Եթե Հանրային ռադիոյում մասնագիտական բարձունքի վրա մնալը հնարավոր լիներ, ես այնտեղից չէի հեռանա
Օրեր առաջ Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթող ճանաչեց Պրահայում բնակվող 67-ամյա լրագրող Արմեն Քոլոյանին, ով բացահայտ կերպով սատարում և աջակցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Եվ չնայած Հանրային հեռարձակողի խորհրդի բացահայտ կողմնակալ ընտրությանը, խորհրդի անդամներ Վասակ Դարբինյանն ու Արփի Ոսկանյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակումներ են անում, տպավորություն է, թե արդարանում են: Էստեղ են ասել՝ «Գող` սիրտը դող»: Վասակ Դարբինյանն ու Արփի Ոսկանյանն իրենց հրապարակումներում բացառում են, որ իշխանությունների կողմից որևէ ճնշում է եղեք խորհրդի վրա, միևնույն ժամանակ համառորեն չեն հրապարակում հաղթող Քոլոյանի ներկայացրած ծրագիրը, այն դեպքում, երբ մյուս թեկնածուները պնդում են, որ իրենք պատրաստ են հրապարակել իրենց ներկայացրած ծրագիրը: Օրինակ՝ «Հրապարակ» օրաթերթի երկարամյա լրագրող Լուսինե Պետրոսյանը, ով նույնպես մասնակցել է այս մրցույթին, հրապարակել է իր մոտիվացիոն նամակը` ակնկալելով, որ նույնը կանի Արմեն Քոլոյանը:
Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Հանրային ռադիոյի շուրջ, իր համար բոլորովին զարմանալի չէ: Թումանյանն ասում է, որ ինքը գիտեր, թե ինչ է տեղի ունենալու այնտեղ՝ 2018-ի հայտնի դեպքերից հետո, այդ պատճառով էլ դեռ տարիներ առաջ հեռացել է հարազատ ու սիրելի Հանրային ռադիոյից:
«Ամեն դեպքում, չեմ կարծում, որ մեր հանրությանը Ռադիոյի տնօրենի մրցույթն ավելի շատ է հետաքրքրում, քան, օրինակ, օլիմպիադայի բացումը: Այստեղ ես որևէ տեսակի մասնագիտական մոտեցում չէի էլ ակնկալում, կլինի Ռադիոյի տնօրենի մրցույթ, թե այլ մրցույթ: Ես ոչ մի մասնագիտական մոտեցում նրանցից չեմ ակնկալում: Վստահ եմ՝ ընտրության գլխավոր սկզբունքն իշխանություններին լոյալություն ցույց տալն է եղել, սեփական իշխանության քաղաքականության պահպանումը: Սա այնքան ակնհայտ է ինձ համար եղել, դեռևս 2018 թվականից, երբ դուրս եկա Ռադիոյից: Եթե Հանրային ռադիոյում մասնագիտական բարձունքի վրա մնալը հնարավոր լիներ, ես այնտեղից չէի հեռանա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռադիոն չի կարող լինել պրոֆեսիոնալ: Դա վերաբերում է մնացյալ կառույցներին նույնպես: Ես չեմ զարմանում այս ամենից, օրինաչափ է այն, ինչ տեղի է ունենում», - նշում է Թումանյանը:
Հանրությունն ավելի շատ զարմանում է Վասակ Դարբինյանի, Արփի Ոսկանյանի կեցվածքից: «Ինչո՞ւ: Օքեյ է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, իսկ օքեյ չէ՞, որ Արփին ու Դարբինյան Վասակը ՀՀԽ անդամ են: Ես ոչ մի բանից չեմ զարմանում, կանխատեսելի է, նրանց սկզբունքը լոյալությունն է: Այժմ ընթացակարգեր, կանոնադրություն է փոխվել, օրենսդրական դաշտի նման, որոնք միայն իշխանական շահեր սպասարկելու համար են», - ասաց նա: Իսկ ինչո՞ւ ՀՀԽ անդամները մասնակիցների կողմից ներկայացված ծրագրերը չեն հրապարակում: «Ի՞նչ է փոխելու: Ակնհայտ չէ՞ ամեն ինչ: Հասկացողը հասկանում է, չհասկացողն էլ անգամ բաց տեքստով նամակից չի հասկանալու», - եզրափակեց Լիկա Թումանյանը:
Կարծիքներ