Ինչ է քննարկել Փաշինյանը՝ պատգամավորների հետ. մանրամասներ

Ինչ է քննարկել Փաշինյանը՝ պատգամավորների հետ. մանրամասներ

Տեւական դադարից հետո այսօր Ազգային ժողովում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները: Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ: Փաշինյանի հետ խորհրդարան են գնացել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Քննարկման հիմնական եւ միակ թեման եղել են ՏԻՄ ընտրությունները:

Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել դժգոհությունը իրենց թեկնածուների պարտության հարցով, սակայն ինչպես մեր աղբյուրն ասաց՝ խոսել է չափավոր, մի հոգու վրա մեղքը չի բարդել, թեեւ գտնվել են պատգամավորներ, որոնք հարցերով փորձել են «բոչկա» գլորել Գորիսի եւ Գյումրիի պատասխանատուներ Արմեն Խաչատրյանի եւ Արսեն Թորոսյանի վրա, ի դեպ վերջինս ներկա չի եղել նիստին, իսկ Արմեն Խաչատրյանն էլ ասել է, որ պատրաստ է վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում մանրակրկիտ ներկայացնել պարտության պատճառները:

Փաշինյանը հորդորել է ավելի շատ կենտրոնանալ առաջիկա ընտրությունների վրա, ասել է՝ ոչինչ չեն խնայելու, թեկնածուներն էլ ավելի բծախնդրորեն են ընտրելու, բայց պատգամավորներն իրենք էլ պետք է ակտիվ աշխատեն, կապի մեջ լինեն վարչության հետ, որտեղից կստանան հստակ հրահանգներ: Հատուկ ընդգծել է, որ ինքը չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին: