Հարցազրույց

«Հրապարակ». Այս ամենից տգիտության հոտ է գալիս

«Հրապարակ». Այս ամենից տգիտության հոտ է գալիս

«Հրապարակի» զրուցակիցը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն է: 

- Իշխանությունը գրոհել է Հայ առաքելական եկեղեցու վրա, մեղադրանքներ են հղում, ասում են, որ Վեհափառը զավակ ունի, խախտել է կուսակրոնության ուխտը, պետք է հեռանա: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է այս վեճի նպատակը:

- Կողմերը հակասություններ ունեն իրար հետ, սակայն այդ հակասությունները հայ ազգի օգտին չեն աշխատում: Ինչու, որովհետեւ ցանկացած անհամաձայնություն, պառակտում թշնամին շատ լավ օգտագործում է հենց մեր դեմ: Կան հարցեր, որ կարելի է շատ ավելի հանգիստ, այլ` քաղաքակիրթ պայմաններում լուծել, առանց ավելորդությունների զրուցել, հասկանալ, գալ ընդհանուր հայտարարի: Իսկ ամբողջ աշխարհի առաջ գոռգոռալով՝ ոչ մի լավ բան դուրս չի գա: Մանավանդ՝ ոչ մի կողմից չկա երաշխիք, որ խոսքն արդարացի որոշումների մասին է:

- Իսկ պետությունն ունի՞ եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավունք:

- Եկեղեցու դեմ արված հայտարարությունները, կարծես, Սրբազան շարժմանն ուղղված պատասխան լինեին: Տպավորություն է, թե ուզում են եկեղեցուն հարց ուղղել․ իսկ դուք ունեի՞ք իրավունք՝ խառնվելու քաղաքական հարցերի մեջ, եթե դուք կարող եք, մենք էլ կարող ենք: Ես այդ մոտեցման մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում` երբ երկու կողմը վիճում է, անպայման շահում է երրորդը, իսկ կողմերից ոչ մեկը հաղթող դուրս չի գալու: Մեր թշնամիները` չկամեցողները, չորս կողմից շատ են: Տեսնում եք՝ Իրանում պատերազմ է սկսվել, ի՞նչ գիտենք, թե ինչով կավարտվի:

- Այն որակումները, որ իշխանականները կիրառում են, ընդունելի՞ են: Լեւոն Տեր-Պետրոսյանին Աննա Հակոբյանը, օրինակ, անվանել է «չկայացած ոչնչություն»:

- Ցանկացած պետական այր, այդ թվում՝ նրանց ընտանիքները, պետք է լինեն չափված-ձեւված, խոսեն կոռեկտ, անգամ միմյանց հետ խոսելիս պետք է շատ հավասարակշիռ լինեն: Այստեղ թելադրողն իշխանությունն է: Իրար շատ վատ բառերով են բնորոշում, երբեմն Նիկոլ Փաշինյանին են հայհոյում, եւ նա փորձում է իբրեւ թե պատասխանել իրեն վիրավորողներին: Լավ բան չէ դա: Դրանից տգիտության հոտ է գալիս: Փողոցային կռվի է նմանվել այս ամենը:

- Ամեն դեպքում, շարքային քաղաքացին եւ երկրի ղեկավարը, նրա կինը հավասար չեն:

- Այո, միանշանակ: Ղեկավարը ներկայացնում է երկիրը եւ պետք է համապատասխանի ղեկավարի պարամետրերին` խոսքով, կեցվածքով, անգամ՝ շարժուձեւով: Եկեղեցին եւս պետք է տարբերվի: Եթե ստանձնել ես պատասխանատվություն, որ պետք է ժողովրդի անունից խոսես, դա պետք է անես կիրթ ու գեղեցիկ ձեւով, այլ տարբերակ չկա: Հակառակ դեպքում մեր երկրի դեմ աշխատող դրսի ուժերն այս իրավիճակը կօգտագործեն մեր դեմ: Պետք է մեր միջի կռիվն ավարտել ու անցնել առաջ:

- Իսկ կարծում եք` կաթողիկոսի կուսակրոնության հարցն առաջնայի՞ն հարց է:

- Եկեղեցին է այդ հարցերը որոշում, եթե եկեղեցին գտնում է, որ կուսակրոնությունը կարեւոր է, պետք է հետեւի պահանջներին: Ցանկացած ինստիտուտ ունի իր կանոնները: Հակառակ դեպքում ինչո՞վ ես տարբերվում շարքային աշխարհիկ մարդուց: Ամեն դեպքում` մեզ համար ամենակարեւորը պետության գոյությունն է, եթե չկա պետություն, մնացած ամեն ինչը դառնում է անիմաստ: Մենք պետք է մեր պետության ամրության մասին նախ մտածենք:

- Պետությունն այսօր ամո՞ւր է:

- Բարդ հարց եք տալիս․ երբ դուրս եմ գալիս փողոց, թվում է՝ ամեն ինչ լավ է, տրանսպորտը գործում է, խանութները, ժամանցի վայրերն աշխատում են, պատերազմ չկա, ասում ես՝ անկախ ամեն ինչից, փառք Աստծո, էսպես էլ մնա, ոչինչ, բայց դա ամրություն չէ, խաբուսիկ երեւույթ է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image