«Լուսավորության խնդիր կար, մութ էր, սղղացրեց մեքենան ու խփեց ծառին»․ Պապոյանը՝ գիշերվա վթարի և վիրավոր ուղևորի մասին  

«Լուսավորության խնդիր կար, մութ էր, սղղացրեց մեքենան ու խփեց ծառին»․ Պապոյանը՝ գիշերվա վթարի և վիրավոր ուղևորի մասին  

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզում վթարի է ենթարկվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը։ Նրան սպասարկող Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր Երևանի բնակիչ, 34-ամյա Ռոբերտ Կ․-ն, ժամը 00։15-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 
Մենք տեղեկացանք, որ բուժօգնության դիմած ուղևորը եղել է Պապոյանի կինը, իսկ ղեկին էլ հենց ինքն է եղել։

Գևորգ Պապոյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց, որ վնասվածք ստացողը իսկապես կինն է եղել, բայց ղեկին ինքը չի եղել․ «Թեթև քերծվածք է եղել՝ էսպես ասեմ։ Ավելի շատ վախեցել էր կինս, էդպես լուրջ վնասվածք չկար»,-ասաց Պապոյանը

Մեքենայի մեջ, ըստ պատգամավորի, երեքով են եղել՝ ինքը, կինը և վարորդը, որն այդ պահին ղեկին է եղել, ու քանի որ կինը, Պապոյանի խոսքով, հետևի շարքում նստելիս իրեն վատ է զգում, դիմացն է նստած եղել։

«Ինքը չի կարողանում հետևը նստել՝ իրեն լավ չի զգում, միշտ դիմացն է նստում, դրա համար ես եմ հետևը եղել»,-ասաց նա։

Մեզ հետաքրքրում էր նաև, թե ի՞նչ գործ ուներ Գևորգ Պապոյանը այդ ժամին ծառայողական մեքենայով Տավուշի մարզում։

«Ես շաբաթ-կիրակի Սպիտակ, Գյումրի և Վանաձոր քաղաքներ ունեի պլանավորած այցեր, ու քանի որ պետք է նաև մնայի քաղաքներում՝ ես իմ հաշվին, որոշեցի, որ իրենք էլ ինձ հետ լինեն, և երեկոյան գնանք, որպեսզի առավոտվանից էդ հանդիպումները կայանան։ Ավելին ասեմ՝ Սպիտակի հանդիպումը վաղը էլի կայանալու է։ Այսինքն՝ ինքը աշխատանքային այց է եղել ամբողջովին։ Էսօրվա Վանաձորը չի կայանա, վաղը Սպիտակինը էլի հանդիպում է»։

-Հանդիպում կուսակտիվի՞ հետ։

-Հանդիպում քաղաքացիների հետ, համայնքների, վարչական շրջանների ղեկավարների հետ՝ ինչ խնդիրներ կան, սուբվենցիաներ և այլն, և այլն։

-Բայց Դուք որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագա՞հ էիք մեկնում այդ հանդիպումներին, թե՞ որպես ՔՊ-ական պատգամավոր։

-Ավելի շատ՝ երևի որպես պատգամավոր էս պարագայում։

-Բայց այս դեպքում այդ մեքենան Ձեզ որպես հանձնաժողովի նախագահ է տրամադրված, իսկ Դուք այդ մեքենայով մեկնում եք դրանից չբխող այցերի։ Բայց Ձեր մյուս գործընկերները, որոնք էլի պատգամավոր են, բայց հանձնաժողովի նախագահ չեն, չունեն ծառայողական մեքենա, ու իրենք իրենց մեքենաներով են այցերի գնում։

-Դե, դրա համար ես՝ նաև որպես հանձնաժողովի նախագահ էլ, գնում եմ՝ տեղում խնդիրները հասկանամ, որովհետև էդ սուբվենցիան էլի մեր հանձնաժողովն է, չէ՞, անում, բյուջեի վերահսկողությունն էլի մեր մոտով է անցնում։ Այսինքն՝ ինքը, եթե բյուջետային վերահսկողության տեսանկյունից նայենք, շատ ուղից իմ պարտավորությունն  է։

-Ես տեսա, որ մեքենան բավականին վնասվել է։ Ի՞նչ է լինելու դրա ճակատագիրը։

-Դե, կմնա ինչ-որ մի տեղ, մինչև, բնականաբար, կվերանոգորենք։

-Իսկ ի՞նչ հանգամանքներում է եղել վթարը, ի՞նչն է եղել պատճառը։

-Դե, լուսավորության խնդիր կար, մութ էր, սղղացրեց մեքենան, վարորդս երևի չկարողացավ պահել՝ ինքը էդպես է բացատրում, կողքով գնաց ու խփեց ծառին։