«Հրապարակ». Վահան Շիրխանյանին մեղադրանք կառաջադրվի՞

«Հրապարակ». Վահան Շիրխանյանին մեղադրանք կառաջադրվի՞

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մոր եւ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի միջեւ Քննչական կոմիտեում օրեր առաջ առերեսում է տեղի ունեցել՝ Նաիրա Մելիքյանից խաբեությամբ 7 հազար դոլար հափշտակելուն վերաբերող գործի հետ կապված։ Հիշեցնենք, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի` Հրահատ Մխեյանին։ Նաիրա Մելիքյանն իրավապահներին հայտնել էր, որ Վահան Շիրխանյանը, ում հետ Նաիրա Մելիքյանը նախկինում ծանոթ է եղել, տեղեկացված լինելով իր որդու անհետ կորած լինելու մասին, այցելել է իրեն եւ ասել, որ կարող է օգնել մորը՝ որդուն գտնելու հարցում։ Այնուհետեւ Շիրխանյանը, ըստ Նաիրա Մելիքյանի հայտարարության, հանդիպումներից մեկի ժամանակ իր հետ բերել է Հրահատ Մխեյանին՝ նրան ներկայացնելով որպես հետախույզ եւ պաշտպանության նախարարի հատուկ գործերով օգնական։

«Առաջարկեց, որ ինքը կփորձի պարզել երեխայիս ճակատագիրը, եւ նորից այցերը շարունակվեցին: Ընթացքում խոսակցություններ եղան, որ նա պետք է մեկնի որոշ տեղեր՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնություն, Սիրիա, որ պարզի երեխայիս ճակատագիրը: Այդ ճամփորդությունների համար նրան ծախսեր էին անհրաժեշտ, եւ ես երկու մասով գումարներ տվեցի, ընդհանուր 7 հազար ԱՄՆ դոլար»,- ասել էր Նաիրա Մելիքյանը:  

Որդու՝ 19-ամյա Հայկի մասունքը մորն են հանձնել 2021-ի նոյեմբերին: Հրահատ Մխեյանը, մոր խոսքով, այդ շրջանում իր տված գումարով մեկնել է հանգստանալու, հետո վերադարձել ու ասել, թե իրեն խաբել են, որ Նաիրայի որդին այդ բանտում չէ։ Նաիրա Մելիքյանի աշխատավայր հերթական այցի ժամանակ Հրահատ Մխեյանը ձերբակալվել էր, կալանավորվել, նա այժմ հարուցված քրեական գործով ամբաստանյալ է, իսկ Վահան Շիրխանյանը գործով դեռեւս կարգավիճակ չունի, չնայած զոհվածի մայրն ի սկզբանե պնդում էր, որ այդ հանցագործությունը կատարել է Վահան Շիրխանյանը։

Մեզ հետ զրույցում Նաիրա Մելիքյանը հաստատեց իր եւ Շիրխանյանի առերեսման մասին տեղեկությունը՝ ասելով, որ քննչական գործողության ժամանակ ինքը պնդել է այն, ինչը հայտարարել էր նախկինում։ «Նա առայժմ որպես մեղադրյալ ներգրավված չէ, բայց կարծում եմ՝ այս առերեսումից հետո պետք է որ ներգավվի»,- ասաց Մելիքյանը։ Հարցրինք՝ իսկ Շիրխանյանն ի՞նչ է ասել առերեսման ժամանակ, իր հայտարարությունները հերքե՞լ է։ «Չէ, շատ մասերով չի հերքել, ասում էր, որ ինքն է բերել, ծանոթացրել եւ ինքն էր ինձ ասում, որ կարեւորը՝ երեխան ողջ է, եւ հաստատում էր այն ամենը, ինչ Մխեյանն էր փոխանցում, եւ նաեւ գումարի մասով է տեղյակ եղել, որ նա գումարներ է վերցնում՝ իբր ծախսերը հոգալու անվան տակ։ Քննչականը պետք է որ առերեսումից հետո ընթացք տա եւ մեղավոր ճանաչի, եւ քրեական գործ հարուցվի։ Տեսնենք՝ սրանց օրոք ինչ կլինի, շատ մեծ ակնկալիքներ չունեմ, բայց, այնուամենայնիվ, գործով հաստատված է նրա մասնակցությունը, ինքն է այդ ամենը նախաձեռնել, ըստ էության»,- պատասխանեց Մելիքյանը։

Զոհված զինծառայողի մորը հարցրինք՝ առերեսման ժամանակ Շիրխանյանն ինչպե՞ս է բացատրել տեղի ունեցածը։ «Ինքը բացատրում էր, թե իբր պարզապես հավատացել է Մխեյանին»։ Նաիրա Մելիքյանին հարցրինք նաեւ, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Մխեյանն էլ է Շիրխանյանի դեմ ցուցմունք տվել՝ ասելով, որ գումարները վերցրել ու Շիրխանյանին է տվել։ 

«Այո, ես, իհարկե, չեմ եղել այդ նիստին, որովհետեւ ես ներկա եմ լինում այն ժամանակ, երբ որպես վկա պիտի ցուցմունք տամ, բայց, ինչքան տեղյակ եմ, ինչ-որ խայտառակ ցուցմունքներ է տվել, երեւի հասկացել է, որ Շիրխանյանի փոխարեն է նստելու, չկա տարբերակ, որ ինքն այդտեղից դուրս գա, դրա համար էլ ցուցմունք է տվել»,- պատասխանեց Մելիքյանը։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Մխեյանի պաշտպան Գայանե Ղուլյանից։ Փաստաբանն ասաց, որ Մխեյանը ցուցմունք տվել է, բայց այդ ցուցմունքն ինչ-որ մեկին դեմ կամ կողմ չի եղել։ «Ցուցմունք, այո, տրվել է, բայց մեր ցուցմունքը որեւէ մեկին դեմ կամ կողմ չէ, այլ իրականության վերաբերյալ է, դեպքի վերաբերյալ մանրամասն իրականությունը»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այլ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ չունի իր պաշտպանյալի համաձայնությունը։