Նաիրա Զոհրաբյանի հրաժարականն՝ իմքայլականների օրակարգում

Նաիրա Զոհրաբյանի հրաժարականն՝ իմքայլականների օրակարգում

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարց են քննարկում։ Հանձնաժողովի նախագահի դեմ վրդովմունքի պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն , հատկապես, «ՀուԶանք ու Զանգ»  աղմկահարույց ներկայացման մասին ․«Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ, Հանրապետության մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու հակամշակութային: Դա ձեր անձեռնմխելի իրավունքն է: Բայց դուք իրավունք չունեք ձեր հակահիգիենիկ և անառոջ բնազդները իրացնել հանրային տարածքներում»,- գրել է Զոհրաբյանը եւ շարունակել․«Ու եթե որոշ անհասկանալի սուբյեկտներ հղում են անում ազատ ստեղծագործելու իրենց սահմանադրական իրավունքին` ասֆալտի վրա գալարումները համարելով «արվեստ», վերջիններիս հիշեցնեմ, որ հանրային վայրերում պատերին ծեփվելով և մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով, իրենք խախտել են մարդու իրավունքների և հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա:

Իսկ շատ երկար անուն ունեցող նախարարության հատուկ հանձնաժողովը, որի որոշմամբ հարկատուների, այսինքն` ՀՀ քաղաքացիների հարկերից ֆինանսավորվել է հակաէսթետիկ և հակահիգիենիկ այդ սուբլիմացիան, բացի հաշվետվություն ներկայացնելու, թե ինչպե՞ս է ասֆալտին ծեփվելը գնահատվել 2.7 միլիոն դրամ, արդար կլինի, ճիշտ կլինի, որ իրենց գրպանից հարկատուների գումարը վերադարձնեն պետական բյուջե և տեղում ինքնալուծարվեն»:

Զոհրաբյանի  գրառումից բառացիորեն րոպեներ անց հնչեց նաեւ պատգամավոր Մարիա Կարապետյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան իր տարածքում ։ Պատգամավորը տեղադրել էր լուսանկար, թե ինչպես են ԲՀԿ-ականները ԱԺ-ից ճանապարհում իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու մեկնաբանել․«Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները և հատկապես Մարդու իրավունքների, կրկնում եմ՝ մարդո՛ւ իրավունքների՛ հանձնաժողովի այս պահին նախագահը վրդովվել են, որ փերֆորմանսի ժանրը խլել են իրենցից։ Մի՛ նեղվեք։ Խմբակցության ղեկավարին դիմավորելու ու ճանապարհելու արարողակարգային փերֆորմանս ժանրի առաջին մրցանակը ձե՛րն է՝ ֆուտուրիզմի էլեմենտներով էլ՝ վաղը ժամը 10֊ին»։

Սակայն իշխանական հանձնաժողովականները որեշել են միայն «համարժեք» հակահարվածով չսահմանափակվել։ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հարցը բարձրացրել են «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ ու ասել, որ տեսնում են Զոհրաբյանին նախագահությունից զրկելու անհրաժեշտություն։ Ի դեպ, Մարիա Կարապետյանի գրառման մեջ այդ մասին նույնիսկ ակնարկ կա, պատգամավորը նշել է՝ «հանձնաժողովի այս պահին նախագահը»․․․Սակայն Մակունցը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահությունը ԲՀԿ-ի քվոտայով որոշել է այդ կուսակցությունը, ապա կարծիք հայտնել, որ ինքը վստահ չէ, որ Զոհրաբյանի փոփոխությունից հետո  ավելի կոմպետենտ թեկնածու կառաջադրվի։

Իր հնարավոր փոփոխության մասին հետաքրքրվեցինք նաեւ Նաիրա Զոհրաբյանից, ով փոխանցեց․«Ի տարբերություն Ձեր նշած երկու անդամների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ են եւ հետապնդում են սոցիալական մի խմբի իրավունքնրը, ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, որպես պատգամավորի եւ քաղաքացու, բոլոր սոցիալական խմբերի եւ խավերի շահերը հավասար են։ Երկրորդ՝ անկեղծ ասած, ինձ հետաքրքրում են բացառապես ինձ հարազատ մարդկանց հույզերն ու ապրումները, իրենց հույզերն ու տվայտանքներն ինձ հետ կապված ինձ բացարձակ չեն հետաքրքրում »։