Ես մի օր կհանդիպեմ տղայիս, անպայմա՛ն կհանդիպեմ

Ես մի օր կհանդիպեմ տղայիս, անպայմա՛ն կհանդիպեմ

«Սարգիսն իմ միակ զավակն է… ե՛ւ որդիս, ե՛ւ ընկերս, ե՛ւ եղբայրս… ես նրան մենակ եմ մեծացրել: Միշտ ասում էր. «Մա՛մ, ե՞րբ հասցրինք էսքան մոտ ընկերներ դառնալ»»: Զրուցակիցս 39-ամյա Անահիտն է՝ շատ երիտասարդ, Աստծուց նեղացած, բայց միաժամանակ վստահ՝ դեռ հանդիպելու է Սարգսին, տարածության ու ժամանակի այլ չափումներում: Իսկ կայացրած որոշումը պիտի կատարի. Սարգսի մասին խոսելիս չպիտի լացի. չէ՞ որ որդին լույս ու սեր էր տարածում, ինքն ինչպե՞ս կարող է հակառակն անել՝ նրա մասին խոսելիս: Եվ նրան լռությունը միշտ հասնում է օգնության, երբ արցունքները խեղդում են կոկորդը, ձայնին ստիպում դողալ…

«Հունվարին զորացրվելու էր: Պատերազմի ընթացքում վերադարձի 100 օրվա մեջ էր մտել: Այդ օրը զանգեց. «Մա՛մ, գիտես, չէ՞, ինչ օր ա էսօր. 100 օրվա մեջ եմ մտել (զինվորների համար ծառայության վերջին 3 ամիսը՝ 100 օրը, շատ սպասված է: Իրենք մեծ ոգեւորությամբ են հետհաշվարկն անում): Մա՛մ, որ քեզ շատ նեղություն չտամ (ինքը շատ նրբանկատ էր), օրը մի հատ չուպաչուպս կառնես, որ ես գամ, էդ 100 հատ չուպաչուպսը լցնես դիմացս, ասես՝ Սա՛ք ջան, էս բոլորը քոնն են»: Բայց ես ընդամենը հասցրի 10 հատ չուպաչուպս առնել… պահարանում դրված են…

Մա՛մ ջան, դու հանգի՛ստ եղի, մեզ չեն բարձրացնում դիրքեր

44 օր Սարգիսն ինձ շատ հմտորեն խաբել է, ես նույնիսկ իր ձայնից չեմ հասկացել, որ ինքն առաջնագծում է: Ես իրեն հավատում էի, քանի որ ինքը երբեք ինձ չէր խաբում: Զոհվելու օրը նոր իմացել եմ, որ 44 օր թեժ կետերում է եղել: Հարազատներս Սարգսի զոհվելուց հետո մեկ օր ինձ չեն ասել այդ մասին՝ մտածելով, որ կխելագարվեմ: 

Մերոնք այնքան հմտորեն էին ինձ խաբում: Բայց ես շատ անհանգիստ էի: Սարգսի հետ խոսել էի նոյեմբերի 9-ի երեկոյան, փաստորեն, օրուկես լուր չունեի: Ասում էին՝ Ա՛ն, հրադադար ա, մի՛ անհանգստացի, խառն են երեւի, էդ պատճառով չի զանգում: Բայց մեծ տագնապ կար ներսումս, նույնիսկ հաց ուտել չէի կարողանում, կոկորդիս էր կանգնում: Նորից եկեղեցի գնացի, աղոթեցի նորից, ինչն ամեն օր էի անում: Երեկոյան ժամ էր: Դուռը ծեծեցին, հորաքույրս էր եւ շտապօգնության բժիշկը… արդեն պատկերացրի՝ ինչ են ինձ ասելու… ես միայն հիշում եմ իմ գոռոցը: Հետո ինձ մի քանի օր անընդհատ սրսկել են…

Կռիվ չունեմ ինքս ինձ հետ

Գիտե՞ք՝ ես շատ եմ հարցնում ինքս ինձ՝ ես ո՞նց եմ դեռ շնչում, ո՞նց եմ ապրում: Որովհետեւ մինչեւ այդ դեպքը, երբ ես մտածում էի, որ Սարգսի մատը կարող է փուշ մտնել, կարծում էի՝ կխելագարվեմ: Հիմա զարմանում եմ. ինձ թվում է՝ իրենք են մեզ այդ ուժը փոխանցում, որպեսզի մենք կարողանանք ապրել: Սարգիսը միշտ հետս է, հաճախ հետը բարձրաձայն զրուցում եմ… չգիտեմ… իրենով շարունակում եմ ապրել: Ես ինձ երջանիկ մայր եմ համարում, որ ունեմ Սաքիս նման որդի: Ինքն ինձ համար իդեալական էր՝ իր հասկացողությամբ, հարգանքով, նրբանկատությամբ…

Մյուս որդեկորույս մայրերի հետ մենք միշտ կապի մեջ ենք, հաճախ հանդիպում ենք, զրուցում: Պատկերացրեք՝ այդ շփումը շատ է օգնում: Երբ հանդիպում ես մեկին, որը նույնպես քո ցավն ունի: Նույնիսկ հաճախ այնպիսի տպավորություն եմ ունենում, որ ես այդ ծնողներին միշտ եմ ճանաչել: 

