Փողոցով եկածին պետք է փողոցով էլ հեռացնել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
- Հետևո՞ւմ եք ներքաղաքական պրոցեսներին, մասնավորապես` ընդդիմադիրների գործողություններին:
- Այո, որքան հնարավոր է, հետևում եմ:
- Ի՞նչ կարծիք ունեք ընդդիմության նախաձեռնած ակցիայի մասին:
- Ես գտնում եմ, որ այսօր այն օրն է, որ բոլորը պետք է դուրս գան պայքարելու: Պետք է պայքարեն ոչ միայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն, այլև` արտախորհրդարանական ուժերը: Բոլորն են տեսնում, թե կառավարման ինչ մոդել է Հայաստանում այսօր գործում և ինչ հետևանքներ կարող է թողնել այն:
- Դուք չե՞ք միացել ակցիային, ի վերջո Ազատության հրապարակն այժմ բազմապրոֆիլ է:
- Ես անձամբ չեմ միացել, քանի որ գործի բերումով Երևանում չեմ այս օրերին, բայց իմ ընկերներն ու գաղափարակիցներն ամեն մեկն իր ձևով պայքարում են:
- Իսկ երբ Երևան վերադառնաք, կմիանա՞ք ընդդիմությանը:
- Ազատության հրապարակի ակցիայի՞ն:
- Այո:
- Ես կարծում եմ, որ իրենք իրենց ակցիան անում են և միանալ պետք չէ, պետք է ապակենտրոն պայքարել, երբ բոլորը հասկանան, որ պետք է դուրս գալ փողոց, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե Ազատության հրապարակում հավաքվածներն ինչի են ձգտում՝ գալ իշխանությա՞ն, թե՞ պետականության պահպանության համար են պայքարում:
- Հայտարարում են, որ այս պայքարն ուղղված է Արցախի և Հայաստանի անվտանգությանը:
- Ասելն այլ բան է, անելն` այլ: Ո՞ւր է առաջնորդների հայտարարությունը:
- Ձեր կարծիքով` Նիկոլ Փաշինյանին փողոցային պայքարի արդյունքում հնարավո՞ր է իշխանությունից հեռացնել:
- Փողոցով եկածին պետք է փողոցով էլ հեռացնել: Ինքը նշում էր, որ երբ հրապարակը մարդկանցով լցվի` հրաժարական կտա, այն 660 հազար քաղաքացիները, որոնք ընտրել են իրեն, վստահ եմ, որ նրանց կեսն ընտրել է, ոչ թե Նիկոլ Փաշինյանին հավատալով, այլ նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իշխանության չգան: Ընդամենը ճիշտ ու գրագետ մարդկանց թիմ է հարկավոր, որոնք էլ կձևավորեն ժամանակավոր կառավարություն:
- Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպեցին, փաստաթղթեր ստորագրեցին: Ի՞նչ սպասել:
- Ստորագրված փաստաթղթերը ոչինչ չտվեցին մեզ և չեն էլ տալու, որովհետև այն, ինչ կար այդ փաստաթղթերում գրված, այսպես թե այնպես կար: Նոր բան չկա այդ փաստաթղթում: Չի խոսվել Արցախի հիմնախնդրի մասին, խաղաղապահների մասին, առհասարակ նրանց առաքելության մասին՝ ունե՞ն, թե՞ ոչ և այլն: Չի խոսվել նաև ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիների մասին: Մնացյալը երկրորդական են: Մենք գիտենք, որ միշտ էլ փաստաթղթերին հաջորդում են բանավոր պայմանավորվածությունները, որոնց մասին մենք ոչինչ չենք իմանում:
Կարծիքներ