Հարցազրույց

«Հրապարակ». Սիսիանի ընտրությունները ցույց տվեցին, որ սրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում՝ իշխանություն վերցնելու համար

«Հրապարակ». Սիսիանի ընտրությունները ցույց տվեցին, որ սրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում՝ իշխանություն վերցնելու համար

Երեկ տրվեց Երեւանի ավագանու հերթական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: 14 ուժ է մասնակցում այս ընտրություններին, սակայն իշխող կուսակցությունը վառ, ուժեղ, անվիճելի մրցակիցներ չունի կամ քիչ ունի, եւ երեւանցիները դժգոհ են իրենց առաջարկված այլընտրանքից: Երեւանի ընտրությունները, սակայն, միշտ չէ, որ քաղաքական են եղել, եւ միշտ չէ, որ քաղաքապետի պաշտոնն ընտրությունների արդյունքներով է որոշվել:

Ժամանակին դա նշանակովի պաշտոն էր, նշանակում էր ՀՀ նախագահը: Ընտրովի դարձավ 2000-ականներից, սկզբում ուղիղ քաղաքապետ էինք ընտրում, ապա դարձավ քաղաքական ընտրությունների` կուսակցությունների մասնակցությամբ: Այս ընտրությունների մասին զրուցել ենք Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ, ով 1999-2001 թվականներին զբաղեցրել է այդ պաշտոնը: Իսկ դրանից առաջ` 1998-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հաջորդ օրը, ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, եղել է «Երկրապահ» պատգամավորական խմբի ղեկավար:

- Պարոն Բազեյան, մայրաքաղաք Երեւանը հերթական ընտրություններին է գնում: Ընտրություններին մասնակցելու են տարբեր ուժեր` Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Մանե Թանդիլյան, Արտակ Զեյնալյան, Վիկտոր Մնացականյան եւ այլք: Այս դժվարին շրջանում, երբ Արցախում մարդիկ են սովամահ լինում, հայտնի չէ մեր երկրի ապագան, ինչի՞ մասին են այս ընտրությունները: Կարո՞ղ է այն վճռորոշ դեր ունենալ Հայաստանի կյանքում, թե՞ ոչ:

- Սա սովորական ընտրություն է: Մենք այս շրջանում կենտրոնացել ենք կամավորականների, աշխարհազորայինների ու պահեստազորի զինվորականների միավորման աշխատանքներով: Կրճատ անվանումը «Հայք» միավորում է, այժմ փորձում ենք մասնաճյուղեր բացել Երեւան քաղաքի տարբեր համայնքներում, արդեն իսկ կա երկու մասնաճյուղ` Կենտրոնում եւ Աջափնյակում: Երեւանում աշխատանքներն ավարտելուն պես գնալու ենք մարզեր եւ այնտեղ բացենք մասնաճյուղեր: Մեր խնդիրը, գերխնդիրը սահմանների պաշտպանությունն է: Թշնամու կողմից հարձակման դեպքում գումարտակներ ենք կազմելու եւ հակահարված ենք տալու: Ունենք եւս մեկ խնդիր. ազատվել ներքին թշնամուց` Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Նրանց պետք է հեռացնել, եւ մենք օժանդակելու ենք, որպեսզի ընդդիմադիր առողջ քաղաքական ուժերը եւս համախմբվեն, համահայկական միացյալ դաշինքի միջոցով ոտքի պետք է հանել մեր ժողովրդին, եւ անհնազանդություն հայտնենք օրվա իշխանությանը: Պետք է Նիկոլ Փաշինյանի հեռացումը պարտադրել, պետք է արձակվի նաեւ այս Ազգային ժողովը: Նախ պետք է ձեւավորվի ժամանակավոր ազգային կառավարություն, որը կնախապատրաստի օրինական արտահերթ ընտրությունների:

- Այսինքն` Դուք չեք կարեւորում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները:

