Քաղաքականություն

«Հրապարակ». Թուրքական յաթաղանի դեմ միակ զսպիչ գործոնը ռուսական ներկայությունն է եւ Իրանը

«Հրապարակ». Թուրքական յաթաղանի դեմ միակ զսպիչ գործոնը ռուսական ներկայությունն է եւ Իրանը

«ԵԽԽՎ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները կարող են լինել քաղաքական գործիքներ այդ երկրի դիվանագետների ձեռքում, սակայն դրանք որպես պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չեն կարող դիտարկվել։ Դա է պատճառը, որ հայկական դիվանագիտությունը միջազգային կազմակերպություններում փորձել է ստանալ ոչ թե հայտարարություններ, այլ որոշումներ ու բանաձեւեր, որոնք ավելի շատ իրավաբանական ուժ ունեն, քան հայտարարությունները»,- մեզ հետ զրույցում ասում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ում 2021 թ. հուլիսին հետ կանչեցին Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Սինգապուրում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Դիվանագետը շեշտում է, որ չնայած արեւմտյան երկրներն իրենց հայտարարություններում կոչ են անում ադրբեջանական իշխանություններին՝ զորքերը դուրս բերել ելման կետեր, սակայն ադրբեջանական կողմի պահվածքից հասկանալի է, որ նրանք ոչ միայն չեն պատրաստվում հետ գնալ, այլեւ հակառակը՝ նոր գործողությունների են պատրաստվում՝ լրացուցիչ տարածքներ գրավելու նկրտումով։

«Իմ այս թեզը կարծես հավաստիացում է ստանում, կարծեմ երեկ՝ գործող իշխանության ղեկավարի թվիթերյան գրառումը, որ մեզ պետք է մշտական առաքելություն՝ անվտանգությունը պահելու համար։ Տասնամյակներ շարունակ այս տարածաշրջան փորձ է արվել խաղաղապահներ բերել, մասնավորապես արեւմտյան ուժերի ներկայությանը դեմ է եղել Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ դա կարող է մեծ լարվածություն առաջացնել՝ արդեն իսկ տարաձայնություններ ունեցող տարածաշրջանային երկրների միջեւ, մենք տեսնում ենք Իրանի արձագանքը... Եվ ես չեմ զարմանա, որ այդ 40 դիտորդները պարզ, սովորական քաղաքացիական անձինք չլինեն։ Նրանք լինում են կա՛մ նախկին զինվորականներ, կա՛մ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Դրա ակնհայտ վկայությունն Ուկրաինայում դիտորդական առաքելության վերաբերյալ ի հայտ եկած փաստերն են,  որ նրանք հետախուզական տեղեկատվություն են փոխանցել, որն իրենց իրավասություններից դուրս էր։ Այս առումով մենք մտածելու շատ բան ունենք, որովհետեւ կստացվի, որ Հայաստանը վերածվում է մի հարթակի, որտեղ տարբեր ռազմաքաղաքական ուժեր փորձելու են իրենց ազդեցության համար պայքարել»,- նշում է Աղաջանյանը։

Դեսպանը կարծում է, որ այս խմբակը բերվել է իշխանության՝ տարածաշրջանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու համար: Արեւմուտքը նրանց օգտագործելու է Ռուսաստանն ու Իրանը կազմաքանդելու եւ կասպիական էներգետիկ ռեսուրսներին տիրապետելու համար։
Ստեղծված իրավիճակում հայի եւ Հայաստանի շահերը պահանջում են մեր խնդիրներից ելնող որոշումներ, իսկ դրանք հնարավոր է կայացնել, երբ ունես սեփական սկզբունքներ, սեփական անվտանգության եւ զարգացման, ազգային արժեքների պահպանման ամբողջական համակարգ եւ դրանից բխող համագործակցային հարաբերություններ ես կառուցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Հնդկաստանի, թե՛ Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրների հետ։ Նախ պետք է ինքդ քեզ պետություն զգաս, հասկանաս ու պաշտպանես քո շահերը, եւ, անկախ բոլոր հանգամանքներից, բոլոր կողմերը կհարգեն քո դիրքորոշումները։

Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով` «Հայաստանից ռուսական զորակազմի հեռացումից հետո` 8 րոպեում Հայաստան կմտնեն ՆԱՏՕ-ի զորքերը» թեզը կեղծ է, քանի որ 8 րոպեում միայն թուրքական բանակը կմտնի Հայաստան, եւ մենք իսկապես կցեղասպանվենք։
«Մենք այսօր արդեն այդ ցեղասպանության ճանապարհին ենք՝ հաշվի առնելով, որ գործող իշխանությունը փորձ է անում Արցախը թողնել, նվիրել Ադրբեջանին։ Հաշվի չառնելով Արցախի ժողովրդի՝ տասնամյակների պայքարն ու կամքը, հաշվի չառնելով հայ ժողովրդի, համայն հայության կամքը, ուղղակի պարտադրաբար, տարբեր միջոցներով ստիպելով համաձայնել այդ ծրագրին։ Ես, ճիշտն ասած, չեմ զարմանա, որ անգամ այս պահին փորձ արվի Արցախին մեղավորության զգացում ներշնչել, որ եթե դուք չհամաձայնեք, Հայաստանը կկործանվի։ Ես կարող եմ ասել, որ եթե նրանք համաձայնեն, այդ դեպքում Հայաստանն իրոք կործանվելու է»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը։

Իշխանությունների կողմից արվող այն հայտարարություններին, թե արցախցիների անվտանգությունը երաշխավորելու համար Հայաստանը ռեսուրս չունի, դեսպանն արձագանքում է. «Դա մեր Անկախության հռչակագրում է նշված, եւ սա նշանակում է դեմ գնալ սեփական պետության հիմքերին։ Ինչ վերաբերում է ռեսուրս ունենալուն՝ մենք շատ ռեսուրսներ ունենք, եթե կա ցանկություն կիրառելու։ Եկեք չմոռանանք, որ պատերազմից անմիջապես հետո տարբեր, իմ ենթադրությամբ՝ նաեւ շինծու հանրային ակցիաների միջոցով փորձեցին ապահովել, որ Հայաստանից այլեւս զորակոչին մասնակցողներ չլինեն։ Եվ արդեն այն ժամանակ հստակ նշվում էր, որ մենք պետք է սահմանապահներ ունենանք, մենք չպետք է բանակ ունենանք սահմանին։ Այսինքն՝ սա մեզ ենթադրել է տալիս, որ մենք այդ ծրագիրն ունեցել ենք նախքան նոյեմբերի 9-ի համաձայնությունը, եւ այդ քայլերն ուղղակի հանրության համար ընկալելի եւ մարսելի դարձնելու համար դրանք արվել են նպատակային»։

Եթե Հայաստանում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայվի, հաջորդ պահանջը լինելու է ռուսական զորակազմի հեռացումը Հայաստանից։ «Մենք արդեն թուրքական յաթաղանի առաջ ենք, եւ դրա միակ զսպիչ գործոնն այստեղ ռուսական ներկայությունն է...»,- նկատեց դիվանագետը։ Ինչ վերաբերում է նոր նախագծին՝ 150 հազար ԱՄՆ դոլար ներդրման պարագայում ՀՀ քաղաքացիություն տալուն, ապա դրանից կարող են օգտվել տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներն ու քրդերը, ու մի քանի տարի հետո Հայաստանում դեմոգրաֆիական լուրջ փոփոխություններ կարող են լինել։ «Եվ մի պայծառ օր կարող ենք հայտնաբերել, որ Հայաստանում ավելի շատ թուրք եւ ադրբեջանցի ՀՀ քաղաքացիներ են ապրում, քան հայեր, որոնք ունեն նաեւ ընտրելու եւ հող ձեռք բերելու իրավունք։ Եվ մի օր էլ կարող ենք հայտնաբերել, որ հայերն իրենց հայրենիքում դարձել են էթնիկ փոքրամասնություն»,- շեշտեց Աղաջանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image