Հասարակություն

Իշխանությունը գոնե հասկանո՞ւմ է, որ արդեն պարտվել է

Իշխանությունը գոնե հասկանո՞ւմ է, որ արդեն պարտվել է

Եկեղեցականների վրա գործադրվող ճնշումները, Եկեղեցու վարկաբեկման գարշելի արշավը, հոգեւորականների ձերբակալություններն ու կալանքներն իրականում մի քանի կարևոր տեղաշարժերի ցուցիչ են Հայաստանի և նրա շուրջ հասարական-քաղաքական դաշտում։

Կարելի է երկար խոսել այն մասին, որ սա իրավական բացարձակ «բեսպրեդել» է, էժանագին սյուրռեալիզմ՝ խառնված իշխանությունների մոլագար ձգտման հետ՝ տրորելու ՀԱԵ-ն։ Վերջիվերջո տեղի ունեցողը ահաբեկման ցուցադրական ակտեր են, բայց… իրականում սա շատ լուրջ գործընթացների նշան է։
1. Հոգևորականների կալանավորմամբ իշխանությունը, ըստ էության, խոստովանեց սեփական անուժությունը՝ հայաստանյան հասարակությանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տրամադրելու փորձում, ինչը, թեև ինքնին նոնսենս է, բայց այնուամենայնիվ հակաեկեղեցական արշավի հիմնական նպատակներից էր։
2. Եկեղեցին ներսից պայթեցնելու փորձն էլ, ըստ էության, տապալվեց, քանի որ այն հոգևորականները (պաշտոնն իրականում ոչ մի բան չէր փոխում՝ լինի դա արքեպիսկոպոս, սովորական քահանա, սարկավագ), որոնք միացան իշխանական արշավին հասարակության լայն շրջանակներում չեն ընկալվում, որպես «Եկեղեցին մաքրելու մարտիկներ», այլ ընկալվում են որպես լոկ ճամբարափոխ մարդիկ։
3. Հայաստանյան հասարակության ճնշող մեծամասնության մոտ իշխանությունների կեղտոտ աղմուկը Եկեղեցու շուրջ առաջացնում է ոչ միայն տարակուսանք կամ մերժում, այլև ներքին ագրեսիա, ինչը վկայում է, որ ձևավորվում է գործուն «լուրջ» դիմադրություն այն մարդկանց շրջանում, որոնք հեռու են քաղաքականությունից։
4. Իշխանությունների գործողություններն այլևս փաստացի չեն քանդում Եկեղեցին (ինչը սկզբից իսկ անհնար էր), այլ հակառակը՝ համախմբում են նրա շուրջ նույնիսկ հասարակության անտարբեր, իներտ հատվածը։
5. Իշխանությունների քայլերը հիշեցնում են սեղմվող զսպանակ․ որքան ուժեղ են սեղմում Եկեղեցին, այնքան ուժեղ է դառնում հակադարձ ուժը։
6. Երկրում արդեն գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանում գեներացվող  հակաեկեղեցական արշավը սկսվել է թուրքա-ադրբեջանական տանդեմի թելադրանքով։ Դա այդպես է, թե ոչ՝ իրականում արդեն նշանակություն չունի․ այդ համոզմունքը գերակշռում է հասարակության ճնշող մեծամասնության շրջանում։ 
Շատ հետաքրքիր է՝ արդյոք իշխանությունը գոնե հասկանո՞ւմ է, որ արդեն պարտվել է, և գիտակցո՞ւմ է, թե ուր է իրեն հասցրել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների սպասարկման «թավշիստների» ջանքերը։
Կարծում եմ, որ ոչ՝ առայժմ չի հասկանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image