Հարցազրույց

«Հրապարակ». Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, հիմա մենք ստանձնել ենք

«Հրապարակ». Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, հիմա մենք ստանձնել ենք

Հարցազրույց ԵԿՄ Երեւանի քաղաքային խորհրդի նախագահ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ։

- Պարոն Մխիթարյան, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին կնշանակվեք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ձեր կուսակցությանը երեք թաղապետի պաշտոն են խոստացել՝ ՔՊ-ին աջակցության դիմաց, Դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք այդ պաշտոնում։

- Դեռ վերջնական որոշված չէ, թող հաստատ որոշվի, նոր խոսենք։

- Իսկ Դուք պաշտոնյայի կարգավիճակում Ձեզ պատկերացնո՞ւմ եք, նախկիններին մեղադրում էին, թե ԵԿՄ-ն չպետք է խառնվի քաղաքականությանը, հիմա ստացվել է այնպես, որ երկրապահներից շատերը քաղաքականությամբ են զբաղված։

- Երկրապահներին միշտ ուրիշ աչքով են, չէ՞, նայում, որպես կազմակերպություն, այո, չենք խառնվում, բայց ես անհատ եմ եւ, ինչու ոչ` ինձ տեսնում եմ այդ պաշտոնում։

- Երեւանի ընտրություններից առաջ «Հանրապետություն» կուսակցության կարկառուն ներկայացուցիչներն ընտրողին համոզում էին, որ ձեր կուսակցությունն ընդդիմություն է, ավելին` Անի Խաչատրյանը հայտարարեց, թե ՔՊ-ի միակ ընդդիմությունը «Հանրապետությունն» է, «միակ» ընդդիմադիրն ընտրություններից հետո դարձավ ՔՊ-ի միակ կոալիցիոն գործընկերը, որից հետո շատերը հարցնում են՝ ինչո՞ւ խաբեցիք ժողովրդին՝ ներկայանալով որպես ընդդիմություն եւ խլելով ընդդիմության ձայները...

- Նման բան ասողները կուսակցությունից դուրս եկած մարդիկ են։

- Չե՞ք կարծում, որ, մեղմ ասած, ազնիվ չեք եղել ձեր ընտրողի նկատմամբ, որպես ընդդիմություն եք քվե ստացել, բայց իշխանության հետ եք կոալիցիա կազմել։

- Մենք մեր ընտրողին խոսք էինք տվել, որ ստանձնելու ենք իշխանություն, եւ ստանձնել ենք իշխանություն եւ մենք մեր աշխատանքով ցույց կտանք, որ մեր ընտրողին հուսահատ չենք անելու, հուսախաբ չենք անելու։

- Բայց նաեւ ասել էիք, որ դուք ընդդիմություն եք, այսինքն` դեմ եք ՔՊ-ին, բայց հիմա ՔՊ-ի հետ եք կառավարելու Երեւանը, թե՞ հիմա էլ իշխանություն ունենալով` դառնալու եք ՔՊ-ի միակ ընդդիմությունը։

- Մենք ստանձնել ենք մեր բաժին իշխանությունը  եւ մենք մեր իշխանությունն ենք, մենք ենք կառավարելու մեր ստանձնած պաշտոնները։

- Հիմա «Հանրապետությունը» ՔՊ-ի ընդդիմությո՞ւնն է, թե՞ դաշնակիցը։

- «Հանրապետությունն» առաջնորդվում է իր ծրագրերով եւ առաջնորդվել է ու կառաջնորդվի: Իսկ մեր գաղափարախոսությունը բոլորդ լավ գիտեք։

- Ո՞ր մեկը, որ․․․

- Բոլորը, մեզ անգիր գիտեք դուք։

- Մի տասն օր առաջ գիտեինք, որ ընդդիմություն եք, դրանից առաջ՝ ուրիշ բան, հիմա էլի իշխանություն եք․․․ գուցե նախընտրական տրյո՞ւկ էր, որ հայտարարեցիք, թե ընդդիմություն եք։

- Բացարձակապես ոչ մի տրյուկ էլ չկար։ Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, հիմա մենք ստանձնել ենք ու հետո էլ կրելու ենք մեր բաժին պատասխանատվությունը։

- Մալաթիայի ազդեցիկ կլանների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք, կարծում եք՝ Դուք կոմպրոմիսային թեկնածո՞ւ եք, խոսքը Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի՝ Լեդիի մասին է։

- Բոլորի հետ տարիներ շարունակ նորմալ հարաբերություններ ունեմ, իսկ Հակոբ Հակոբյանն իմ մարտական ընկերն է, երեսուն տարուց ավել իմ մարտական ընկերն է, բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ, այդ հարաբերությունները, ինձ թվում է՝ ավելի կօգնեն։

- Իսկ որպես երկրապահ, որն Արցախի համար կռիվ է տվել, Ձեզ ո՞նց եք զգում այսօր, պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր Արցախը կհանձնեինք։

- Ես նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնում, «շնորհակալություն» Դաշնակցությանը, որն այդ ամենի մեղավորն է, եւ որը մենք բոլորս մեր աչքով տեսանք։

- Դաշնակցության մեղքը ո՞րն է, որ Արցախում մի քանի շաբաթ ԱԺ նախագահի պաշտո՞ն են զբաղեցրել։

- Եվ ընդամենը տասն օրում հանձնեցին Արցախը։

- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր հասցրել Արցախի հարցը մի կետի, որ տեղի ունեցածն անխուսափելի էր։

- Ես ասում եմ՝ տասն օրում հանձնեցին Արցախը։

- Իսկ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է, որ ինքն այս կարճ ժամանակում` 3 տարում, ոչինչ չէր կարող փոխել, որ 20 թվի պատերազմում հաղթեր, որ նախկիններն ամեն ինչ տվել էին, ինքն ընդամենը «հաշիվն» է փակել, հիմա ո՞նց եղավ, որ 10 օրում Արցախում բան փոխվեց։

- Ես՝ որպես երկրապահ, կարող եմ ասել, որ ես այդ հողերն ազատագրել եմ, այդ հողերում վիրավորվել եմ երեք անգամ եւ այսօր շատ մեծ ցավ եմ ապրում, էլ այս թեմայից չեմ ուզում խոսել։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image