«Հրապարակ». ՔՊ-ականները որքան հարստանում, այնքան ժլատ են դառնում

«Հրապարակ». ՔՊ-ականները որքան հարստանում, այնքան ժլատ են դառնում

Մարտի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո կուսակցության ֆեյսբուքյան էջով հաղորդագրություն տարածվեց, որ քննարկվել են «Մասիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների, կուսակցությանը վճարվող անդամավճարների հավաքագրման հետ կապված եւ այլ ընթացիկ հարցեր»։

Հիշեցնենք, որ Մասիս խոշորացված համայնքում 2021 թվականի սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում  իշխող ՔՊ-ն դարձավ ընդդիմություն՝ պարտվելով գործող համայնքապետ, իշխանության կողմից քրեական հետապնդումների ենթարկվող Դավիթ Համբարձումյանին։ ՔՊ պարտությանը նպաստեց ոչ միայն Համբարձումյանի բարձր ռեյտինգը, այլեւ իշխանական կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Սայեն Հայրապետյանի գործոնը։ Վերջինս ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի ղեկավարն է՝ առավել հայտնի «Մասիսի Սայադ» անունով, որի թեկնածությունն ի սկզբանե լուրջ դժգոհություններ էր առաջացրել ՔՊ-ականների շրջանում: Նա հանրահռչակ է նրանով, որ, ճամբարափոխ լինելուց բացի, մարզում տարբեր «հերոսապատումների» գործող անձն է եղել։ Սակայն ՔՊ-ն այլ թեկնածու չուներ, իսկ Սայադն այդ ժամանակվա գործող մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի մտերիմն էր, եւ վերջինս էլ նրան հովանավորում էր։ Ինչեւէ, ընտրություններից եւ նոր ավագանի ձեւավորելուց հետո Սայեն Հայրապետյանը չի մասնակցում ավագանու նիստերին, որեւէ անգամ չի էլ մասնակցել  եւ մտերիմներին ասել է, որ համայնքապետարանի շենք կմտնի միայն քաղաքապետի կարգավիճակով, քանի որ պատվից վեր է համարում շարքային ավագանու կարգավիճակը։ Մասիսում իշխանական ֆրակցիան անգլուխ ձիավոր է հիշեցնում, ընդհանրապես՝ ՔՊ-ականները տարիուկես է՝ հաշտ ու համերաշխ աշխատում են Դավիթ Համբարձումյանի եւ նրա թիմի հետ, թեեւ քաղաքապետարանի մեր աղբյուրն ասաց, որ երբեմն թեթեւ սրացումներ լինում են, անգամ տեղական իշխանություններին ուղղված քննադատություններ են հնչում, իսկ դա, որպես կանոն, արվում է այն օրերին, երբ ուղիղ եթերով հեռարձակվում են ավագանու նիստերը։ 

ՔՊ-ում որոշել են դուրս գալ այս քաղցր-մեղցր վիճակներից։ Չի բացառվում, որ Սայեն Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարց քննարկեն։Ինչ վերաբերում է կուսակցությանը վճարվող անդամավճարների հավաքագրման հետ կապված խնդիրներին, ապա այս հարցն այլեւս լրջագույն խնդիր է դարձել ՔՊ-ում։Կուսակցության մեր աղբյուրը կատակեց, թե «Հարուստները նույնպես լացում են» հայտնի ֆիլմն իսկը իրենց կուսակցության մասին է, ավելին՝ անգամ խմբագրեց․ «Հարուստներն ավելի շատ են լացում»։

Բանն այն է, որ արդեն մոտ երկու տարի է՝ «Քաղպայմանագրի» վարչությունը որոշում է կայացրել փոխել կուսակցության անդամավճարների չափն ու հավաքագրման կարգը։ Եթե  ստեղծման օրվանից տարիներ շարունակ ՔՊ-ում համահարթեցման սկզբունքն է գործել՝ բոլոր կուսակցականների համար անդամավճարը կազմել է 1000-ական դրամ՝ ամսական կտրվածքով, իշխանության գալուց հետո, սակայն, սոցիալական անհավասարության հարց է առաջ եկել, եւ ներկուսակցական դժգոհություն է առաջացել՝ ինչո՞ւ պիտի մի քանի տարում միլիոնատեր դարձածներն էլ 1000 դրամ վճարեն, շարքային կուսակցականներն էլ։ Կամ, ասենք՝ ինչո՞ւ պիտի նախարարն ու համայնքի ղեկավարը, որ տարբեր սոցիալական կարգավիճակում են, նույն գումարը վճարեն։ Ուստի որոշել են անդամավճարը հաշվարկել եկամտի 3 տոկոսի չափով։ Ասենք, պատգամավորները, որոնք ամսական ստանում են մոտ 450 հազար դրամ, ամսական 15 հազար դրամ անդամավճար են մուծում, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող նախարարները՝ 45 հազար դրամ, իսկ շարքային ՔՊ-ականների համար գումարը մնացել է նախկին 1000 դրամը։ Ի դեպ, մեր աղբյուրն ասաց նաեւ, որ վարչությունն իրավասու է որեւէ կուսակցականի համար հատուկ որոշում ընդունել՝ ազատելով անդամավճար մուծելուց։ Եթե նախկինում անդամավճարները մուծվում էին տարածքային կամ կենտրոնական գրասենյակներում՝ կանխիկ եղանակով, ապա հիմա այդ վճարումն անում են անկանխիկ՝ փոխանցման միջոցով։ Սակայն այս փոփոխությունից հետո, ինչպես ՔՊ մեր աղբյուրը պատմեց, ոչ բոլորի ձեռքն է գնում գրպանը, շատերը խնայում են այդ գումարները, մտածելով՝ եթե  իշխանական կուսակցությունում հրատապ խնդիրներ լինեն, առանց այդ գումարների՝ պետության միջոցներով կլուծեն։

Այս անհավասարությունը դժգոհությունների ալիք է բարձրացրել ներկուսակցական տիրույթում՝ պարտաճանաչ վճարողներն էլ են արդեն սկսել խնայել սեփական միջոցները, քանի որ կուսակցության կանոնադրությամբ սահմանված պատժիչ միջոցները չեն կիրառվել կարգազանց՝ անդամավճար չմուծող կուսակցականների նկատմամբ։ Բանն այն է, որ երեք ամիս անդամավճար չվճարած կուսակցականները, ըստ կանոնադրության, պետք է հեռացվեն վարչության որոշմամբ։ Կուսակցության ղեկավար կազմը որոշել է թափ տալ բոլորի գրպանները եւ զգուշացնել, որ այսուհետ լինելու են պատժվողներ։

ՀԳ․ Ի դեպ, ՔՊ-ն իշխող կուսակցություն է, եւ ենթադրվում էր, որ այս տարիներին այն հզորացել է, ավելացրել է իր անդամների քանակը եւ կուսակցական կուռ կառույցներ է ձեւավորել Երեւանում ու մարզերում, սակայն իրականությունը հակառակն է։ Այս պահին կուսակցության անդամների թիվը հաշվվում է 3 հազար անդամ, եւ կուսակցության գրասենյակների մեծ մասն էլ ընտրություններից հետո փակվել է։