ԱԳՆ-ն ու նախագահականը փորձում են մոռացության տալ նախագահի և դեսպանի խայտառակ պահվածքը

ԱԳՆ-ն ու նախագահականը փորձում են մոռացության տալ նախագահի և դեսպանի խայտառակ պահվածքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնեց Անգլիա, այնտեղ ինչպես հարկն է խայտառակեց մեր «ռեսպուբլիկան» ու իրենից գոհ՝ վերադարձավ հայրնիք՝ այդպես էլ որևէ բացատրություն չտալով իր պահվածքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը, մասնակցելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի վերջին հրաժեշտի արարողությանը, խախտելով էթիկայի, բարեվարքության ու պետական արարողակարգի կանոնները, որոշել էր լուսանկարվել թագուհու դագաղի ֆոնին, ինչի մասին գրում էր Բրիտանական մամուլը՝ որակումներ չխնայելով։ ՀՀ նախագահը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, հանձնարարել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանին ձեռքի հեռախոսով լուսանկարել իրեն՝ այն պահին, երբ ինքը թագուհու դագաղի առջև կկանգնի ու կխոնարհվի։ Հայաստանի նախագահի ու ՀՀ դեսպանի այս անլուրջ վարքը մեծ աղմուկ էր բարձրացրել անգլիական, ապա համաշխարհային մամուլում։ Բրիտանական հռչակավոր լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, ծաղրական ու քննադատական հրապարակումներ արեցին այս մասին՝ վարկաբեկելով Հայաստանի Հանրապետությունը։ 

Այդ օրերին մենք դիմել էինք նախագահի աշխատակազմ՝ պարզաբանում խնդրելով կատարվածի վերաբերյալ, սակայն նախագահի խորհրդական Տաթևիկ Կարապետյանը մեզ ասել էր, որ «նախատեսվում է դեսպանի մեկնաբանությունը»։ Խոսքը դեսպան Վարուժան Ներսեսյանի մասին է։ Այս դեպքից և նախագահականի տված պատասխանից անցել է ավելի քան տասն օր, այդպես էլ ոչ նախագահի աշխատակազմից, ոչ ԱԳՆ-ից որևէ պարզաբանում կամ բացատրություն չենք լսել։ Երևի հույս ունեն, որ ժամանակ կանցնի ու այս թոհուբոհի մեջ կմոռացվի թեման՝ եթե որևէ կերպ չարձագանքեն։ Մարդիկ այլևս չեն հիշի, թե ինչպես են ՀՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհի աչքի առջև խայտառակել մի ամբողջ պետություն։

Մենք երեկ նորից փորձեցինք պարզաբանում ստանալ երկու գերատեսչություններից։ ԱԳՆ-ից ասացին, որ պետք է գրավոր հարցում ուղարկենք։ Սա, իհարկե, ընդամենը հարցին պատասխանելուց հրաժարվելու հայտնի եղանակ է։

Նախագահի խորհրդական Տաթևիկ Կարապետյանը, մեր հիշեցմանը, թե ինքն ասել էր՝ դեսպանը պարզաբանմամբ հանդես կգա, ինչո՞ւ մինչև հիմա հանդես չի եկել, նախ ասաց․ «Այո, ես ասել էի, որ նախատեսվում է, բայց հիմա նպատակահարմար չենք գտել։ Դեսպանը ոչ մի մեկնաբանություն չի տալու, մեր մոտից էլ, այսինքն, ոչ մի հայտարարության կարիք չկա»։ Ապա ավելացրեց, որ կարող ենք գրավոր հարցում ուղարկենք, եթե այլ հարցեր հետաքրքրում են մեզ, իսկ ինքն այս պահին որևէ գնահատական չունի․ «Չունեմ ոչ մի գնահատական, այդ միջադեպն արդեն անցյալում է, բայց եթե դեռ ինչ որ հարցեր կան, որ Ձեզ հետաքրքրում են, հարցում ուղարկեք՝ ոչ մի խնդիր, հարցում ուղարկեք պատշաճ ընթացակարգով կպատասխանենք»,-ասաց Տաթևիկ Կարապետյանը։

Ահա այսպես՝ ով ինչ անի, պատասխան չտա, ով ինչքան վնասի մեր պետությանը, դա որեւէ հետեւանք չունենա։ Ոչ մեկը չպատժվի, ոչ մեկն աշխատանքից չազատվի, ոչ մեկին անգամ նկատողություն չտան։ Իսկ սրա կողքին մի համայնքապետ, որը համարձակվել է քննադատել իշխանություններին, հորինված մեղադրանքով մեկ տարուց ավելի բանտում անցկացնի, որովհետեւ համարձակվել է իշխանությունը չհանձնել ՔՊ-ին եւ կրկին առաջադրվել ու ստացել է համայնքի բնակչության մեծ մասի քվեն։