ՔՊ-Մարության՝ երկրորդ ռաունդ

ՔՊ-Մարության՝ երկրորդ ռաունդ

Իշխանական քարոզչամեքենան գործի է դրվել՝ Հայկ Մարությանին մեղադրում են «հեղափոխությունից շեղվելու» մեջ։ Կրկին թարմացրել են Մարությանից ազատվելու թեման եւ որոշել են ավարտին հասցնել։ Տարբեր սցենարներ էին քննարկվում՝ ավագանու կողմից անվստահությունից մինչեւ Արգավանդը Երեւանին միացնելով նոր ընտրության գնալու։ Խոսակցությունները լռեցին ընտրություններից հետո, լուրեր տարածվեցին, թե համաձայնության են եկել՝ Փաշինյանը հրաժարվում է Մարությանին պաշտոնաթող անելու եւ նոր ընտրությունների մտքից՝ պայմանով, որ կարեւոր որոշումները, հատկապես՝ կադրային, կայացնի ՔՊ կուսակցության վարչությունը, եւ հետեւի Սուրեն Պապիկյանը։ 

Ասենք՝ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներ Մարությանը չպետք է նշանակի, այլ՝ ՔՊ-ն։ Բայց վերջին օրերին ինչ-որ բան է փոխվել, եւ տարաձայնությունները նոր թափ են ստացել։ Կարելի է ենթադրել, որ Մարությանը հերթական անհնազանդությունն է դրսեւորել, եւ իշխանությունը որոշել է ռիսկի գնալ՝ սկսել նրան անվստահություն հայտնելու գործընթաց։ Բացի այդ, քաղաքապետարանի  աղբյուրները նշում են, որ Մարությանն ինքնամեկուսացել է, տեւական ժամանակ է՝ չի հանդիպում «Իմ քայլը» խմբակցության հետ, շփվում են միայն թղթային տարբերակով, տեսնում են ամիսը մեկ անգամ՝ ավագանու նիստերին։ Իսկ օրերս կառավարություն են հրավիրել «Իմ քայլի» ավագանու անդամներին, եւ Արայիկ Հարությունյանը նրանց տեղեկացրել է, որ սկսում են անվստահության գործընթաց։ Չնայած վստահ չեն, որ բավարար ձայներ կունենան այդ գործընթացն իրականացնելու համար։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ ասաց, որ ակնհայտորեն կա քաղաքական համաձայնություն եւ դեռեւս այն ժամանակ, երբ Սուրեն Պապիկյանը նախարար էր․ «Երեւանի հետ կապված հարցերը, կուսակցություն-Մարության փոխհարաբերությունները, գոնե իմ տպավորությամբ, եւս լուծում է Պապիկյանը, եւ դա քաղաքական համաձայնության շրջանակներում ինձ համար ընկալելի է։ Եթե, դրանով հանդերձ, իշխանությունները փորձում են հեռացնել Մարությանին, դա անելու ձեւ եւ տարբերակ ունի մեծամասնությունը, եթե բերի իմպիչմենտի նախագիծ․․․ ինձ համար ակնհայտ է, որ ունեն կոնսենսուս, երբ կլինի այդ նախագիծը, կնշանակի, որ կոնսենսուսը խախտվել է, այդ ժամանակ մենք մեր տեսակետն արդեն հստակ կհայտնենք, որովհետեւ հիմա ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունն ինչ-որ անհասկանալի շարժումներ է անում»։

Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն էլ ասաց, որ եթե չկա համագործակցություն քաղաքական եւ քաղաքային իշխանության միջեւ, ապա դա ի վնաս է անդրադառնալու աշխատանքի վրա․ «Ցանկացած պետական մարմին եթե չհամագործակցի մյուս պետական մարմինների հետ, ամեն ինչ թղթային տարբերակով է արվում, պետք է աշխատանքը դանդաղի, եւ  դա ի վնաս տվյալ կառույցի»։