Նշանավորելով Անրի Վեռնոյի 100-ամյակը

Նշանավորելով Անրի Վեռնոյի 100-ամյակը

Ֆրանսահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանի հոբելյանն այս տարի ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց օրացույցում: Երեւանում հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» թեմայով եռօրյա գիտաժողով՝ նվիրված Վեռնոյի 100-ամյակին։ Վեռնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է: Նրա շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական  թրիլերներ։

Վեռնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ ստեղծելով հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը», 1991-ին։ Վեռնոյն այն սփյուռքահայ կինոգործիչներից է, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը։

«Օգտագործելով Անրի Վեռնոյի ժառանգությունը եւ խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը՝ որպես ելակետեր, գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երեւույթներին՝ որպես ազգային կինոյի դրսեւորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն՝ համաշխարհային կինոպատմության համատեքստում։ Գիտաժողովը փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական եւ սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների եւ կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից եւ արտերկրից»,- փոխանցեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա նաեւ հատուկ հանդիպում-զրույց Անրի Վեռնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վեռնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն եւ կցուցադրվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական ֆիլմը։