Առանց Սարգսի, բայց միշտ իր հետ

Մի ակնթարթում կյանքս գլխիվայր շրջվեց, ես իրենով էի ապրում, ես իր համար էի ապրում, իմ երազանքներն իր անունն ունեին: Հիմա ժամանակը կանգ է առել: Ինձ ոչինչ չի հետաքրքրում, անտարբեր եմ ամեն ինչի հանդեպ, ուղղակի բնազդաբար, օրվա հունով առաջ եմ գնում… Երբ ինքը ներս էր մտնում, իր հետ լույս էր բերում: Ամեն քայլ անելիս մտածում եմ՝ այ, Սաքն էսպես կասեր, էս խորհուրդը կտար: Ես միշտ իրեն ասում էի. «Սա՛ք ջան, մեր տան տղամարդը դու ես, դու պիտի էնքան ուժեղ լինես, որ կարողանաս տղամարդավարի լիքը հարցեր լուծել»… ես իր մեջ այդ ոգին դրել էի արդեն: 

Ինքը զոհվել է հայտնի փաստաթուղթը ստորագրելու ժամանակ… ինձ ահավոր, ահավոր դա ցավեցնում է: 44 օր իրենք եղել են դաշտերում, քնել են՝ որտեղ պատահի, անցել են ողջ պատերազմն ու զոհվել վերջին պահին: Որ խորանում եմ, ուղղակի խելագարվում եմ: Ես միշտ աշխատում եմ իմ միտքը կառավարել, որ միտքս հեռու չգնա: Թե չէ, երբ մի քիչ հեռու եմ գնում, ինձ մի քանի օր է անհրաժեշտ լինում, որ կարողանամ կայունացնել հոգեվիճակս, ուշքի գալ: Վերջերս երկու շաբաթ այդ վիճակում էի: Սարգսիս քարը դրել էինք, բայց ուժ չէի գտնում, որ գնամ գերեզմանոց, մայրիկիս հետ էլ չէի կարողանում խոսել (միասին ենք ապրում)… բայց քանի որ իմ տղան միշտ ասում էր՝ մա՛մ, դու շատ ուժեղ ես, ես փորձում եմ ինձ էդպես պահել: Երբ երազիս Սաքին տեսնում եմ, դա անպայման մի հուշում է տալիս ինձ. կա՛մ ինչ-որ հարցի լուծում եմ գտնում, կա՛մ հասկացնում է, որ շատ ենք լացում…

Թվում է՝ խճճվել եմ

Հիմա նեղացած եմ Աստծուց, որովհետեւ իմ հավատի հետ մեկտեղ, որ էսպես եղավ… չգիտեմ, չգիտեմ… երեւի ինձ ժամանակ է պետք… չգիտեմ…
Ես հավատում եմ, որ իրեն մի օր հանդիպելու եմ… անպայման կհանդիպեմ տղայիս, անպայման: Ես իմ ամբողջ կյանքում կիրակի օրերին եկեղեցի եմ գնացել: Հիմա չեմ գնում… ոչինչ առաջվանը չէ: Նույնիսկ հաճախ ինձ թվում է՝ ես խճճվել եմ, կանգնել եմ խաչմերուկին ու չգիտեմ՝ որ ճանապարհն է ճիշտ, ոնց գնամ: Մի քանի օր ինձ զսպում եմ, հետո մի քանի օր ընկճախտի մեջ եմ հայտնվում… սկզբում ավելի ուժեղ էի, հիմա ավելի թուլացել եմ, երեւի ուժգնացող կարոտն էլ իր գործն անում է: Բայց գիտակցում եմ, որ պիտի հավաքեմ ինձ… հանուն իմ տղայի՝ ինձ պիտի հավաքեմ…

Ինչո՞ւ հենց ես…

Հաճախ եմ այս հարցը տալիս: Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել, Սաքի հետ շատ դժվարությունների միջով ենք անցել, կարծես դժվարությունները հետեւում էին մնացել, Սարգիսը բանակից պիտի գար, ու մենք կյանքի նոր փուլ էինք մտնելու, ու այդ ամեն ինչը միանգամից կորցրի: Հենց դա՛ է ինձ մեծ ցավ պատճառում. ախր ինչի՞, չէ՞ որ ես շատ բարդություններ եմ այս կյանքում տեսել, գոնե պիտի էսպես չլիներ…

Գիտե՞ք՝ որպես մայր, կռիվ չունեմ ինքս ինձ հետ, քանի որ տղաս ոչնչից զուրկ չի մնացել, իր կյանքը վայելել է այնպես, ինչպես ինքն ուզել է: Մենք նույնիսկ նամակներ ունենք, որտեղ ինքը շեշտում է. «Մա՛մ, ես կկարողանա՞մ քո նման ծնող դառնալ»: Ես պատասխանում եմ. «Դու ավելի՛ լավ ծնող կդառնաս, Սա՛ք ջան»: 

Հանուն ինչի՞ Սարգիսը զոհվեց։ Այս հարցը երբ տվեցի առաջին անգամ ինքս ինձ, պատասխանը միանգամից գտա. հանուն ինձ, հանուն իր տատիկի, հանուն իր հայրենիքի… Վստահ եմ՝ հանուն մեզ: Որովհետեւ Սարգիսն ինձ չափից շատ էր սիրում ու ամեն ինչ անում էր, որ ես միշտ ժպտամ:

Կուզեի…

Այսքան զոհերից հետո կուզեի, որ խաղաղություն լիներ, գոնե մյուս փոքրիկները մեծանային խաղաղ երկրում, ու ոչ մի մայր այս ցավը չզգար… սա մի բան է, որն իր ժամանակին չէ, քանի որ ծնողը պիտի զավակի կորուստը չտեսնի: Ինձ հիմա ցավեցնում է, որ մարդիկ շատ են չարացել, այսքան կորստից հետո բարիանալ էր պետք…»:

ՀԳ. Թոմբուլյան Սարգիս Հակոբի՝ ծնված 2000թ. դեկտեմբերի 30-ին, զոհվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