Կարծիք. սկզբից վաճառվելու են ոչ թե ԵՊՀ, այլ ԳԱԱ շենքերը
Մի քանի տասնյակ քայլեր հաշվարկող աշխարհահռչակ գրոսմայստեր Արոնյանը հեռացել է, բայց 2-3 քայլ հաշվարկող սովորական շախմատիստներ Հայաստանում դեռ կան: Որպես ԿԳՄՍ նախարարի ասուլիսին ներկա գտնված մի այդպիսի շախմատիստ՝ կարծում եմ, որ վարչապետի աղմուկ հանած հայտարարությունը՝ բուհերի շենքերի վաճառքի մասին, վերաբերում է ոչ թե ԵՊՀ եւ մյուս պետական բուհերի շենքերին, այլ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 32 ինստիտուտների եւ նրա նախագահության՝ Երեւանի կենտրոնում գտնվող շենք-շինություններին: Դրանք, ըստ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի, սկզբից կտրամադրվեն բուհերին, հետո կվաճառվեն: Իսկ որպես գիտավանի կամպուս՝ հանրությանը կներկայացվեն Աշտարակի մոտակայքում գտնվող ԳԱԱ Ֆիզիկական հետազոտություններ, ինչպեսեւ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտների ու այդտեղ գտնվող ԳԱԱ այլ, վաղուց արդեն կառուցված շենք-շինությունները:
Հանգստյան գոտում գտնվող եւ դենդրոպարկով շրջապատված ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանին պատկանող 54 հեկտարին ուրիշ ապագա է սպասվում. այն կտրամադրվի տուրիստական բիզնեսով հետաքրքրված «նորերին»: Այնտեղ կկառուցվեն հյուրանոցներ եւ զվարճանքի օբյեկտներ: Չէ՞ որ Հայաստանում իշխանության են գալիս ոչ թե երկիրը ծաղկեցնելու, նրա տնտեսական հզորությունն ավելացնելու ու, մի ծիծաղեցրեք՝ ժողովրդին ծառայելու համար, այլ հանրային եւ պետական ունեցվածքի հաշվին սեփական ապագան բիզնեսներով ու դղյակներով ապահովելու համար:Այն, որ Սովետական Հայաստանի կողմից ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի գիտնականներին տրամադրված շենք-շինություններն այլեւս չեն համարվում նրանցը, այլ, կառավարության կարծիքով, դարձել են ժողովրդական սեփականություն, այսինքն՝ դարձել են անտեր, հաստատեց ԿԳՄՍ նախարարը: Նա ասաց, որ այդ շենքերը «մենք՝ ինքներս՝ ժողովուրդն է կառուցել: …Դա մերն է, մեր ազգինն է, մեր սերունդներն են ստեղծել»:
Բայց քանի դեռ ԳԱԱ-ն եւ նրա ընթացիկ կառավարումն իրականացնող Ակադեմիայի նախագահությունը գոյություն ունեն, այսինքն՝ ԳԱԱ-ն չի լուծարվել, այդ շենքերն անտեր չեն: Չէ՞ որ ՀՀ կառավարությունը, երբ դեռ վաճառելու պետական եւ հանրային շատ ունեցվածք կար, Գիտությունների ակադեմիային պատկանող անշարժ գույքը «բարեհոգաբար», «անժամկետ եւ անհատույց» ձեւակերպմամբ տրամադրել էր տիրոջը՝ ԳԱԱ-ին: Սակայն եթե Ակադեմիան լուծարվի, իսկ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը տալիս է այդ հնարավորությունը, գիտնականներին պատկանող անշարժ գույքը կդառնա անտեր: Ավելի ճիշտ՝ կպատկանի կառավարությանը, քանի որ վերը նշված օրենքը հնարավորություն կտա թե՛բուհերին եւ թե՛ ԳԱԱ-ին զրկելու հարաբերական անկախությունից եւ դրանց ղեկավարներ նշանակել իշխանության կողմից ընտրված անձանց:
Այդուհանդերձ, ՀՀ պետական բուհերի շենքերը դեռ չեն վաճառվի: Նրանց հերթը դեռ չի հասել: Սկզբից թերֆինանսավորումից հյուծված նրանց լավագույն դասախոսների մի մասը կհեռանա, մի մասին էլ կուղարկեն թոշակի: Նոր ուսանողներ քիչ կգան, քանի որ Հայաստանում եւ արտերկրում գործող օտարերկրյա բուհերն ավելի գայթակղիչ կլինեն, ավելի որակյալ կրթություն կապահովեն: Եվ երբ ՀՀ պետական բուհերի շենքերը դառնան կիսադատարկ կամ դատարկ, դրանք կմահանան բնական մահով: Այդժամ կգա նաեւ բուհերի շենքերի հերթը:
Եթե մինչ այդ եկած չլինի Հայաստանի Հանրապետության անկուշտ իշխանավորների հերթը:
Գրիգոր Էմին-Տերյան
Կարծիքներ