Տղաս պարկեշտ տղա է՝ «չաստ նայող չի». Զինծառայողի մահվան գործով Շմայսի որդուն մեղադրանք է առաջադրվել | «Հրապարակ» 04.02.2020

Տղաս պարկեշտ տղա է՝ «չաստ նայող չի». Զինծառայողի մահվան գործով Շմայսի որդուն մեղադրանք է առաջադրվել | «Հրապարակ» 04.02.2020

Հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդին է, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:
Մենք զրուցեցինք Առաքել Մովսիսյանի հետ՝ նրան հարցնելով, թե ձերբակալությունից հետո խոսե՞լ է որդու հետ, նա որևէ բացատրություն տվե՞լ է։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր տարածվեցին, թե Մովսիսյանի որդին ծառայել է էլիտար զորամասում, որտեղ ծառայում եմ բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ մարդկանց որդիները։ Ըստ տեղեկությունների՝ Մովսիսյանի որդին զորամասում արտոնյալ է եղել՝ «չաստ նայող», և վիճաբանություն է ունեցել Վահրամ Ավագյանի հետ:

«Վերջին անգամ տեսել եմ ծառայության ընթացքում, «պրիսյագից» հետո չեմ տեսել։ Ձերբակալությունից հետո չեմ խոսել, փաստաբաններն են զբաղվում իրա գործով, ես ոչ մի բանի չեմ խոչընդոտում, ես ուրիշ բանից տեղյակ չեմ, թող փաստաբանները ձեզ պատասխանեն, դատ ա գնում»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Առաքել Մովսիսյանը։
Մովսիսյանին հարցրինք, թե քաղաքացիական կյանքում տղան հաճա՞խ է «ռազբորկաների» մասնակցել, ասում են, որ «չաստ նայող» է եղել:

«Սխալ հարցեր ես տալի, իմ տղան պարկեշտ տղա ա, համալսարանն էլ անվճար ընդունվել ա, էլ ինձ ըտենց հարցեր չտաս»,- ասաց Մովսիսյանն ու անջատեց հեռախոսը։ 

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.