մասին Շուշիում համաժողովի ընթացքում իր դժգոհությունն էր արտահայտել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: 

Հաջիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ այդ երկրները «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։

«Մեր ժամանակը 30 տարի է վատնում են։ Հրավերը չընդունելով՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»,- դժգոհել է Հաջիևը՝ նշելով, որ իրենք այլևս հրավերներ չեն ուղարկելու Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին։

Թեմայի շուրջ «Հրապարակին» իր մեկնաբանությունն է տվել կիևաբնակ քաղաքական վերլուծաբան, լրագրող Մարատ Հակոբյանը:

 «Սա Մինսկի խմբի համանախագահող պետությունների վառ մեսիջն է առ այն, որ վերջինս միակ միաջազգային մանդատ ունեցող կազմակերպությունն է, որը որ զբաղվում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմամբ: Եվ այդ մեսիջը կարող է անհանգստացնի Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը համարում է Ղարաբաղի հարցը լուծված կամ, համենայնդեպս, այդ մասին ուղղակի հայտարարում է։ Այնպես որ, Ադրբեջանը պետք է սկսի իրականության հետ հաշտվել, որ գոյություն ունի Մինսկի խումբ, ու զենքի ուժով գրավված տարածքների չափով չի որոշվում՝ Ղարաբաղի հարցը լուծված է, թե չէ: Միջազգային մանդատը, եթե ստեղծվել է, ուրեմն ստեղծվել է կարգավորումը իրականացնելու համար: Մինչև այդ մանդատ ունեցող կազմակերպությունը չհասնի իր նպատակին, Ղարաբաղի հարցը գոյություն ունի, ի հեճուկս Ադրբեջանի»։

Վերլուծաբանն այստեղ ընդգծում է. դեսպանների այս քայլը միջազգային սկզբունքների ակնհայտ ցուցադրում էր, որը, որ ցույց տվեց, որ հնարավորություն չի տա, ավելի ճիշտ կսահմանափակի Ադրբեջանին ինքնուրույն վերլուծել իրադարձությունները, որովհետև կա իրականություն և կա ադրբեջանական պրոպագանդա։ Միջազգային հանրության կողմից, հատկապես Մինսկի խմբի այն երկրների, որոնք արտոնված են լուծել ղարաբաղյան խնդիրը: Սա ցուցադրում է իրականության պատկերը, հենց սկզբունքայնորեն, որպեսզի Ադրբեջանին զերծ պահեն ինքնուրույն ինչ-որ թեզիստներ առաջադրելուց:  Ինչ էլ  անի Ադրբեջանը միևնույն է բախվելու է միջազգային հանրության օրակարգին: Իրենք կփորձեն հայերին ճնշել, կփորձեն իրենց ժողովրդին խաբել, բայց միևնույն է ինչ էլ անեն,  վերջում գալու են միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշման հետ բախվելուն։