- Այո, այս ընտրությունները կարեւոր չեն: Շատերը կարծում են, թե ընդդիմադիր ուժերին ընտրելով՝ Հայաստանում իշխանափոխություն կլինի, սակայն ես համամիտ չեմ այդ տեսակետի հետ: Ինչո՞ւ, որովհետեւ խիստ տարբեր են քաղաքապետի եւ վարչապետի լիազորությունները: Վարչապետը երկրի բոլոր ուժային կառույցների ղեկավարն է, ՊՆ, ոստիկանություն, ներքին գործեր եւ այլն… Ազգային ժողովում էլ ՔՊ-ն է մեծամասնություն, ինչ օրենք ցանկանա, կարող է կյանքի կոչել: Իսկ քաղաքապետն ավելի շատ տնտեսական խնդիրներ լուծող է` տրանսպորտի խնդիր, ջրամատակարարման խնդիր, քաղաքի մաքրության, աղբահանության հարց եւ այլն: Այո, քաղաքապետը կարող է լինել քաղաքական դեմք, սակայն մեր տեսակետը հետեւյալն է` եթե Նիկոլ Փաշինյանը մնաց որպես վարչապետ, օգտագործելու է իր բոլոր ֆինանսական ռեսուրսները, լրատվամիջոցներն ու ռեսուրսները՝ Ավինյանին կարգելով Երեւանի քաղաքապետ: Նշենք նաեւ, որ ԿԸՀ նախագահն էլ իրենց կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն է: Սիսիանի ընտրությունները ցույց տվեցին, որ սրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում` իշխանություն վերցնելու համար: Ընտրակեղծիքների տեխնոլոգիա եւս կիրառում են: Խոսակցություններ կան, որ ընդդիմադիրների բոյկոտը ցանկալի է, սակայն եթե բոլոր ընդդիմադիրները բոյկոտեն, կմնան ՔՊ-ին ուղեկցող կուսակցությունները` Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, վանաձորցի տղայի` Էդմոնի թիմը, Տիգրան Արզաքանցյանի, այսպես կոչված, կուսակցությունը, ու այդպես շարունակ, ու Ավինյանին լեգիտիմ կերպով քաղաքապետ կընտրեն:

- Խորհրդարանական ընդդիմությունը բավականին պասիվ է: Այդ պասիվությունը տեղին համարո՞ւմ եք:

- Ոչ: Սխալ է պասիվություն ցուցաբերելը: Պետք է մասնակցել ընտրություններին եւ պայքարել: Պետք է հանրության ուշադրությունը հրավիրեն իշխանությունների սխալների վրա: Չմասնակցելը ոչինչ չի տալու, դրանով եւս իշխանության թեկնածուին լեգիտիմացնում են: Իշխանությունն ունի բազմաթիվ քույր կուսակցություններ, նրանց անունները քիչ առաջ թվարկեցի:

- Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ է լռում, ինչո՞ւ է որոշել ոչինչ չանել:

- Նիկոլ Փաշինյանն անվերջ հանրությանը վախեցնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերադարձով:  Փաշինյանն ասում է` եթե նախկինները վերադառնան, լինելու է կոռուպցիա է, ալան-թալանը շարունակվելու է, եւ մականունավորները գալու են Ազգային ժողով: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Մի՞թե այսօր չկա կոռուպցիա: Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել: Ընդամենը տեղի ունեցավ պարզ իշխանափոխություն, նույնությամբ շարունակվում է կաշառակերությունը, իսկ մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը: Ծանոթ-բարեկամներին, ընկերներին շարունակում են պաշտոններ նվիրել ու անունը դրել են հեղափոխություն: Իբր տենդերային մրցույթներ են կայանում` մրցույթը շահում են բացառապես իրենց մտերիմները` Գռզո, Արսենյան Գուգո, Լֆիկ Սամո, ու այդպես շարունակ: Գումարներ են մուծում նիկոլականներին եւ հանգիստ շարունակում իրենց աշխատանքը: Հայաստանում ոչինչ չի փոխվել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image