1979 թվականի հունվարին սովետական էկրաններին հայտնվեց «Դպրոցական վալս» կինոնկարը։ Սովետական իրականության համար դա կարելի էր ֆուրոր համարել։ Սկսվեցին քննարկումներ։ Ռեժիսոր Պավել Լյուբիմովի կինոնկարը խիզախ մարտահրավեր էր, որտեղ ներկայացված էր սովետական պատանին՝ իր հասունացմամբ, պատասխանատվության գիտակցման ձեւավորմամբ ու սիրո ճաշակումներով։ Սովետական այն ժամանակվա պատանեկան-դպրոցական կինոն հիմնականում ընկերության, ուսման կարեւորության եւ բարոյական դաստիարակության մասին էր։ Իսկ Լյուբիմովն առաջ էր անցել ու կինոյի լեզվով խոսում էր դպրոցականների հույզերից, սիրուց։ Խոսում էր այն ամենից, ինչը սովորաբար մնում էր կադրից դուրս՝ սեր, սիրահարություն, վաղ հղիություն, բարոյական ընտրություն, անձնական պատասխանատվություն։
Ավագ դպրոցականներ Գոշան ու Զոսյան սիրում են իրար։ Սակայն Զոսյայի վաղ հղիության մասին լուրը դառնում է փորձություն երկուսի համար էլ։ Աղջիկը, պարզվում է, պատրաստ է ընդունել իր կատարած ընտրության հետեւանքները։ Տղան՝ ոչ։ Գոշան ի վիճակի չէ ստանձնել պատասխանատվություն եւ թողնում է Զոսյային մենակ՝ կյանքի սպասվելիք դժվարություններին դեմ-հանդիման։ Աղջիկն էլ ստանձնում է պատասխանատվություն ու փորձում դասավորել իր կյանքը՝ անկախ ամեն ինչից։ Ըստ էության, մելոդրամատիկ սյուժե։ Սակայն հեղինակները որոշել են «խորամանկել» ու հերոսների զատորոշում՝ «լավերի» ու «վատերի», հստակ չեն արել։ Գոշան ակնհայտ չարագործ չէ, Զոսյային էլ՝ իդեալականացված գլխավոր հերոսուհի չի կարելի համարել։ Նրանց արարքներն արդյունքն են նրանց տարիքի եւ աղքատիկ կենսափորձի, հավակնությունների եւ սեփական որոշումների հետեւանքները կանխատեսելու անկարողության։ Հենց սա է, որ նույնիսկ այսօր այս կինոնկարը դարձնում է դիտարժան։ Ֆիլմում նկարահանվել են Ելենա Ցիպլակովան, Սերգեյ Նասիբովը, Յուրի Սոլոմինը, Նատալյա Վիլկինան, Եվգենյա Սիմոնովան, Նինա Մենշիկովան, Վիկտոր Պրոսկուրինը եւ այլք։
Գեղարվեստական առումով «Դպրոցական վալսը» շարունակում է երիտասարդության մասին սովետական կինոյում սկսված ակտիվ քննարկման ավանդույթը, որի հիմքը դրվել էր «Իսկ գուցե սա սեր է» կինոնկարով։ «Դպրոցական վալսում» ըստ էության ֆիքսվեց, որ հասունացումն անհնար է առանց սխալների, իսկ բարոյական ընտրությունը չի կարելի փոխարինել պատրաստի գաղափարախոսական սխեմաներով ու մեխանիզմներով։ Ի դեպ, կինոնկարն ի սկզբանե բավական բարդ ճակատագիր է ունեցել։ Դպրոցական աղջկա հղիանալու թեման սովետական իրականությունում չափազանց ռիսկային էր համարվում, եւ գրաքննության մկրատը մեկ անգամ չէ, որ միջամտել է՝ սցենարից մինչեւ վերջնական արտադրանք ու մոնտաժ։ Որոշ բաներ փոփոխվել են, մեղմացվել։ Սակայն նույնիսկ նման «հղկված» վիճակում՝ կինոնկարը շարունակել է պահպանել թեմատիկ սրությունը եւ առաջացրել հանրային լայն արձագանք։ Այսօր արդեն «Դպրոցական վալսն» ընկալվում է որպես առաջին սիրո մասին երիտասարդական դրամա, որտեղ քննարկվում են նաեւ անձի հասունացումը, ազատության գինն ու արարքների հանդեպ պատասխանատվության անխուսափելիությունը։